մոտավորապես մեկ կիլոմետր հեռավորության վրա, Ալաջա լեռան ամենից ստորին, բարձր բլուրի գագաթին գտնվում է որձաքարյա կիկլոպյան անշաղախ մի շինության մնացորդ։ Բլուրը ամբողջ շրջապատով փակված՛ է եղել որձաքարյա անշաղախ պարիսպներով, իսկ մեջտեղը կա նաև մի փոքր, առառավելն 6 մետր տրամագծով աշտարակաձև շենքի մնացորդ, նույնպես անշաղախ որձաքարերով շինված, որու նպատակը և բնույթը երկար ժամանակ ինձ անհասկանալի մնաց, մինչև որ պատեհություն ունեցա ուսումնասիրելու Աղավնատան մոտ Օյուղ անվանված բոլորակ աշտարակի մնացորդը, Հաջիղարա գյուղի հյուսիսային կողմը նախապատմական գերեզմանատան մեջ նմանօրինակ երկու աշտարակների փլատակները և Էջմիածնից Աշտարակ գնալու հին ճանապարհի ձախակողմյան բլուրի վրա շինված բոլորակ աշտարակի մնացորդը, որը Արդար Դավիթ անունն ունի։
Այս աշտարակաձև մնացորդների մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Բագնայրի հին մնացորդն ևս նույնն է, ինչ որ ուրիշ տեղերում տեսածս բոլորակ աշտարակաձև շինությունների մնացորդները: Վերջապես պարզվեց, որ այս բոլորը նախաքրիստոնեական շրջանի ժողովուրդների պաշտամունքի հետ կապ ունեցող շինություններեն մեզ հասած։ Ուրեմն, բացի ավանդաբար Բագինների այր ըսված քարայրներից, այս գյուղի շրջանում գտնված նաև ցույց տվածս աշտարակաձև շինությունները պատճառ են դարձեր այս գյուղի Բագնայր կոչվելուն։
Տեկորի հնադարյան եկեղեցիի արևմտյան կողմը, երկու կամ երեք կիլոմետր հեռավորության վրա, Տեկոր գետի ձորի բարձունքներում հիմնարկված է Խծկոնք կամ Խցկունք վանքը, որ ներկայիս ծանոթ է Բեշքիլիսե անունով։
Խծկոնքի մեջ կան հինգ զանազան եկեղեցիներ գրեթե զանազան դարերի։ Ժամանակագրական կարգով, ամենահին շենքն է այս խմբի մեջ ս. Ստեփանոս անունով եկեղեցին, որու արևմտյան դռան վրա գրված է. «Այս դուռն տեառն է և արդարք մտանեն ընդ սա», և շինության ոճը նախքան 10-րդ դարու ոճ է. ես կարծում ես, որ այս եկեղեցու վրա գրված է Անանիա Արշարունյաց եպիսկոպոսի անունը։ Ոմանք այս եկեղեցիի համար անկյունավոր բոլորշի են գրում, որ շատ սխալ է, միայն թե այդ թյուրիմացությունը առաջ է գալիս նախքան 10-րդ դարը շինված եկեղեցու մեջ 11-րդ դարուց հետո մի դավանաբանական սովորություն եղած հավելում անելուց, այն է՝ բացի պատարագի մեծ խորանից, նաև 4 փոքր պատարագի սեղաններ եկեղեցուց առանձնացրած ձևով շինելու համար, մի քանի տեղ քանդել են և բռնի հարմարեցրել խորանները, որով արտաքին պատերը ևս խաթարվել և լարաձիգ ուղղությունից ընկել են։ Գմբեթի կազմությունը և վրան եղած զարդաքանդակները ոչ նվազ ապացույց են, որ այս եկեղեցին 10-րդ դարուց առաջ,