Այս էջը հաստատված է

Մովսես Կաղանկատուացին հատկապես չէ գրած, որ կայսրը Պոլսեն հրավիրվեցավ, այլ խոսքը պարզ հրավերի մը վրա է, որ անշուշտ տեղի ունեցավ Դվինեն դեպի Վաղարշապատի առապարը: Եթե ճիշտ էր, որ «Ներսէս հայրագիր էր նորին Կոստանդնի և գանձիւք նորա շինեաց զբազմապայծառ փարախն բանաւոր հօտին» (էջ 254), այն ժամանակ թե՛ կայսրը ինքնին պիտի հետաքրքրվեր այնչափ մեծ հռչակ հանած եկեղեցին տեսնելու և թե՛ Ներսեսին ալ պարտքն էր հրավիրել: Նույնիսկ Կոստանդնի ծախքով շինված լինելն ալ առասպել չի կարելի նկատել, երբ ինկատի ունենանք Ներսեսի կաթողիկոսության գահ նստած օրեն հայ ժողովրդի տնտեսական տխուր վիճակը։ Ներսես քաղաքական և տնտեսական այդ դաժան պայմաններուն մեջ դժվար թե կարողանար սեփական ժողովրդի միջոցներով այդքան մեծ եկեղեցի մը շինել, եթե թագավորական աջակցությունը որոշ չափով չվայելեր։ Եվ եթե ընդունենք, որ իսկապես Ներսես հայրագիր էր կայսեր, այնուհետև երբեք զարմանալի չի լինիր, որ կայսրը տար նաև եկեղեցվո բոլոր շինության ծախքը՝ Հայաստանի միանգամայն նյութապես և տնտեսապես քայքայված ժամանակ։ Այս եկեղեցիի համար եղած ամբողջ ծախքը, կարծեմ, աննշան չափով իսկ չէր կարող ծանրություն լինել բնուզանդական կայսրության գանձարանին վրա։

Համենայն դեպս Մովսես Կաղանկատուացու տեղեկությունը, որ անշուշտ հիմնված է մեզ անծանոթ ժամանակակից մի ուրիշ աղբյուրի վրա, կարող է միանգամայն ճիշտ լինել, և մենք կարող ենք հավատալ, որ կայսրը եկեղեցին տեսավ ամբողջացած 652 թվականին իր Հայաստան այցելության ժամանակ, նա հիացավ ու վարպետներուն ալ տարավ միասին, ինչպես և Ներսեսին։

Ուրեմն, այս տեսությամբ կարող ենք վճռական կերպով ըսել, որ Զվարթնոց եկեղեցին հիմնարկված էր 644 թվականին և վերջացած 652 թվականին։ Թերի կմնային շրջակա շինություններու մասեր, որոնք շարունակվեցան թե Ներսեսի բացակայության ժամանակ և թե Ներսեսի վերադարձեն հետո, միննչև մահը։

Թե ինչ մասեր էին Ներսեսի բացակայության կամ վերադարձեն հետո շինվածները, այդ ալ պարզ է թե Հովհ. կաթողիղոսի տեղեկութենեն և թե հետզհետե պիտի պարզենք իր կարգին, երբ կխոսենք շինարարական ճյուղին վրա՝ պարզելով յուրաքանչյուր շինված մասի առանձին ժամանակը, արվեստի տված ապացույցներու վրա հիմնված։


ԳԼՈՒԽ Զ
ԶՎԱՐԹՆՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՔԱՐԵՐԻ ՆՇԱՆՆԵՐԸ[1]

Զվարթնոցի քարերի վրա նկատված են մի քանի նշաններ, որոնք ոչ մասնագետ շրջաններում երկար ժամանակ զանազան թյուր մեկնաբանությունների տեղիք են տվել։

Հարկ ենք համարում մի քանի բացատրություն տալ վերոհիշյալ նշանների մասին։

Այս հոդվածովս ես չեմ խոսելու այն բոլեր պատմական և գեղարվեստական խեղաթյուրումների մասին, որոնք լայն ծավալ են ստացել և շատերն էլ համոզվել են իբրև ճշմարտություն, այդ ամենը պետք է որ ուղղվեն և ճշտվեն, քանի որ այդ ըստ քմաց մեկնված՝ քարերի վրա խազված նշաններն ունին իրենց հետաքրքրական պատմությունը և գիտականորեն պարզված նշանակությունները:

Այդ նշանների իմաստի և գոյության պատճառների վրա շատ վաղ ժամանակ ուշադրություն են դարձրել ևրոպական հայտնի գիտնականներ՝ Հայաստանից դուրս ուրիշ արևելյան երկրների մեջ՝ ինչպես Պարսկաստան, Միջագետք և մասնավորապես բոլոր բյուզանդական երկրների մեջ։

Հայաստանի մեջ ևս միայն Զվարթնոցը չէ, որի քարերի վրա այդ նշանները կան, այլ 7-15-րդ դարերում կանգնված շենքերի մեջ հաճախ տեսնում ենք այդ նշանները զանազան ձևերով և դարաշրջաններին հատուկ փոփոխություններով։

Հին շենքերի վրա այս նշաններին ուշադրություն դարձնողներից ինձ հայտնի են Վոգյուե և Մ. Դիեոլաֆուա. առաջինը՝ ամբողջ Սիրիան ճանապարհորդելով՝ իր գրած երկհատոր մեծ աշխատությամբ, իսկ երկրորդը՝ շրջելով ամբողջ Պարսկաստանը՝ իր գրած հինգ հատոր հոյակապ աշխատությամբ։ Ըստ այդ գիտնականների, իրենք առաջինը չեն այս նշանների վրա ուշադրություն դարձնողը, իրենց տված նմուշներից զատ, կան ուրիշ բազմաթիվ նշաններ արևելյան երկրների կանգուն կամ կիսականգուն հին հուշարձանների քարերի վրա և տալիս են հետևյալ բացատրությունը։

Ի հնումն, շենքի ճարտարապետները քարտաշների վերաբերյալ գործերը զանազան մասերի բաժանելով, յուրաքանչյուր մասը հանձնում էին առանձին կարող վարպետների, որոնց պարտականությունն էր թե նույն մասի պատը շինել և թե քարերը տաշելով՝ տեղը շարել։ Այս միջոցին յուրաքանչյուր վարպետ իր շինած պատին վրա տաշած քարերի նշանները փորագրելուց հետո շարում էր պատին մեջ։ Գործը ամբողջացնելուց հետո, չափում էին յուրաքանչյուր հանձնառու վարպետի շինած պատերը, հաշվում էին անոնց նշաններով տաշված քարերը և ըստ այնմ տալիս էին ընդհանուր աշխատավարձը։

Վոգյուե, իր աշխատության մեջ ցույց տալով սիրիական երկրներում սովորական եղող քարտաշ և որմնադիր վարպետների նշանները՝ գրում է, թե՝ «Բազմաթիվ քարերի վրա փորագրված են տառեր, որոնք անպայման բանվորների նշաններն են, ինչպես կտեսնվեն այդ օրինակները միջին դարու հուշարձանների մեծ մասին վրա։ Այդ նշանները փոխառնված են երեք զանազան այբուբեններից՝ հունարենից, նաբաղերենից

  1. Արտատպում ենք Գիտության և Արվեստի Ինստիտուտի № 2 Տեղեկագրից (էջ 3-7), առանց պարսկական և ասորական շենքերի նշանները զետեղելու: ԿԱԶՄՈՂ