մնացորդներ, որոնք հատուկ են բերդի կամ, ավելի ճիշտ, ամրոցի բնակիչների, այսինքն տիրող իշխանին և բերդաբնակ պաշտոնեությանը[1]:
Մինչև հայկական իշխանությանց անկումը Մաղաս բերդը միշտ եղել է հայկական իշխանության ներքո, իսկ հետո մի անհաստատ ճակատագիր է ունեցել, հետզհետե անցել է պարսից, թուրքաց և այլ զանազան անկախ իշխող ցեղապետների իշխանության։ Վերջին ժամանակները թուրքական մի ցեղ իշխում էր շրջանին, ինչպես ցույց է տալիս Հոռոմոսի վանքում եղած 1685 թ. մի արձանագրություն։ Այս թվականին տիրողն էր իշխանաց իշխան Մուստաֆա աղան, որ թույլատրել է Դանիել անունով մի վարդապետի մաքրել Հոռոմոսի վանքի ապականությունները և վերստին իր նախկին շեն վիճակին հասցնել։ Այս Խաթուն-օղլիների վերջին շառավիղ Յուսուֆ բեկը դեռ ապրում էր մեր օրերում, թեև ոչ մի իշխանություն չուներ այլևս. ռուսաց տիրապեաությունեն հետո, ամեն իրավունք անցած էր ռուսական կառավարության, իսկ Խաթուն-օղլի Յուսուֆ բեկը հաստատված էր Անիի արևմտյան կողմը 6-7 կիլոմետր հեռավորության վրա Սոգյութլու անվանված գյուղում, ուր, լեռան ստորոտից բղխում են ականակիթ քաղցրահամ աղբյուրներ, որոնք նաև ջուր կմատակարարեին Անիի բնակչության և որոնց կավե խողովակները ճանապարհին դեռ կերևան մինչև այսօր։
Շիրակավանը հին անունն է մի գյուղի, որի նախաքրիստոնեական անունը Երազգավորս էր, իսկ ներկա անունը՝ Բաշ-Շորագյալ, թերևս թուրքերենի ազդեցության ներքո։ Շիրակավան գյուղը՝ նախքան Անին, զարգացած, մեծացած էր և Բագրատունի թագավորներին ծառայում էր իբրև մայրաքաղաք՝ Բագարանից հետո։ Բագրատունի թագավորների համար պատմագրաց մեջ հիշատակված է Սմբատ Ա-ի ապարանքը, որու հետքը չկա առայժմ, սակայն, հակառակ այս մասին եղած զանազան կարծիքների, ես ունեմ իմ ինքնուրույն կարծիքը։ Եթե մի տեղ, որ գրեթե մի դար թագավորանիստ մայրաքաղաք է եղած, անշուշտ, մի արքունիք ևս պիտի գոյություն ունենար, սակայն այժմյան գյուղի մեջ գրեթե բնավ հետք չի մնացել։ Եթե կա մի տեղ, որ դիրքով և պատշաճությամբ հավանականություն է ներկայացնում արքունիքի, գյուղի հյուսիսային կողմը, բնական բարձրավանդակի է, ուր կան նաև մատուռի և ուրիշ շինությանց մնացորդներ։ Ամենայն հավանականությամբ այս բարձունքն օգտագործել են Բագրատունի իշխողները և այնտեղ շինել իրենց ապարանքը, բարձրից հսկելով ժողովրդական բազմության վրա, ինչպես Անիի թագավորներն իրենց ապարանքի համար հարմար են սեպեր այն բարձունքը, որտեղից ամբողջ շրջապատը երբեմն տասնյակ կիլոմետրներով երևում է։ Շիրակավանի հյուսիսային կողմի այս բարձունքից կերևար նաև Տիգնիսի հին ամրոցը, որի հեռավորությունը հազիվ կհասնի 2½ կիլոմետրի։ Ամենայն հավանականութամբ Բագրատունի թագավորները,
- ↑ Թերևս արդարանա Զաքարեի մի տեղեկությունը, թե Մորիկ (Մավրիկ) Մաղխազին ղրկեց իր հայրենիքը՝ Շիրակի մեջ մի հարմար տեղում ամրոց և քաղաք շինելու։ Շատ հետաքրքրական է և ուսումնասիրելի Մավրակ գյուղերը, որոնցից մեկը գտնվում է Անիի մոտերքը, Ախուրյանի եզերքին, իսկ մյուսը՝ Տեկորի և Նախճավանի արանքում։ Այս վերջինը չեմ տեսած, սակայն Անիի մոտ եղած Մավրակում կան բերդի և ուրիշ շենքերի մնացորդներ։ Անշուշտ, այն ժամանակ Մաղխազ շինեց այս բնակավայրը իրեն ուղարկող տիրոջ՝ Մավրիկի անունով, որու անունը մինչև այսօր անփոփոխ մնացել է։