Այս էջը հաստատված է

քիչ էլ եղծված, որ ներքևեն կարդալ անկարելի է։ Չորս կողմից պատերը միանգամայն անվնաս են։

9. Լմպատա սուրբ Ստեփաննոս

Արթիկ գյուղի մոտ, մեկ ու կես կիլոմետր հարավ-արևմուտք, կգտնվի 7-րդ դարու, մի ուրիշ շենք՝ Լմպատա ս. Ստեփաննոս անունով, որը բոլորովին անվնաս մնացած է մինչև այսօր։ Այս շենքը շինողի անունը ևս հայտնի չէ, սակայն ունի իր վրա բազմաթիվ արձանագրություններ՝ նվիրատվության և օրենսդրության վերաբերյալ։ Արևելյան կողմը միաբանաց գերեզմանատուն է, իսկ մի քիչ հեռավոր շրջակայքում հաճախ գտնվում են նախաքրիստոնեական հնություններ, պատերի մնացորդներ, գերեզմաններ (նկ. նկ. 81, 82)։


10. Մրեն

Հայաստանի հին ճարտարապետությանը մեծ պատիվ բերող շենքերեն մեկն է 7-րդ դարում կանգնված Մրենի կաթուղիկեն, որը գրեթե մինչև մեր օրերը կանգուն է աննշան վնասվածքներով։ Եթե հնագիտական լուրջ հոգատարություն լինի, հեշտությամբ դարմանելի վնասվածքներ են, և այն ժամանակ այս շենքը դեռ մի քանի դար ևս կապրի։

Ըստ պատմական տեղեկությունների, Մրենը շատ հին ժամանակ շեն և բավականին մեծ քաղաք էր։ Ափսոս, որ նախաքրիստոնեական շրջանին նրա գոյության տեսակետով չենք քննած, այնուամենայնիվ վերջերս լեզվաբան Ղափանցյանն ասում էր, որ Մրեն՝ ուրարտական բարբառով բերդ կամ ամրոց է նշանակում։ Այս հավանական է, ի նկատի ունենալով Մրենի դիրքը և խոր ձորերով ու ժայռոտ դարևանդներով շրջապատված լինելը։ Ինչ էլ որ լինի Մրենի նախաքրիստոնեական վիճակը, 451 թվականին, Ավարայրի մեծ պատերազմի ժամանակ, հիշվում է Մրենի, իբրև կարևոր քաղաքի, գոյությունը։

Մրենը մի անգամ տեսնել շատ քիչ է. երկար օրեր և շաբաթներ են հարկավոր լիակատար ուսումնասիրության համար, բայց դժբախտաբար ես չունեցա այդ հնարավորությունը։ Միայն մի օր հազիվ հնարավոր եղավ Մրենն անցնելու և կանգուն տաճարն ուսումնասիրելու, իսկ ընդհանուր քաղաքատեղին կամ Մրենի հատուկ շուրջանակի վայրերն իսկապես ավերակների խիտ տարածություն է ամեն կողմ, բացի այգեստաններից, որոնց սահմաններն են միայն երևում, միանգամայն խոպանացած են մշակութենե և պտղաբերութենե:

Մրենը խիստ մոտ է Բագարանին և հտմարյա Ախուրյան ետի եզերքին է, միայն թէ մինչև քաղաքատեղը բարձրանալու համար գետեզերքից պետք է զառիվեր բարձրանալ և մտնել քաղաքատեղին, որ ընդարձակ մեծ տարածություն է բռնում։ Լանջը բարձրանալով, քաղաքատեղը մտնելուց անմիջապես, այդ ընդհանուր ամայության և ավերակների մեջ երևում է կանգուն վիթխարի միակ շենքը, այսինքն՝ Մրենի հոյակապ տաճարը, որ գրեթե մեր բոլոր պատմագիրներեն գովված է. միայն մի շփոթություն տեղի ունի պատմագիրների տված տեղեկության և ներկա ուսումնասիրված Մրենի միակ կանգուն շենքի մեջ։

Առհասարակ մատենագիրները տեղեկություն են տալիս, որ Դավիթ Սահառունին Մրենի մեջ կանգնեց մի շքեղ եկեղեցի։ Ներկայիս, պատմագիրների այդ տեղեկությունները վերագրվում են այժմ Մրենի մեջ կանգուն երևցող մեծ տաճարին՝ առանց որևէ վարանումի։ Սակայն վերջերս այդ համոզումը կասկածելի դարձավ շենքի վրա շինության արձանագրության մասնակի վերծանումով, որ տեղի բարձրության և մասամբ քարերի մաշվածության պատճառով չէր կարդացվում։ Վերջերս, շնորհիվ լավ լուսանկարի, լուսանկարին վրա հնարավոր եղավ կարդալ մի քանի անուններ, որով հավանականագույն դարձավ, թե այս եկեղեցին ոչ թե Դավիթ Սահառունիին շինածն է, այլ Կամսարական շինարար տոհմի շառավիղներից մեկն է շինած։ Արձանագրության մեջ հիշված Հերակլ կայսեր և Շիրակա ու Արշարունյաց տեր Ներսեհի անունների գոյութենեն ժամանակը միանգամայն։ փոխվում է և չի համապատասխանում Դավիթ Սահառունիի ժամանակին։ Բայց մի բան շատ տարօրինակ է, որ այս եկեղեցիի մասին, իբրև Կամսարականների շինություն, ոչինչ չեն հիշում հայ պատմագիրները, իսկ Դավիթ Սահառունիի կանգնած շենքի մասին, որ այնչափ գովեստով են խոսում, ոչինչ գոյություն չունի տեղին