Անիի մեջ, սկսյալ 10-րդ դ. մինչև անկում, խոյակներու նույն ոճի հետևողության օրինակներ տակավին չէ պատահած ինծի, նույնիսկ քանդակելու կերպը շատ կզանազանի Անիի քանդակագործներու արհեստագործութենեն:
Սմբատաշեն պարիսպին կից, Իգաձորի եզերքին վրա այս հնագույն եկեղեցիի գոյությունը նախքան 10-րդ դար քաղաքին մինչև այն տեղերը տարածված լինելը կապացուցանե:
Ամենայն հավանականությանբ Սմբատ ևս իր շինած ընդարձակ պարիսպով ամբողջ քաղաքը շրջապատեց, այլ անոր մեկ մասը միայն միացուց Աշոտի ամրոցի հետ՝ որչափ որ անհրաժեշտ էր թե ամրության և թե պարիսպը ընդարձակելու դրդապատճառ եղող կարիքներին բավականություն տալու համար: Ինչպես ուրիշ թագավորներ, նույնպես ալ Սմբատ բնականաբար պիտի մտածեր ամենեն առաջ ապահովել երկրի և թագավորության ջիղն ու անոր զորավիգ եղող դասակարգը — ազատանին։
Հայտնի է, որ հնում հայ ժողովուրդը օրենքով երկու դասակարգի կբաժանվեր՝ ազատ և շինական: Ազատներու դասակարգին կպատկանեին իշխանական և նախարարական տոհմերը, զինվորականները, բարձրաստիճան կղերականները և ազնվական ծագում ունեցող կալվածատերերը, որոնք ընդհանրապես մասնակից էին երկրի վարչական գործերուն և տուրքերե միանգամայն ազատ էին։ Իսկ շինական կհամարվեր հարկատու հասարակ ժողովուրդը, որ կբաղկանար առևտրականներե, արհեստավորներե, երկրագործներե և այլև։
Անիի ամրությունն էր պատճառ, թե այնտեղ նստող թագավորներու արժանավորությունը, վերջապես պարզ է, որ Բագրատունյաց ամենաբարգավաճ, հարուստ և միջազգային պատկառելի դիրք ստացած ժամանակամիջոցը Անիի թագավորության շրջանն է, Շիրակը ոչ մի ժամանակ այնքան քաղաքական ապահովություն չվայելեց, որչափ Անիի թագավորներու օրով մինչև վերջընթեր թուլամորթ Հովհաննես թագավորը։
Այն ժամանակվան ռազմագիտական տեսակետով որչափ անառիկ և անմատչելի էր Անին, այդ առանձին ուսումնասիրության նյութ է և ունի իր շատ հետաքրքրական կողմերը. ցավալի է, որ մինչև այսօր Անին այցելող բազմաթիվ զինվորականներ չեն փորձած մասնավոր ուսումնասիրությամբ մը Անիի հնագիտական գրականությունը հարստացնել։
Հանգուցյալ կոմս Լոռիս-Մելիքովը շատ մոտեն քննած է եղել Անին և շրջակա քանի մը բերդեր, և թե տեղի ընտրության, թե ռազմագիտորեն շինության տեսակետով ամենեն ավելի գնահատել է Մաղաս բերդը, Անիեն 10-12 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք: Այս բանը ինծի պատմել է Խրիմյան կաթողիկոսը, բայց չեմ հիշեր, թե անձամբ խոսած էր, թե ուրիշե մը լսած էր Լոռիսի կարծիքը. համենայն դեպս Լոռիսի խոսակիցը, հակառակ նյութի վերին աստիճանի շահեկանության, կամ մանրամասնորեն չէ հետաքրքրվեր, և կամ եթե հետաքրքրվեր ալ է, գոնե մամուլի սեփականություն դարձնելու բարեմտությունը չէ ունեցեր և, այսպիսով, կորուսեր է այդ մեծ ռազմագետ