Այս էջը հաստատված է

է. ուրիշ տեղեր գոնե ինծի դեռ չեն պատահած ոչ երկու և ոչ ալ երեք պատուհանով խորաններ հայոց մեջ:

Ներքին կողմեն զարդարանքներ չունի, յուր շինվածքի մաքրությունը և համաչափական վեհությունն է յուր բոլոր զարդարանքը, անհամեմատ լայն և բարձր պատուհաններ կլուսավորեն տաճարը, ինչ որ օտար է 10-րդ դարեն հետո ընդունված պատուհաններու ձևերուն։ Խորանը երկու կողմեն ունի երկու ավանդատուն, որոնք պարզ սենյակներ կամ պահարաններ են, ոչ թե մատուռներ՝ նույնպես 10-րդ դարեն հետո եղած սովորության համաձայն։ Գմբեթի կազմությունը շինության ժամանակակից ոճով կանգնված է թե դրսեն և թե ներսեն։

Արտաքուստ քանդակազարդ են շենքի բոլոր պսակները, պատուհաններու շրջանակները և դռներու կամարակապ ճակատները։ Արևելյան կողմեն դուրս ցցված կիսաբոլորակ խորանի պատուհաններու պսակներեն զատ, մնացած զարդաքանդակներ զուտ արևելյան ոճով են շինված, միայն խորանի վրա եղած զարդաքանդակներու մեջ է, որ հին հունական գծեր շեշտված են. այս քանի մը գծերեն զատ, այս տաճարի վրա ամեն բան 5-րդ և 7-րդ դարերու հայ արվեստին կպատկանեն։

Հյուսիսային դռան լայն վերնասյամի վրա քանդակված է մի մարդ՝ ետևը թամքած ձիով, մարդու երեսը դեպի արևմուտք. այս մարդու առջև հաջորդաբար կես մը ծունկ չոքելու դիրքով կանգնած են մի երեխա և մի ուրիշ մարդ, երեխան ձեռքին մեջ ունի ձողաբարձ խաչ մը, իսկ մարդը ձեռքին ունի բուրվառ, պատկերի ընդհանուր տեսքը ազնվական մը կամ իշխան մը դիմավորելու տպավորությունը կթողու։

Արևմտյան դռան կիսաբոլորակ կամարի ճակատի վրա քանդակված են երկու թևավոր հրեշտակներ, քով քովի կանգնած։ Հրեշտակներեն վար՝ դռան լայն վերնասյամի վրա կարգով քանդակված են վեց մարդու պատկերներ, որոնց մեջտեղի երեքը, որոնք լուստպսակ գլուխներ ունեն, սրբոց պատկերներ են, հավանաբար, ըստ բյուզանդական օրինակներու, մեջտեղինը Քրիստոս և երկու կողմինները՝ Մարիամ և Հովհաննես։ Մնացած երեք մարդիկ, որոնց երկուքը սրբո ձախ կողմը և մեկը աջ կողմը կանգնած են, առանց լուսապսակ գլուխներու, հասարակ մահկանացուներ են։

Հետաքրքրական է դիտել սույն մահկանացուներու հագած տարազը, թերևս իսկական ձև 7-րդ դարու հայ ազնվականի (նկ. նկ. 274, 275)։

Այս տարազի շատ մոտ նմանությունը մինչև հիմա տակավին պահված կա քուրդ բեկերու մեջ: Մի երկայն վերարկու է մինչև ծնկներեն վար, մեջքի վրա համեմատաբար նեղցած, իսկ մեջքեն վար թե լայնցած է և թե ծալ-ծալ կախված, լայն օձիքը մինչև ուսերը ծածկած, թևերը մինչև ծնկները հասնելու չափ երկայն և վերեն վար ճեղքված, ծայրերու վրա կգտնվեն կոճակներ՝ ի հարկին՝ դաստակին վրա կոճկելու համար։ Առհասարակ այս երկար թևերը կամ կախ կմնան հագնողի երկու կողմերեն ու կճոճկվեն և կամ կնետվեն դեպի ետև կոնաձև կախվելու համար։ Այս քանդակի մեջ թերևս երկու ձևն ալ գոյություն ունի, թե երկու կողմեն կախվածը և թե կռնակի վրա ձգվածը։

Վերջին օրերս բնիկ ալեքսանդրոպոլցի պր. Հակոբ Կարանյանց Ագրակ գյուղի մեջ գտած էր քանդակազարդ խաչի պատվանդան մը, որը փոխադրեց Անիի թանգարանը։ Սույն պատվանդանի երկու ճակատներու վրա քանդակված են պատկերներ, որոնց մեկը ունի նույն տարազը՝ երկար թևը կողքեն վար կախված։ Թեև այստեղ պատկերներ շատ փոքր են և թե ավելի անճաշակ քանդակված, սակայն հայտնի է տարազի նույնությունը Մրենի քանդակի հետ, միայն թե վերարկուներու թևերը կռնակի վրա ձգված են:

Պր. Կարանյանի գյուտ այս երկրորդ օրինակը հիմք կուտա համոզվելու, որ այդ ձևով տարազը նույն ժամանակներ ընդհանրացած էր հայ ազնվականության մեջ։

Հաճախակի նորոգությանց և փոփոխությանց ենթարկված չերևիր Մրենի տաճարը, նախնական ամրակուռ շինությունը պահեր է մինչև հիմա, միայն մի տարօրինակ նորոգություն կատարվեր է հարավային ճակատի վրա։

Այդ ճակատի արևմտյան անկյունի մոտ, պսակեն մինչև դռան կամարը, չորսեն մինչև հինգ մետր լայնությամբ վերեն վար հակուղիղ ձևով ամբողջությամբ պատռեր են պատը և վերստին տեղը նոր քարեր են շարեր։ Այս քանդումը կամ փոփոխությունը հնացած կամ որևէ արկածով մը վնասված մասի մը նորոգության երևույթ չունի ամենևին։ Կարծեք թե հատկապես այդ մասի վրայեն մի հիշատակություն և կամ մի ուրիշ անհաճո բան անհետացնելու դիտումով քանդած և վերաշինած են։ Այս ըսածիս հավանական ճշմարտության կհամոզվին ամեն անոնք, որոնք մասնագիտորեն քննելով կտեսնեն, թե ինչպես պատի վրա դեռ մինչև այսօր ալ առողջ մնացած մեծ ծավալով քարեր հակուղիղ ձևով տաշված և անոնց վրա նոր քարեր պատշաճեցուցած են։ Հավանաբար այս փոփոխությունը կատարվեր է 13-րդ դարում, որովհետև այդ մասի վրա գրված կան արձանագրություններ, որոնց ամենահինը Չ թվականը չանցներ։

«Ախուրյան» № 57, 9 օգոստոսի 1909 թ.


12. Ո՞րն է իսկական Հոռոմոսի վանքը

Անիի պատմական հիշատակներով հետաքրքրվողներու համար ոչ նվազ կարևոր է ծանոթանալ անոր մոտիկ, պատկառելի հնություններով հարուստ Հոռոմոսի վանքին, որ չորս կիլոմետր դեպի արևելք կգտնվի և հինգ զանազան դարերու հատուկ հայ ճարտարապետական ոճով ու ճաշակով գեղարվեստական ընտիր շենքեր կանգուն ու կիսականգուն տակավին պահված են այնտեղ։

Իմ նպատակը չէ առայժմ նկարագրել կամ ուսումնասիրել անոր ամբողջական անցյալն ու ներկան, անոր նշանակությունն ու կատարած դերը՝ մասնավորապես Բագրատունյաց հարստության ժամանակեն սկսյալ մինչև Անիի ավերումը, իր տաճարներով, դպրոցներով, մատենադարաններով և ասպնջականոցներով: Այստեղ պիտի աշխատեմ պարզելու մի անստուգություն, որ, ըստ իմ կարծյաց, խիստ կարևոր է