Այս էջը հաստատված է

տնտեսական այլ և այլ աննպաստ պատահարներ անհետացուցած են վերջին զարգացման ապացույցներ Արշարունիքի և Երասխաձորի մեջեն։ Այս ենթադրությունը հավանական էր այն ատեն, երբ հին և նոր հիշատակարաններ հավասարապես ենթարկվեին նույն պատահարներուն, և բնավ չտեսնվեին 11-րդ դարեն սկսած մինչև հեթանոսական շրջանի կանգուն կամ կիսականգուն հիշատակարաններ, բնականաբար ավերիչ արկածներ չէին կարող զանազանություն դնել դարաշրջաններու, հավասարապես պիտի քանդեին և կամ պիտի պահեին ։

Շիրակեն մինչև Երասխաձոր, իբրև բացառություն, 13-րդ դարու հայ ճարտարապետության կատարելագործված արվեստի մի նմուշ պահած է Մրենը։

Մրենի մեջ, բացի քանի մը խաչարձաններե, Սահմադինի պալատին դուռն է, որ կանգուն կա վերջին վերածնության ոճով և բավականին ճարտարորեն և ճաշակավոր շինված։ Բայց, իմ կարծիքով, Սահմադինն ալ Շիրակի տեր կամ իշխող՝ միակն է, որ բացառաբար անցնելով սահմանը, Մրենի մեջ բնակություն հաստատեր է։

Հայտնի է, որ Մրենը, սկսած Բագրատունի թագավորներու շրջանեն, նույնպես նաև Սահմադինի օրով, Շիրակի այգեստանն ու մրգաստանը եղած էր, բայց ոչ երբեք քաղաք կամ քաղաքավան, որովհետև այն ընդարձակածավալ դաշտի վրա այգիներու և պարտեզներու սահմաններն են, որ պարզ կորոշվին, քաղաքի հատուկ խիտ բնակությանց հետքեր ամենևին չկան։

Թեև այցելուն հաճախ կհանդիպի մեծամեծ շինությանց հետքերու և որոշ կտեսնե անոնց ներքին բոլոր բաժանմունքները, սակայն անոնց ամենն ալ իրարմե բավական հեռու, այգիի մը, պարտեզի մը շրջափակին մեջտեղը կամ մեկ կողմի շինված են, հավանորեն սեփականատերերը տարվան որոշ եղանակներուն կբնակեին անոնց մեջ, այսինքն այգեկութի և հունձքի ժամանակ։

Մրենը, բացի գեղարվեստական հիշատակարաններե, պահած է իր մեջ մի ուրիշ հետաքրքրական հաստատություն, որն որ բացարձակապես կպակսի ուրիշ ավերակներու մեջ: Այգեմշակության արվեստն է այն, որուն զարգացման և արդյունավորման համար ի գործ դրված բոլոր միջոցներուն հետքերը մեծ չափերով պահված են տակավին։ Մեր պատմությունը վերին աստիճանի կարոտ է այդ ճյուղի մանրազնին ուսումնասիրության, և Մրենը միակն է, որ բավարար չափով մեզ պիտի գոհացնե, եթե մասնագետներ շտապեն այդ շահեկան նյութերը ուսումնասիրելու, քանի դեռ վերջնականապես կորած չեն։

Առանց պեղումներու իսկ կերևան մեծ ու փոքր ջրամբարներու, լիճերու հետքերը և ջրի այդ շտեմարաններեն ճյուղավորվող ջրաբաշխական առուները, որոնք ոռոգել են ամբողջ տարածությունը։

Ուշագրավ են հնձաններու ձևերը, որոնց վրա պարզ կտեսնվի, թե ինչպես գլանաձև ողորկ տաշված քարեր խաղողին վրա գլորելով՝ կճմլեին, քամված ջուրը ինչպես կանցներ երկու կամ երեք պարզուտներ ունեցող քարե խողովակներե և կթափվեր հատկաադես շինված հորերու մեջ, ուր վերջնականապես պարզվելեն հետո կհանեին կարասներու մեջ։

Մրենի մեջ, չնայելով դարավոր անտերության, հրաշքով, գրեթե անարատ պահված է 7-րդ դարում Դավիթ Սահառունիի շինել տված հոյակապ կաթուղիկեն, որուն մեծությունը, ոճը, գեղարվեստական ճաշակը և շինարարական արվեստի բոլոր կատարելությունները հիացման արժանի են։ Սակայն, տարաբախտաբար, ինչպես մեր ուրիշ շատ մը հնագույն տաճարներ, նույնպես և սա իբրև ոչխարաց գոմ կծառայե Ծպնի և Մավրեկ գյուղացիներու համար։

Հատակագծային ձևին և զարդաքանդակներու ոճին մեջ հայ ճարտարապետության ընդհանուր ուղղութենեն շեղվող բացառություններ ունի այս տաճարը, սակայն այդ բացառությունները երբեք չեն նսեմացներ 7-րդ դարու հայ ճարտարապետին թե ինքնուրույն ճաշակի նրբությունները և թե շինարարական արվեստի մեջ ունեցած լիուլի հմտությունը։

Ընդհանուր ուղղութենեն խոտորող գլխավոր մասը կկազմե խորանի կիսաբոլորակի արևելյան պատեն դուրս ցցվիլը։ Տեկորի տաճարեն հետո սա երկրորդ օրինակն է դուրս ցցված խորանի։ Տեկորի տաճարին վրա համոզվելու շատ պատճառներ կան, որ հետո է դուրս հանված խորանը, բայց Մրենի մեջ առայժմ դժվար է մի բան վճռել նախքան պատշաճ խուզարկության ենթարկելը, որն որ, դժ՜բախտաբար, այս տարի չհաջողվեցավ ինծի։

Ինչ որ ավելի տարօրինակ է և գրեթե հակառակ հայոց եկեղեցիներու ավանդական օրենքին, Մրենի տաճարի կիսաբոլոր խորանին երեք մեծ պատուհաններ ունենալն է. թերևս առաջին և վերջին օրինակն է այս ձևով խորան հայոց մեջ և ուղղակի ազդված Կոստանդնուպոլսո ս. Սոֆիա եկեղեցիի խորանեն։

Մինչև ս. Սոֆիայի շինվելը հունաց մեջ ալ անսովոր էր երեք պատուհանով խորանը, ուստի, երբ Հուստինիանոս ցանկություն հայտնեց խորանը երեք պատուհանով լուսավորելու, կարծիքներու հակասություններ և բուռն վիճաբանություններ առաջ եկան հոգևորական դասին մեջ, մինչև որ Հուստինիանոսի մեկ տեսիլքին մեջ հրեշտակը վերջաբանություններուն։

Հրեշտակը հայտնեց, որ երեք պատուհաններն անհրաժեշտ էին երրորդության խորհրդանշանը ներկայացնելու համար, և այդ երեք պատուհաններեն ներս թափանցող լույսի անբաժանելիությամբ պիտի բացատրվեր երրորդության, այսինքն՝ հոր, որդո և հոգույն սրբո անբաժանելիությունը։

Տարակույս չկա, որ Բյուզանդիոնի հրեշտակին բացատրությունը ներգործություն ունեցեր է Մրենի տաճարին վրա, սակայն, ինչպես իրմե առաջ, նույնպես ալ իրմե ետև՝ հետևողներ բնավ չէ ունեցած, բնականաբար, հայոց մեջ դավանաբանական ուրիշ ավելի համոզիչ վարդապետություն մը հայ եկեղեցիներեն վտարեր է այս օտար նորությունը:

Հոռամոսի ս. Հովհաննես տաճարի խորանը թեև երկու պատուհան ուներ, սակայն անոր այնպիսի ձև մը տրված է, որ մեկ պատուհանի նշանակություն ստացած