Այս էջը հաստատված է

հյուծված էր, իսկ Ներսես հեռվեն բնավ չէր կարող ազդել ժողովրդին վրա, քանի որ նույնիսկ կաթողիկոսական հեղինակությունն ալ կորսված էր մասամբ: Իրաց այս վիճակին մեջ պետք է հավատալ, որ, բացի Ներսեսին այս տեսակ սլատասխանատու գործի մը ղեկավարությունը Անաստասին չվստահելեն, նաև նյութական առատ աղբյուր ալ չէր կարող ունենալ։

Արդ, եկեղեցվո հիմնարկության թվական ընդունելով 643-644-են մինչև Ներսեսի հեռանալու 652 թվականի վերջը, մոտավորապես ինը տարի ժամանակամիջոց մը կմնա, որ հազիվ թե բավական կլիներ այդքան փափկաճաշակ և ճոխ զարդարանքներով բեռնավորված, նամանավանդ սովորական շինություններե բոլորովին տարբեր, տարողությանց նրբին հաշիվներով ձևակերպված պատասխանատու շենքի մը համար, ինկատի ունենալով նաև այն ժամանակվան շինարարական գործավարությանց արվեստական միջոցներու նախնականությունն ու դժվարությունները։

Սամուել Անեցու վկայութենեն որոշ կերպով կտեսնենք, որ Զվարթնոցի նմանությամբ Գագիկ Ա. Անիի մեջ շինել տված եկեղեցին, թեև նույն չափ, այնուամենայնիվ շատ հեռու անոր ճոխութենեն և արտակարգ վայելչություններեն, դարձյալ տևեր է հինգ տարի (ՋՂԵ). «Սուրբ Գրիգորն գերահռչակ՝ զոր նախ սկիզբն առնու ի շինել թագաւորն Գագիկ ի յԱնի, ի վերայ Ծաղկոցաձորոյն վայրօք՝ գաղափար առեալ զլուսազարդ զհրաշալի սուրբ Գրիգորն զշինեալն ի Ներսիսէ հայրապետէ. և կատարեաց զաստուածակերտ փարախն բանաւոր հօտին Քրիստոսի ի Ռ. ամի մարմնանալոյ տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի»[1]։ Նույնիսկ չուներ հարակից շենքեր և ուրիշ բազմատեսակ հարամասունքներ, ինչպես՝ պարիսպներ, ջրի ճանապարհներ, հնձաններ, այգիներ ևն ևն։ Ամենայն հավանականությամբ, բացի արվեստագիտական որոշ թերություններե, նաև այն հապճեպ շինության պատճառով էր, որ եկեղեցին հազիվ 10-11 տարի դիմանալեն հետո, վտանգվելով՝ անմիջապես ներքին մեծ մույթեր և շրջակամարներ շիներ են ՆԿԲ թվականին՝ ըստ սեղանի հարավային կողմին մույթին վրա գրված թերատ մի արձանագրության։ Եթե, ըստ ոմանց, ենթադրենք, որ Զվարթնոց տաճարի շենքը ավելի ուշ ժամանակ սկսված է, քան 647-48 թվականները, շատ մեծ հակասության մեջ կձգենք ինքզինքնիս։

Բացի վերև հիշված պատճառներեն, այսինքն Ներսեսի բացակայության շենքին կանոնավոր և նպատակահարմար ղեկավարության անկարելիությունը, մինչև Ներսեսի մահը եղած ժամանակամիջոցը բնավ բավական չէր այդքան ընդարձակ և հոյակապ գործը վերջացնելու, որովհետև 648-են մինչև Ներսեսի մահվան 660 թվականը կա 12 տարի ժամանակամիջոց. այս ժամանակամիջոցեն զեղչելով Ներսեսի բացակայության 6 տարին, կմնա մաքուր միայն 6 տարի, որ անկարելի է Զվարթնոցի նման շենք մը իր բոլոր հարակից մասերով ամբողջացնելու։ Այստեղ ստիպված եմ կրկնել, որ Ներսեսի բացակայության ժամանակ Անաստաս Ակոռեցիի՝ տաճարի գործին ղեկավարություն միանգամայն անընդունելի է։ Ուստի պետք է իսկապես հիմնվենք Սեբեոսի և Հովհաննես կաթողիկոսի տեղեկություններուն վրա և ընդունենք, որ եկեղեցին հիմնարկված էր 644 թվականեն ոչ ուշ և վերջացած էր 652 թվականի վերջերին՝ 8 տարի ժամանակամիջոցի մը մեջ։

Ժամանակագրական այս տեսությամբ որոշ չափով ճշմարտության կփոխվի Մովսես Կաղանկատուացու մի առասպելանման տեղեկությունը, թե Ներսես Կոստանդին կայսեր հրավիրեց նվիրման կամ օծման հանդեսին, որն որ վերին աստիճան հավանելով շենքին, շինողներուն հրամայեց իրենց հետ Պոլիս գնալ, որպեսզի իր պալատին մեջ ալ շինեն մի նույնանման եկեղեցի։ (Մով. Կաղ., էջ 255)։

Ճիշտ է, որ առաջին հայացքով մեծ հակասություն է Ներսեսի հրավիրանոք Կոստանդին կայսեր Հայաստան գալը՝ եկեղեցու օծման հանդեսին ներկա գտնվելու համար, եթե պահ մը ընդունենք, որ Ներսես Տայքեն վերադառնալեն հետո ավարտեց եկեղեցվո շինությունը 659 թվականեն հետո:

Ուրեմն, պետք էր, որ կայսրը 652 թվականին այցելութենեն զատ, երկրորդ անգամ այցելած լիներ Հայաստան, որ բնավ տեղի չի ունեցեր։ Որովհետև, եթե պատահած լիներ այդպիսի պատմական մի խոշոր դեպք, անպայման մեր պատմագիրներեն մեկն ու մեկը հիշատակած պիտի լիներ, բացի այդ, նույն թվականներուն բյուզանդական արքունիքը վերին աստիճան տագնապալի դրության մեջ էր թե ներքին խառնակություններու և թե արտաքին սպառնացող մեծ վտանգի պատճառով։ Բայց պահ մը ենթադրենք, որ Կոստանդին առանց քաղաքական խոշոր պատճառի Հայաստան եկավ, այն ժամանակ այդ գալուստը կլիներ ոչ թե Ներսեսի շինած եկեղեցին շնորհավորելու համար, այլ, ընդհակառակը, Ներսեսին և իր ժողովուրդին խստիվ պատժելու համար։

Որովհետև Ներսես Տայքեն վերադառնալեն հետո էր, որ նախարարներու հետ համաձայնելով՝ Հայաստանը բյուզանդական կայսրության հպատակութենե հանելով՝ արաբացոց իշխանության տակ դրավ։ Տաճարի հիմնարկության և վերջավորության մասին եղած սխալ ժամանակագրության հետևանքով է, որ Մովսեսի այս տեղեկությունը փոքր ինչ առասպելական երևույթ ունի։ Եթե Սեբեոսի տեղեկության վրա հիմնվելով՝ Զվարթնոցի սկզբնավորության ժամանակը ճանչնանք 644 թվականը, ինչպես վերև հիշատակեցինք, մինչև կայսեր Հայաստան գալու 652 թվականը եկեղեցին ավարտված կլիներ ութ տարվան շրջանին մեջ։ Այս մասին Հովհաննես կաթողիկոսի խոսքը շատ պարզ է՝ «Ներսէս, վերադարձեն հետո,— պարապ անձին գտեալ, զարտաքոյս հրաշակերտ եկեղեցւոյն զոր իւր իսկ էր շինեալ պատուար պարսպով փակեալ ամրացուցանէր»։ Պատմագրի հատկապես այս շեշտված խոսքը ցույց կուտա, որ եկեղեցին ավարտված էր նախքան Ներսեսի մեկնելը։ Ուստի, իրաց այս վիճակին մեջ բնավ հակասական բան չկա Ներսեսին կայսրը եկեղեցվո օծման հրավիրած լինելու տեղեկության մեջ։

  1. Սամուէլի քահանայի Անեցւոյ Հաւաքմունք ի գրոց պատմագրաց, Վաղարշապատ, 1893 թ., էջ 104: