Այս էջը հաստատված է

հետո պիտի տեսնենք, որ 1013 թվականեն առաջ կանգնված լինելը երբեք հավանական չէ:

Ուրեմն դարձյալ կմնա միայն կարծեցյալ ս. Մինասը, որուն շուրջը պետք է կատարել ամեն հետզոտություն:

Հոռոմոսի վանքին մեջ եղած բոլոր արձանագրություններեն մի բան շատ պարզ կհասկացվի, որ այնտեղ կանգնված եկեղեցիներն ամենն ալ առանձին անուններ ունեցեր են, իսկ հավաքաբար, ի հիշատակ սկզբնական հիմնարկության՝ Հոռոմոսի վանքեր անվանվել են: ինչպես կերևի, բացի ընդհանուր սեփականութենե, ունեցեր են նաև առանձին սեփականություններ, որովհետև նվիրատուներ, միաբանողներ եթե ընդհանուր վանքերու անունով չեն ըրած իրենց բարեգործական զոհաբերությունը, այն ատեն մասնավորապես շեշտած են այն եկեղեցիի անունը, որուն նվիրած են կամ միաբանած:

Այս տեսակետով նախ քննենք ս. Հովհաննեսի վրա կանգնված լինելը երբեք հավանական չէ եղած արձանագրությունները, որոնք մեջ կտեսնենք, թե այն նվերները, որոնք միայն ս. Հովհաննեսի կվերաբերեին, պարզապես ս. Հովհաննեսի անունը միայն գրած են, իսկ բացառաբար ինն արձանագրություն, որոնց մեջ հիշած են Հոռոմոսի անունը, եթե նվերը միայն ս. Հովհաննեսին կպատկաներ, դարձյալ որոշած են, եթե ոչ՝ կվերաբերեր ամբողջ հիմնարկության:

Այստեղ պիտի ներկայացնեմ ս. Հովհաննեսի ինն արձանագրության մասերը միայն, որոնց մեջ հիշված է Հոռոմոսի անունը[1]:

1. «Ի ՆՁԵ թուականիս հայոց ետու ես Յովաննէս Շահանշահ որդի Գագկա Շահանշահի դիմ այգին որ ի Կողբ յիմ եկեղեցից ի սուրբ Յովաննէս զոր շինեցի ի վանս Հոռոմոսի...»:

Այստեղ արձանագրողը կպարզե, որ թեև եկեղեցին շինած է Հոռոմոսի վանքերուն մեջ, սակայն նվերը կպատկանի միայն ս. Հովհաննեսին:

2. «Ի ՈւԳ. թուիս հայոց... տուաք զմեր հայրենի այգին որ ի Փարպի որ կոչի Խանիկշտէ ի սուրբ եկեղեցիքս Հոռոմոսի վանացս...»:

Այս արձանագրության մեջ պարտավորիչ էր Հոռոմոսի անունը, որովհետև նվերը կպատկանի բոլոր եկեղեցիներուն:

3. «Ի ՈԽԷ թւիս ես հայր Մխիթար սատարութեամբ Սարգսի կրաւնաւորի... ածաք զջուրս ի Հոռոմոսի վանքս...»:

Շատ պարզ է, որ ջուրը ամբողջ հիմնարկության օգտին էր բերված, հետևապես պարտավորիչ հավաքական Հոռոմոս անվան հիշատակությունը:

4. «Ի ՈԾԵ. թւիս Զաքարիայ Շահանշահ որդի Սարգսի զաւրապետ հայոց եւ վրաց քակեցի զջաղացն որ Ականս հակառակ ջրիս շինած էր եւ վերստին հաստատեցի զջուրս ի վանքս Հոռոոսի...»:

Այս արձանագրությունն ալ գրեթե նախընթացին բովանդակությունը ունի և կվերաբերի ամբողջ հաստատության:

5. «Ի ՈԾ. թւիս, Շնորհիւն Աստուծոյ ես Գրիգոր որդի Հասանայ որդւոյ իշխանին ետու զմի Գանձագին գեւղն... ի տիեզերահռչակ վանքս... պարտական են սպասաւորք Հոռոմոսի վանացս մինչև ի գալուստն Քրիստոսի յամենայն ամի Ա. Խ. պատարագ առնել...»:

Մասնավոր եկեղեցիի անուն գտնվելեն կհասկացվի, որ նվիրատվությունը եղած է ամբողջ հաստատության անունով:

6. «Ի թւ. ՈՀԷ. Կամաւ ամենակալին Աստուծոյ այս մեր գիր յիշատակի է Հէճուպ Գրիգորոյ որդւո Հասանա եւ եղբայրորդեաց իմոց... տերանց սուրբ ուխտիս վանացս Հոռոմոսի որ հաստատեցաք արձանագրով. պատրոն ով լինի այս տեղոյս ի յարանց կամ ի կանանց ով կաշառաւք հայր դնէ այնպիսին նզովս առցէ...»:

Արձանագրությունը կվերաբերի ընդհանուր հաստատության ներքին վարչության և մատակարարության, ուստի բնական էր, որ հավաքական Հոռոմոս անունով հիշատակվեր:

  1. Արձանագրություններու մասին իմ միակ աղբյուրը Հ. Ղ. վ. Ալիշանի «Շիրակ» երկասիրությունն է. ավելի մանրամասնություն ցանկացողներ թող բարեհաճին դիմել նույն երկասիրության: