Այս էջը հաստատված է

Երրորդը, որ արձանագրած է Անանիա Արշարունյանց եպիսկոպոս, ունի բավական նշանակալից բովանդակություն:

«Աստուած է ի սմա. Շնորհիւն Աստուծոյ ես Տէր Անանիա շնորհիւն Աստուծոյ Արշարունեաց եւ Ճակատոց գաւառի եպիսկոպոս զմտաւ ածեալ հանապազ զվանս սրբոյն Յոհաննու թէ մեծ շահ է յԱստուածային խորհուրդսն յիշել զգնացեալսն. կարգեցի ամ ըստ ամէ անխափան զզատկի մեռելոց յաւուրս (ժ)ամն յամենայն եկեղեցիսս յանուն առաջնորդաց հարցն սրբոց եկեղեցւոյս կատարել եւ զայլ աւուրսն մինչև ցնոր կիւրակէն ամենայն հանգուցելոց որ են ի սուրբ ուխտիս...»։

Այս արձանագրության մեջ սրբոյն Յոհաննու խոսքը կվերաբերի վանքի հիմնադիր Հովհաննես վարդապետին. Անանիա եպիսկոպոս պարտականություն է զգացեր թե հիմնադիր սուրբ Հովհաննեսի և թե անոր գործը շարունակող հարցն սրբոց հիշատակին համար ամեն տարի վանքի բոլոր եկեղեցիներու մեջ պատարագե[1]:

Չորրորդ արձանագրությունը մի նվիրատուի կվերաբերի Մարտիրոս անունով, որ «կուղպակը ավեր է «ի տիեզերահռչակ վանս Հոռոմոսի» և արձանագրեր է «ի սուրբ Գէորգ»:

Ս. Մինաս կարծվածը ունի միայն երկու արձանագրություն, որոնցմե մեկը գրված է (ՆԼԵ) 986 թվականին, ինչպես վերև տեսանք, երբ դեռ այսօրվան գտնված եկեղեցիներեն և մատուռներեն ոչ մեկը գոյություն չուներ: Ահա այդ ժամանակվան արձանագրության մեջ առանց այլևայլության բնորոշ կերպով Հոռոմոսի վանք անվանված է եկեղեցին: Ահավասիկ արձանագրության սկիզբը.

«Յանուն Աստուծոյ ի ՆԼԵ թուականիս հայոց ետու ես Չուտաս զիմ հայրենի այգին զհոռոմդեանն որ ի Մրեան ի Հոռոմոսի վանս ի հայր Սողոմոն վասն իմ ծնողաց հոգեաց...»:

Այս արձանագրությունը մեզ շատ ավելի կմոտեցնե ճշմարտության, քանի որ Հոռոմոսի վանքի ամրողջ սահմանում վանական եկեղեցի համարվելու չափ մեծություն և դիրք ունեցող ոչ մի փլատակ կամ ավերակ բոլորովին չկա, որու մասին կասկած տանեինք, այսօրվան մեր կանգուն կամ կիսականգուն տեսածներս ալ տասնյակ տարիներ հետո են կանգնված և, որ ավելին է, երբ ինքը միայնակ եղած ժամանակ ալ պարզ Հոռոմոսի վանք անունը միայն ունի, հետևաբար, անկասկած, այս պետք է լինի 14-րդ դարու կեսին Հովհաննես վարդապետի հիմնարկած առաջին վանքը։

Երկրորդ արձանագրությունը գրողն ալ դարձյալ Անանիա եպիսկոպոսն է (Ի ՆԿԲ) 1013 թվականին։ Այս արձանագրության մեջ թեև եկեղեցիի անուն բնավ չէ հիշված, սակայն բովանդակութենեն կերևի, որ այդ թվականին ալ այդտեղ ուրիշ եկեղեցի չկար, Գագիկ թագավորն ալ դեռ ողջ էր, հետևաբար, ըստ հ. Ալիշանի՝ հանգստարան Գագկա Ա. ալ գոյություն չէր կարող ունենալ: Ահավասիկ արձանագրությունը.

«Յանուն Աստուծոյ. Ի ՆԿԲ թուականիս ես տէր Անանիա յետին վերակացուս եկեղեցո առաջնորդ գոլով սուրբ ուխտիս... ազատեցի մեծաւ ջանիւ զհարկ և գթասդակ և առի զՔեղարգոմն իւր ամենայն գոյիւ ի սուրբ ուխտս վասն ապաւէնի տեղի լինելոյ ի փախստեան ժամանակի... Եւ տուող այդմ պարգևի Գագիկ էր աւրհնեալ յաստուծոյ և որդեակք իւր Սմպատ և Աբաս և Աշոտ...»։

Եթե այս նվիրատվության ժամանակ ուրիշ եկեղեցի

  1. Հ. Ալիշանի Շիրակ» երկասիրության մեջ - պատկ. 7 ս. Գևորգ- հանգստարան Գագկա Ա. պատկերը, Անիի մեջ Ախուրյանի ձորին վրա կուսանաց վանք (?) անվանված մատուռին պատկերն է: Սակայն Հոռոմոսի ս. Գևորգ եկեղեցիին հյուսիո-արևելյան կողմը, քանի մի մետր հեռավորության վրա, կա ճիշտ նույնանման հատակագծով, քիչ մ'ալ ավելի մեծկակ մատուռի մը մնացորդ։ Գյուղացիներու պատմելով՝ 30-35 տարի առաջ մի ընտանիք կբնակեր անոր մեջ. այդ ընտանիքի մեկնելեն մեկ օր հետո հիմնիվեր կործանվել է հանկարծակի: Երևի հայր Ալիշան Անիի կուսանաց վանքի հատակագծի ու պատկերի հետ միաժամանակ ձեռքի տակ ունեցեր է նաև Հոռոմոսի վանքի այս մատուռի ալ հատակագիծը, անշուշտ նաև տեղեկություն անոր Գագիկ Ա-ի համար իբրև շիրիմ կանգնված լինելու մասին, այս երկու մատուռներու հատակագծերու մոտավոր նմանութենեն շփոթվելով հայր Ալիշան մեկը մյուսին տեղ դրել է:
    Անանիա եպիսկոպոսի վանահայրության ժամանակ, որ Գագիկ Ա արդեն մեռած էր և ս. Գևորգ արձանագրության համեմատ ալ պետք էր որ այնտեղ թաղված լիներ, հետևաբար պետք է որ կանգուն լիներ այս մատուռը, ուստի Անանիա եպիսկոպոսի արձանագրության մեջ «յամենայն եկեղեցիս» ըսելով կակնարկե և այս մատուռը և թերևս մի ուրիշն ալ, որ հյուսիս-արևելյան լանջի վրա է եղած և այժմ բեկորները միայն մնացած են: