Շիրակավանը մայրաքաղաք եղած ժամանակ, բացի Շիրակավանի մեջ իրենց ունեցած մասնավոր ապարանքեն, Տիգնիս բերդը օգտագործել են իբրև Բագրատունի թագավորների դղյակ։ Իսկապես, Տիգնիսի բերդը այցելողը պարզ կտեսնի, որ այդ տեղը ոչ միայն ամրոց էր արտաքին թշնամիներեն պաշտպանվելու համար, կրկնակի պարիսպով և ամուր բուրգերով շրջապատված, այլև երկհարկանի էր և զանազան սենյակների բաժանված, որուն գլխավոր լուսավորությունը հատկապես դղյակի մեջտեղը թողված հրապարակից էր։ Տիրապետողները ոչ միայն հետագայում էլ այս ամրոցը օգտագործել են որպես ամրոց և զանազան նորոգություններ կատարեր, այլև շատ հին ժամանակ ևս, նախքան Բագրատունիները, նախաքրիստոնեական ժամանակներում այնտեղ եղեր է մի ամրոց և բնակություն, ուր պեղումները ցույց տվին անվիճելի փաստեր նախաքրիստոնեական իրեղեններով։ Այս ամրոցի մասին կարելի է շատ բան գրել, բայց յուր տեղը։
Ուրիշ մի պատշաճություն ևս կա այստեղ Բագրատունի դղյակ լինելուն: Ինչ հեռավորության վրա էր Շիրակավանը Տիգնիսից դեպի արևելք, նույնաչափ հեռավորության վրա էր Արգինան դեպի արևմուտք, որտեղ կաթողիկոսներն էին նստում, այնտեղ էր և կաթողիկոսարանը։
Շատ պարզ է, որ հնում, որտեղ քաղաքական իշխանությունն էր նստում, նույն տեղը պիտի լիներ նաև կրոնական իշխանությունը՝ ամեն բանի մեջ խորհրդով և համերաշխ գործելու համար. սա մեծ հեռավորություն չէ, որովհետև Շիրակավանից մինչև Արգինա հազիվ 5 կիլոմետր լինի։ Մեկ խոսքով՝ եթե թագավորները նստում էին Տիգնիսում, այն ժամանակ ավելի հեշտանում էր հարաբերությունը թե Շիրակավանի հասարակության և թե կաթողիկոսական տան հետ։
Իբրև թագավորական մի դարու կայան, մեծ հետքեր չեն մնացել Շիրակավան գյուղի մեջ. գյուղի հարավ-արևմտյան կողմը կա մի հրն գերեզմանատուն, որի մեջ մեծ հնություններ չեն երևում, և երևցածն էլ 13-14-րդ դարը չի անցնի: Իսկ եկեղեցիներ երկու հատ կան, որոնցից մեկը գտնվում է գյուղի արևելյան