Այս էջը հաստատված է
[ԳԱԳԻԿԻ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱԿԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ[1]]

Ընդհանուր կազմությունը՝ Զվարթնոցին բոլորովին գրեթե նման ըլլալուն, հարկ չտեսա կրկին նկարագրել այն ամեն բաները, ինչ որ նկարագրած եմ նախորդ տարիներ անոր մասին. ուստի ես այստեղ կջանամ բացատրել այն ամենը, ինչ որ անոր մեջ չեն գրված կամ ս. Գրիգորի մեջ տարբեր կազմություն և դիրք ունեցած են։

Հատակագիծը տեղվույն վրա արդեն անաղարտ մնացած է, և ես կետ առ կետ ընդօրինակած եմ, ջանալով պահել կատարյալ ճշտություն։

Բարձրություններու մասին գալով, առաջին մասը մինչև շուրջանակի nef-ին կամարին գագաթը անվիճելի է, որչափ որ գոյություն ունի մինչև այժմ տաճարին արևելյան կողմի վերջը շինված մեծ սյունը. փլվածքին ձևն ալ ցույց կուտա, որ հասած է մինչև կամարին տակ և կպած արևմտյան կողմին, ընդունելով անոր կոր ձևը։ Ինչ կվերաբերի խաչաձև սյունազարդի սյուներու բարձրության, հարավ-արևմտյան մեծ մայր սյունին վրա տակավին կմնա մոտակա կլոր սյունը, իր վրա միացնող կամարին մասը՝ տակի corniche-ով միասին։ Արդ՝ քանի որ ճշտված էր սյունաշարի բարձրությունը և առաջին հարկի կամարին բարձրությունը, կմնար դասավորել այդ բարձրության մեջ արտաքին պատի ներքին երեսի վրա գտնվող սյուներու և պատուհաններու բարձրությունը։ Բնական էր, որ իրենց աղեղաձև corniche-ներով ավելի ցած պիտի ըլլային, քան նեֆին կամարին centre-ը, ինչպես Բանայի տաճարում, ուր որմնասյուներու կիսաբոլոր corniche-ները կսկսեն nef-ին կամարին արտաքին վերջավորության անմիջապես կից։ Ես ալ հետևեցա այս օրինակին, մի քիչ ավելի ցած թողելով, հաշվելով դրսեն և ներսեն համաչափ բարձրություն, դրսի պատուհաններուն կիսաբոլորակ գագաթները զուգահեռական ներքին և արտաքին սյունազարդերը միացնող կամարներուն՝ ինչ որ անվրեպ օրենք է, և այդպես ալ գտած եմ Զվարթնոցի մեջ: Այժմ կմնար գիտնալ, թե որչափ կրնար ըլլալ պատուհաններուն[2] բարձրությունը վերեն վար։ Ատոր համար ալ գործնական ոչ մի ապացույց չունենալով՝ հետևեցա անեցիներու ճաշակին և Անիի ժամանակակից պատուհաններու ամենեն երկայն չափին, որ կերևա այժմ արտաքին երեսին վրա։ Կմնար կազմել nef-ին կամարին

  1. Այս հոդվածը մի նամակ է, ուղղված պրոֆ. Ն. Մառին: Նամակի հետ հեղինակը Մառին ներկայացրել է նաև 6 գծագիր, որոնք, նամակի սկզբի մասին համաձայն՝ եղել են հետևյալները՝ 1. տաճարի վերակազմության ճակատը (նկ. 181), 2. տաճարի հյուսիսից հարավ կտրվածքը, 3. արտաքին պատի արևմտյան կողմի մանրամասնությունները, 4. տաճարի սկզբնական հատակագիծը, 5. տաճարի հատակագիծը՝ փոփոխություններ կրելուց հետո, 6. դետալներ: Մենք, այդ նկարները վերականգնելու հնարավորությունը չունենալու պատճառով, նրանց փոխարեն նորերը չդրինք՝ սխալներից ազատ մնալու նկատառումով: Նամակը տպագրում ենք հեղինակի մոտ մնացած սևագիր օրինակից: ԿԱԶՄՈՂ
  2. Առայժմ դեռ կանգուն մնացած արտաքին բոլորակ պատին ամենեն բարձր մասին վրա իսկ պատուհանի հետք չկա, հետևաբար, պետք է որ այս բարձրութենեն վերև գտնվեին պատուհանները, միևնույն ատեն ավելի ցած, քան արտաքին պատի և ներքին խաչաձևի մեջտեղ եղող բոլորակի վրան ծածկող շուրջանակի կամարի հանգիստը։