Այս էջը հաստատված է

կառուցել է Կոմիտաս կաթողիկոսը 7-րդ դարում, Գայանեն կառուցել է նույն դարուն Եզր կաթողիկոսը։ Այս երկու կաթողիկոսներն ևս քանդել են նախաշեն հին մատուռները և կանգնել են այժմյան հոյակապ շենքերը։

Խոսենք Հռիփսիմեի մասին։

Հռիփսիմեի ներկա շենքը կառուցված է 618 թվականին։ Այս հոյակապ շենքի կառուցումից հետո նրա ճակատագիրը գրեթե անստույգ է երկար դարեր։ Հայտնի երևում է, որ Վաղարշապատի մայր տաճարի նման խնամքից և պաշտպանությունից զուրկ մնալով, նա հետզհետե ավերվել ու քանդվել է մինչև Փիլիպպոս կաթողիկոսը (1633-1655), որը ձեռնարկեց նորոգության (նկ․ նկ․ 83, 199-202)։

Փիլիպպոսի նորոգությունից առաջ Առաքել Դավրիժեցու նկարագրությունը ոչ միայն ցույց է տալիս այդ շենքի երկար դարեր անխնամ մնալը և ավերմունքի ենթարկված լինելը, այլև տալիս է նորոգման մանրամասնությունները հետևյալ կերպով․ «Իբրև կատարեալ աւարտեցան ամենայն շինուածք տաճարին Գայանեայ կուսին, ապա գնացին ի տաճար սրբուհի կուսին Հռիփսիմեայ, եւ ձեռն ի գործ արկեալ սկսան եւ զայն ևս նորոգել։ Վասն զի յարտաքուստ կուսէ եկեղեցւոյն գլուխ կաթուղիկէին, եւ տանիքն բովանդակ ու երեսք որմոցն ու յատակք նորին, իսկ ի ներսի կողմանէ բեմն, եւ սալարկ յատակն, եւ չորից խորանաց մէջն, այս ամենայն զոր յիշեցի, աւերեալ ու քայքայեալ էին․ վասն որոյ բազում ջանիւ և յոքնակի աշխատութեամբ, եւ ի վերայ գագաթան եկեղեցոյն կառուցին․․․» (Առաքել Դաւրիժեցի, գլուխ ԻԵ, էջ 328)։

Առաքել, մի ուրիշ առթիվ, ոչ միայն Հռիփսիմեի, այլև Վաղարշապատիերեք եկեղեցիների համար հետևյալ տխուր նկարագրությունը կուտա․ «Եւ երեքին տաճարքս այսոքիկ, եթէ Գայանեայ եւ եթէ Հռիփսիմեայ, էին աւերեալ, խախտեալ և խարխալեալ եւ անչքացեալ․․․ յԷջմիածին կային միաբանք սակաւք, եւ այնք ևս յոյժ տղէտք եւ գռեհիկք։ Իսկ Գայիանեայ եւ Հռիփսիմեայ ամենևին անբնակ եւ անպարիսպ, նա եւ դրունք ևս ոչ գոյին եկեղեցեացն եւ խորանացն, եւ յարտաքուստ կողմանէ տանիսն բովանդակ եւ երեսք որմոցն քանդեալ, եւ հիմունքն խարխալեալ եւ խրամատեալ․ եւ ի ներսի կողմանէ բեմն եւ յատակ եկեղեցւոյն քանդքանդեալ եւ բովանդակ եկեղեցին և խորանքն աղբովք անասնոց լցեալ, վասն զի յաւուրս ամաբայնոյ եւ ձմերայնոյ անասունք, որպէս եզինք եւ ոչխարք մակաղէին ի մէջ եկեղեցեացն» (Առաքել Դաւրիժեցի, էջ 180, Վաղարշապատ, 1896 թ․)։

Շինության և նորոգումների թվականների համեմատությունները ցույց են տալիս, որ Էջմիածնի տաճարին նման մի ճակատագիր ունեցել է նաև ս․ Հռիփսիմեն։ Մոտավորապես 12 դար անտերության մատնվել և լիակատար քայքայման դրության է հասել մինչև Փիլիպպոսի ձեռնարկած վերանորոգությունը, որուն մեջ թաղված է նաև ինքը։

Վերին աստիճան հետաքրքրական և ուշագրավ է շենքը թե՛ ներքին և թե՛ արտաքին երեւույթների տեսակետով։ Թեև բոլորովին անզարդ, սակայն ուղղահայաց, հորիզոնական և կոր գծերի այնքան ներդաշնակություն կա, որ մարդ երկար մնում է իբրև դիտող այս շենքի հանդեպ, իսկ ներքին կողմը ամենից հիանալին է անձամբ արձագանքը․ ամենացած ձայնով խոսակցությունն անգամ մեծ արձագանք է տալիս, հետևաբար, այնտեղի երգեցողությունը, բնականաբար, ավելի մեծ ներդաշնակությամբ պիտի հնչեր հանդիսականի ականջին։ Ճարտարապետական արժանիքի մասին ես չեմ խոսում այստեղ, յուրաքանչյուր մարդ կարող է անձամբ