Այս էջը հաստատված է

այժմ կգտնվին ս. Սարգսի դռան գավթի մոտի բարձրության վրա, ճիշտ միևնույն moulure-ներով, միայն վերնամասը առանց քանդակի և նեղ, քան վարի կամարներուն այդ մասը. միանման դրի այս հարկին ալ corniche-ը, որովհետև թեև չափը տարբեր corniche չեմ գտեր, բայց քանդակներով տարբերողներ կան։

Վերնագմբեթի մասին արդեն գրեցի վերևը, որու առթիվ կավելցնեմ, թե անոր վրա գտնված սլատուհաններն ալ երկայն և վերը կիսաբոլորակ եղած է և նմուշը կմնա բեկորին վրա խնամքով ծածկված, որովհետև արդեն փրթելու վրա է։

Կմնա բացատրել վտանգվելեն հետո եղած հավելումները և շրջակամարը:

Ինչպես կերևի, շինության հանդուգն եղանակեն և տարողության հաշիվներու թերութենեն՝ շինությունը վտանգվեր է և ճեղքվածքներ առաջ եկեր են։ Զվարթնոցի ճարտարապետը, որպես գիտակ յուր արտաքո կարգի հանդուգն ծրագրին, վերնագմբեթը և անոր պատին ներքին մասերը պեմզա քարով շիներ էր։ Անեցիք այդ կանխամտածությունը չունենալով, չարաչար վտանգեր են տաճարը և փութացեր են շուտով վտանգին առջևն առնել, հինգ զանազան տեղեր, գլխավորապես ներքին խաչաձևի կիսաբոլորակներու մեջտեղերը, որ ամենեն տկար մասերն էին, կանգներ են հաստահեղույս մույթեր, որոնց ծայրերը հասած էին մինչև միջնագմբեթին խարիսխին տակ՝ ծառայելու համար որպես ամուր հենարան։ Այդ մույթերեն երեքը կանգներ են հարավ-արևմտյան կողմին վրա, ուր ամենեն շատ սպառնալից էր վտանգը և, վերջապես, այդ կողմին վրա ալ փլած էր շենքը, մեծ մայր սյուներուն ետևը գտնվող կոր կամարակիր փոքր սյունն ալ հյուսեր են հաստահեղույս մույթին մեջ և երկու կողմին վրա՝ կրկնակի կամարներով ամրացուցեր են դարձյալ նախկին կամարներու տակեն։

Բեկորները ցույց տվին, որ այս երկրորդ հավելյալ կամարներն ալ թվով երկու հատ են միայն, երկու մասերե բաղկացած էին եռանկյունի ձևով, բայց ոչ քանդակված՝ խողովակաձև ստորին մասին վրա, ինչպես որ եղեր է ի հնումն, այլ պարզ սրբատաշ։ Այս իսկ պատճառավ էր, որ այստեղեն, այսինքն հարավ-արևմտյան կողմեն գտնված հողմահարի ձևով քանդակված առագաստի քարերը շաղախապատ էին, որովհետև հինը առանց քանդելու, վրայեն շիներ էին մյուս նոր կամարները։ Ուրիշ կողմի վրա գտնված առագաստի քարերը մաքուր են, առանց շաղախի հետքերը կրելու։ Այս կամարներեն մեկը, ինձ հայտնի չէ, թե ո՞ր կողմինը, կրկնաշուրթն եղած է, այսինքն երկու աղեղ վրա-վրայի դարձված, մեկը մյուսեն հազիվ 15 սանտիմետր խոր, կիսով չափ կմնա այս բեկորն ալ ընկած արևմտյան կողմը, ներքին մեծ շրջանակի կտորին տակեն, որուն արդեն կպած էր, այս կամարին բեկորի վրա կա իսկական ապացույց, որ մույթերը շարունակված էին մինչև nef-ի (հավելյալ) կամարին տակ. հավելյալ մույթերու մեկուն ծայրը կգտնվի այս բեկորին վրա՝ երկայն, 3 մետրեն ավելի, ծայրը կպած է մեծ մույթի բեկորին վրա, կիսաբոլորակ ձևով ընկած, բայց հայտնի կերևա կիսաբոլորակ մույթին կոտրված մասը, ավելի քան 2 մետր բարձր կամարի բարձրութենեն, որով հայտնի կըլլա, թե նա պետք էր շարունակված ըլլար մինչև վեր, արդեն առանց ատոր ալ, առանց կամարի՝ մույթերը բավական էին մեզ համոզելու, որ եթե անոնք մինչև խարիսխին տակ հասած չըլլային, իրենց նպատակին չպիտի ծառայեին։

Այժմ վճռելի կմնա երկու կարևոր հարց, մեկը աստիճաններեն վեր եկեղեցի մտնելու հարցը, առանց սանդուխի գոյության, իսկ մյուսը, որ ավելի կարևոր է, վերնահարկ բարձրանալու սանդուխին որ կողմեն ըլլալը։ Ինչպես Զվարթնոցում, այնպես ալ այստեղ, անլուծելի հանելուկ մնաց ինծի։ Եկեղեցին մտնելու հարցը կվճռվի, եթե 1892 թվականին պեղված ս. Գրիգոր եկեղեցին մտնելու հարցը վճռվի, որովհետև անոր մուտքն ալ մեկ մետրեն ավելի բարձր է գրեթե, իսկ վերնահարկ բարձրանալու անօրինակ կնճիռը կա նաև այժմ՝ կանգուն Հովվի եկեղեցիին մեջ, որուն ոչ մի հետք չկա սանդուխի, սակայն վերը, հարավային կողմին վրա, շինված է մտից դուռը։ Ես կկարծեմ, որ Բանայի մեջ ճամբա ըլլա սյունամեջերեն, որովհետև այնտեղ սյուներու մեջ եղող բաժանմունքները երկու հարկ են, վրայե վրա, և վարի հարկը շատ ցածեն սկսած է, այնպես որ, նույն համեմատական բարձրութենեն շատ վեր կանգուն են ս. Գրիգորի մեծ մայր սյուները և դարձյալ վրան ամենևին նշույլ չկա սանդուխի կամ դռան:

Պահ մը ենթադրենք, որ սեղանի սյունազարդերու մեջեն կարելի է շինված ըլլա ճամբա մը, ինչպես Մայր եկեղեցվո սեղանը, որուն մեջ գտնվող շուրջանակի խորշերը մասամբ կհիշեցնեն ս. Գրիգորի սյունազարդ սեղանը. Մայր եկեղեցվո այս խորշերեն երկուքին մեջ են վերնահարկ մատուռները բարձրացող սանդուխներուն դռները, բայց ս. Գրիգորի մեջ ամենևին ոչ մի նշմարելի հետք չկա, մինչև իսկ վերջին ժամանակները, երբ շինված էր այստեղ գտնվող անկանոն ձևով մույթը: Ես չհասկցա նաև, թե ինչեն առաջ եկեր է արևելյան սեղանի ետևի մույթին այս անկանոն անկյունավոր ձևը, թեև մեկ կողմանե նկատելի է, որ ետևի փոքր մատուռին մուտքը չխափանելու համար ծռեր են քիչ մը, սակայն առանց ատոր ալ, կարելի էր անխափան թողուլ, ինչպես մյուս կողմեր երևի պատառվածքին ձևը կպահանջեր այդ։

Ալեքսանդրոպոլ, 27 դեկտ. 1906.