Այս էջը հաստատված է

կենար, անպայման պետք էր որ Անանիա եպիսկոպոս ինքզինքը անվաներ վերակացուս վանացս կամ յեկեղեցեացս, ոչ թե եզակի բառով՝ «վերակացուս եկեղեցո»։ Նաև չէ գրված յամենայն եկեղեցիս խոսքը, հակառակ թագավորական սերունդի մը համար որոշված պատարագներուն. մինչդեռ Անանիա եպիսկոպոսի մյուս արձանագրության մեջ շեշտված է յամենայն եկեղեցիս խոսքը։

Անանիա եպիսկոպոսի երկու արձանագրություններու բաղդատությունով կտեսնենք, որ ս. Գևորգ թեև դարձյալ Անանիա եպիսկոպոսի վանահայրության օրով է շինված, սակայն 1013 թվականեն շատ հետո։

Մինչև այստեղ մեջ բերված փաստեր են զատ, մի անվիճելի ապացույց ևս կա, որ ոչ մի կասկած չի թողնում հավատալու, թե Հոռոմոսի վանքը ոչ թե ս. Հովհաննեսի տեղին վրա էր, այլ ցածր, ձորի մեջ, ուր կգտնվեին այժմ կարծեցյալ ս. Մինասն ու ս. Գևորգը։

Այս ապացույցը կգտնենք դարձյալ հայր Ալիշանի «Շիրակ» երկասիրության մեջ, այն է՝ 11-12-րդ դարերեն մեզ հասած մի տեղագրական նկարագրություն Հոռոմոսի վանքին։ Այս տեղագրության աղբյուրն է Գետարգել ս. Նշանի պատմությունը, որու մեկ հատվածը քաղած է բազմավաստակ հեղինակը, որ հետևյալն է (էջ 28):

«Ի միջոց ժամանակին ԺԱ. դարու զչորրորդ քառորդ ԺԲ-ին, յորում ոչ առաջնորդք յիշին վանացն եւ ոչ մի արձան յիշատակի գրեալ, հանդիպեալ են հրաշալի այլայլութիւնք սահմանաց գրից վանացն ու պատողին զնովաւ Ախուրեան գետոյ, կարևոր տեղագրութեամբ, ըստ պատմութեան Գետարգել խաչին զոր պահէր հայրն Ատոմ ի Խաւարաձոր Արշարունեաց։ Ուստի անցեալ Շիրակ, յԱնի, ապա եկն այսր «ի Հոռոմոց վանքն. Եւ էր վանքն այն (ասէ պատմիչն) «ի խորուձոր ի վերայ բլրի միում, զորով շուրջ բակ առեալ պատէր մեծ գետն Ախուրեան եւ գետն այն բազում ցաւս եւ վտանգս հասուցանէր վանացն, զի յորժամ արեգակն յամառային տեղին հասանէր շոգեալ շողանայր վանքն ի տապոյ արևուն. իջանէր ի քարանձաւսն, եւ օդք խորշակայինք եւ զազրահոտք եւ ցաւաբերք ի գետոյ անտի փչէր ի չորից կողմանց»։

Ով որ Հոռոմոսի և մասնավորապես ձորի միջի եկեղեցիներու դիրքը անձամբ տեսած ու քննած է, անոր համար ավելորդ իսկ է կրկին բացատրել, թե ի՞նչ աստիճան ճիշտ է ս. Մինասի և ս. Գևորգի տեղի ու դիրքի նկարագրությունը, Գետարգել ս. Նշանի տեղագրությունը։ Սակայն դարձյալ ավելորդ չեմ համարում քանի մը խոսքով նկարագրել և համեմատել հնադարյան նկարագրությունը այժմյան դիրքի հետ։

Հովհաննես Սմբատ թագավորի շինած ս. Հովհաննես եկեղեցին ամենևին ի խորուձոր տեղի վրա չէ, ընդհակառակը, այնպիսի բարձրավանդակի վրա է, որ պարզ օդի ժամանակ մինչև իսկ Անիի պարիսպներու մեջեն կարելի է տեսնել ամբողջությամբ։ Ախուրյան գետը հյուսիսային կողմը միայն քերելով կանցնի 30-40 մետր խորությամբ և մոտավորապես կես կիլոմետր դեպի արևմուտք հեռանալեն հետո կծռվի հյուսիս, գրեթե մեկ կիլոմետր ալ դեպի հյուսիս ուղիղ հոսելեն հետո, կրկին կծռվի դեպի արևմուտք կամ դեպի Անի։ Ի հնումն, անշուշտ, Գետարգել ս. Նշանի պատմագրին ակնարկած ժամանակեն առաջ, գետը երկու ճյուղի բաժանված է եղեր դեպի Անի ծռված տեղեն ավելի քան 200 մետր վերեն։ Բաժանված մեկ ճյուղը դարձեր է կրկին դեպի արևելք և քերելով ս. Հովհաննեսի բարձրավանդակի խորուձոր փեշերը, հասեր է մինչև Ղոշեքի բարձրության ստորոտները, այնտեղ ալ կիսաբոլորակ աղեղ մը կազմելով, ուղղվեր է դարձյալ դեպի արևմուտք և հասնելով մինչև հանքային ջրի ավազանին մոտ՝ խառնվեր է դարձյալ մայր ճյուղին։ Ահա այս մեկ ճյուղի պտույտով ձևացած է ձվաձև բլրանման կղզի մը, որու ամենեն բարձր տեղում կանգնված են կարծեցյալ ս. Մինաս ու ս. Գևորգ եկեղեցիները։ Այս կղզիին բարձրությունը եթե համեմատենք անմիջապես շրջակային հետ, կտեսնենք, որ տեղ-տեղ մինչև 40-50 մետր խորությամբ փոսի մեջ է կղզին։ Այս փոսի համար էր, որ մի իտալացի հանքային ճարտարագետ 1903 թվականին կարծիք հայտնեց, թե մի ժամանակ հրաբուխի բերան եղած է այդ փոսը։

Խորուձորի արևելյան և հարավային լանջերու վրա մինչև այսօր մնացած կան պատմիչին ակնարկած քարանձավներեն մեկ քանին, իսկ ջրին նախկին հունը ոչ միայն մինչև այժմ մնացած է, այլև Ախուրյանի ջուրը հորդած ժամանակ, պատմական ճյուղը դարձյալ բաժանվելով գետեն, հին ուղղությամբ կհոսի և կղզիի մը կվերածե ձորի բարձրավանդակ բլուրը։ Իսկ ամառ ժամանակ գրեթե միշտ ճախճախուտ և խոնավ է, որու պատճառով գյուղի բնակչության մշտական հիվանդություն դարձած են ջերմը և ուրիշ զանազան տենդեր։

Բացի քարանձավներեն, կան նաև բնակությանց շատ մնացորդներ, արևելյան կողմը կա ընդարձակ գերեզմանատուն, որու մեջ կգտնվին մամռապատ տապանաքարեր, ոմանց վրա արձանագրված։ Շատ որոշ է մի փողոց, որով վանքերը և գերեզմանատունը իրարմե կանջատին, յուրաքանչյուրն իր համար շինված պարիսպներով։

Ձորը կամ դեպի վանքերը իջնելու նախնական ճանապարհը եղեր է Ղոշեքի մոտեն, հազիվ 30-40 քայլ անցնելով Ղոշեքեն, հայտնի կտեսնվի ճանապարհի մը դեպի աջ ծռվելը, թեև այժմ փլած և անգործածելի, սակայն հին ձեռագործ հարդարման գործողությանը հետքերը շատ որոշ են հյուսիսային վրա։ Կես ճանապարհին, դեռ մինչև խորը չիջած, բլրաձև ժայռի մը վրա շինված մատուռի մը[1] մոտեն ճանապարհը երկուքի բաժանված է, որուն մեկ ճյուղը դեպի վանքերը, իսկ մյուս ճյուղը հորիզոնաբար հառաջանալով, հյուսիսակողման լանջին վրայեն կհասնի մինչև հանքային ջրի ավազանը՝ գետափի մոտ։

Տեսնելով այս բոլոր պատմական և իրական ապացույցներ և ներկայացնելով ընթերցողներու ազատ քննադատության, ես ինքս միանգամայն համոզված եմ, որ մեր մինչև այսօր ավանդաբար ս. Մինաս կարծած եկեղեցին է իսկական Հոռոմոսի վանքը, 10-րդ դարու կեսին Հովհաննես վարդապետի ձեռքով հիմնարկված։

Թե ինչու համար Հոռոմոսի վանքը խորուձորի միջի

  1. Այս մատուռի փլատակներն ու քանի մը խաչքարերու կտորները մնացեր են բլուրի ներքև թափված: