Այս էջը հաստատված է

կպատմեն, թե պարսկաստանցի ոմն բժիշկ Թաշճյան, նախքան Կ. Հ. Բասմաջյանի Անի գալը, տեսնելով այդ փոքրիկ դիակը՝ հետաքրքրության համար անոր գլուխը կտրելով հետը տանելու բարբարոսությունը ունեցեր է, իր բնակարանի մեջ սեղանի զարդ շինելու համար, որովհետև, ինչպես մարմինը, նույնպես ալ դեմքը անարատ պահված է եղեր ճակատեն հյուսված մազերով և հյուսքերը դեպի ետև տարված ու ժապավենով մը իրարու կապված։ Ուրիշ դիակներ ալ գտնվա ծ են, որոնց՝ եթե ոչ ամբողջովին, բայց մարմնույն զանազան մասերը անփուտ պահված։

Այս ամենեն ավելի, երբ ի նկատի ունենանք, որ թշնամիներու հարձակման ժամանակ, քարայրերը ամենեն ապահով ապաստարաններն էին, այն ատեն պիտի համոզվինք, որ աղքատներեն զատ, հարուստներն ալ իրենց կյանքն ու գույքը պաշտպանելու համար քարափոր բնակարաններ ունենալու ձգտումը պիտի ունենային։

Անիի պարիսպի հյուսիսային կողմը տարածված ընդարձակ դաշտավայրում քննական պտույտ մը շատ բան կբացատրե պարիսպեն դուրս ապրող ժողովրդի կյանքի և դիրքի վերաբերյալ։ Ավագ դռնեն մոտավորապես կես կիլոմետր հեռու դեպի հյուսիս մեծ բաղնիքի մը կիսականգուն մնացորդը, մեկ կիլոմետր ավելի անդին Հովիվի եկեղեցին, անկեց հեռուն ուրիշ մատուռի ու անոր կից գեղեցիկ մահարձանի մը մնացորդները պատահական կերպով աննպատակ չէին շինված։ Եթե մոտավորապես մեկ ու կես կիլոմետր դեպի հյուսիս կարելի է այսպես բնակությանց, մատուռներու ու դամբարաններու մնացորդներ տեսնել, նույն բաները կարելի է տեսնել նաև դեպի արևելք, շատ քիչ ընդհատումներով մինչև Հոռոմոսի վանքը, և դեպի արևմուտք մինչև Անի գյուղի արևմտյան սահմանները։

Հակառակ հարյուրավոր տարիներ այդ բաց դաշտում վարուցանքով հողը, քարը մաքրվելուն, դարձյալ այսօր անթիվ բնակարաններու, կրաշաղախ թանձրամած հիմերու և մեծամեծ պարիսպներու հետքեր որոշ կերպով կարելի է տեսնել։ Հյուսիսային արտաքին ցած պարիսպին կից ջրալից խրամին զուգահեռաբար հասարակաց լայն ճանապարհ մը կա ձգված դեպի արևելք կամ արևմուտք։ Այս լայն ճանապարհները եզերված են եղել մյուս կողմեն թանձրամած բերդանման որձաքարե պատերով, ընդհատվելով և ուղզանկյունի շեղվելով դեպի հյուսիս միայն պարիսպի դռներու առջև նույն ուղղությամբ ճանապարհներ բանալու համար։ Այս պարսպանման պատերեն ներս ընդարձակ դաշտավայրում հետաքրքրական է տեսնել բնակությանց դասավորությունը։ Ամբողջ դաշտավայրը, շնորհիվ խրամները լցնելու համար այնտեղեն անցնող վտակի պարգևած առատ ջրերու, ծածկված է եղեր ծառաստաններով ու մրգաստաններով, որոնց մեջ կղզիացած են եղեր առանձին թաղամասեր կամ արվարձաններ՝ իրարմե մեկ-երկու հարյուր քայլ հեռավորության վրա։ Նույնիսկ կարելի է այստեղ զանազանել առանձին անհատական սեփականություններ՝ իրենց