Այս էջը հաստատված է

ներսի կողմեն հանգիստ, որ միևնույն ժամանակ խարիսխն է (socle) երկրորդ հարկին ներքին պատին, որուն շարունակությունն է միջին գմբեթն արտաքուստ։ Այս կազմության համար ալ անվրեպ ապացույցներ չէին պակասեր, ինչպես Զվարթնոցի մեջ, նույնպես ալ այստեղ։ Բեկորներու լուսանկարներու պարզ բաղդատություն մը բավական կբացատրե իմ վերակազմության ճշտությունը։ Զվարթնոցեն հայտնի է, որ մեծ սյուներուն ետևները գտնվող բոլորակ սյուներեն մինչև խաչաձև սյունազարդերու մեջտեղի երկու սյուները միացնող փոքր կամարներու վրա նետված էին հաջորդաբար մեծ կամարներ՝ արտաքին պատեն զուգահեռական կլորությամբ, որոնց միջոցավ կազմված էր վերնահարկին խարիսխի և բոլորակ nef-ին կամարին հանգիստը։ Կամարների մեկ ծայրը հանգչած է մեծ սյուներու ետևը գտնվող բոլորակ սյունին եռանկյունաձև մեծ խոյակին վրա, իսկ մյուս ծայրը կերթա խաչաձևի կիսաբոլորակի մեջտեղ երկու սյուները միացնող կամարին վրա, անկեց հետո կսկսի nef-ը ծածկող կամարը և կամարեն անմիջապես հետո ներքին բոլորակին խարիսխը, որ շարունակված է մինչև միջին գմբեթի վերջը։ Կոր կամարին ամենաբարձր կետը, որուն տակուն դրված էին շեղակի հակված եռանկյունաձև առագաստները, սուր ծայրերը հասած էին մեծ և փոքր սյուներեն կազմված անկյուններուն վրա՝ փոքր կամարներեն քիչ բարձր։ Այս առագաստները կազմված էին երկու մասերե՝ ինչպես կտեսնենք վերակազմության մեջ։ Վերի մասը, որ կցված էր կոր կամարին շրթունքին, պարզ սրբատաշ քարերով, որոնցից մեկ հատը գրեթե մասամբ անաղարտ կմնա տեղին վրա, սեղանին հարավային կողմի մեծ սյունին ետև nef-ին անկյունին մեջ։ Միևնույն տեղեն գտնվեցան ստորին մասի բեկորներն ալ, ինչպես ուրիշ շատ տեղեր, որոնք վերի մասի պես պարզ չէին, այլ քանդակված երկար խողովակաձև փոսերով հողմահարի նման։

Մեծ սյուներու մեջ եղած պարապությունները կամ բաժանումը այստեղ ալ նման է Զվարթնոցին, շատ թեթև տարբերությամբ, ասոր մեջ չերևիր այն միջին բաժանումը, ինչ որ կա Զվարթնոցի մեջ: Իր անկյուններն ալ փոխանակ Զվարթնոցի նման սուր վերջանալու՝ անկյունավորված են: Այս մասն ալ կարելի է բաղդատել Անիի մի բեկորի հետ, որուն վրա բավական ճշտիվ արտահայտված է անկյունը, արտաքին մեծ բոլորակին կտորը, որուն շարունակությունն է միջնագմբեթը: Այս մասը Բանայի մեջ շատ կտարբերի Զվարթնոցեն և ս. Գրիգորեն. և այս տարբերությունը առաջ եկած է գլխավորապես հատակագծի մեջ եղած տարբերութենեն, թեև միջավայրն ու ճաշակն ալ կարող էին ազդեցություն ունենալ: Անիի մեջ անխնա արտաքսած են, բացի ընդհանուր հատակագծեն, այն ամեն մանրամասնությունները, որոնք անեցիներուն ճաշակին հակառակ էին: Բաղդատության համար՝ գծեցի մի հատակագիծ Բանայի եկեղեցիին, թեև չափերը