Այս էջը հաստատված է

բազմակողմանի ուսումնասիրության։ Ես կարող եմ միայն ներկայացնել արդյունքներ, փաստեր անհամեմատ բարձր արժանավորություններու և կորովի նկարագրի մը, քան մեր ներկա սերունդը, թող ամեն ոք դատե ու վճռե իր ուզած կերպով։

Կարծեմ անցավ այն հոռետեսության ժամանակը, երբ ոչ ոք չէր ուզում հավատալ, թե դեռ նախաքրիստոնեական դարերուն մեջ իսկ, հայ ազգը ստեղծել է իրեն հատուկ ինքնուրույն արվեստներ և մասնավորապես ճարտարապետական մի ոճ, որ անհունապես կզանազանի զինքը շրջապատող մեծ ու փոքր ազգերու արվեստից ոճերեն։

Անին, Հայաստանի բազմադարյան քաղաքակրթության բունին վրա աճած և ուռճացած մի պտղալից ոստ, չէր կարող ետ մնալ ընդհանուր մայր երկրին մեջ զարգացող արվեսաներու հոսանքեն, նույնիսկ Կամսարականներու օրով, որոնց գեղարվեստասիրության և փափկաճաշակ մեծագործությանց աննման կոթողներն են Տեկորի և Մրենի հոյակապ տաճարները, 5-7-րդ դարերեն մեզ հասած։

Կամսարականներե հետո Շիրակի վրա իշխող տոհմերը՝ Բագրատունիք, Պահլավունիք[1] և Զաքարյանք, ոչ նվազ ապացույցներ տվին իրենց նախորդներուն ջերմ հետևողներ լինելուն մեջ, և մեծագործ ու գեղարվեստական շինություններով ծածկեցին երկիրը։ Այսպիսի կենսունակ և բարձր հատկություններով օժտված ժողովուրդը չէր կարող քանդվիլ և իր բնիկ երկրեն տարագրվիլ, եթե արտաքին թշնամիներու միջոցավ երկրին կառավարիչներուն մեջ ատելության և մշտնջենական կռիվներու սերմեր չգտնվեին անընդհատ։ Խաղաղություն տեսնելե հուսահատ՝ երբ գաղթականության դիմեցին շիրակեցիք և անեցիք, գրկաբաց և լայն առանձնաշնորհումներով հյուրընկալվեցան իրենց գաղթավայրերուն մեջ իբրև քաղաքակրթության ազնիվ խմոր։

Անին ամբողջ երկու դար դյուցազնական կռիվ մղեց խավարի և տգիտության դեմ, բայց վերջապես չկարողացավ խորը չափով իսկ փոխել տիրող բռնակալներու գազանային հակումները և ազնվացնել անոնց նկարագիրը...:

Բագրատունի հարստության անկումեն հետո շատ քիչ քաղաքներ այնչափ թալաններու ու կոտորածներու թատերաբեմ եղան, որչափ Անին։ Այնտեղեն բղխող ոսկիի անսպառ աղբյուրները միշտ հույնին, պարսիկին, արաբին ու թաթարին կողոպուտի վայրենի ախորժակը գրգռեցին և քանի՜ քանի անգամ մինչև շապիկնին թալանվեցան անեցիք, սակայն իրենց բնական կենսունակությամբ, մեղվաջան ժրաջանությամբ շուտով կմոռնային անցուցած զուլումնին և նոր կյանքով ու նոր գործունեությամբ հրապարակ կուգային[2]։ Բայց վերջապես դանակը ոսկորին հասավ այն ժամանակ, երբ բռնակալները նյութապես անոնց մինչև կաշին քերթելեն հետո, ձեռնամուխ եղան խղճին, համոզման, եկեղեցվույն և հայրենի դարավոր նվիրական ավանդություններուն. այս դրության միակ ելքը գաղթականությունն էր։ Շիրակեցին, անեցին իր լեզուն, հավատը և ազգային սրբազան ավանդությունները պահելու համար, քանդեց տուն-տեղ, հայրենիք և միանգամ ընդմիշտ հեռացավ իր ծննդավայրեն, բայց այս քանդումով քանդվեցավ նաև թշնամին, ավերակներու վրա սոված նստելեն հուսահատ՝ ինքն ալ անհետ կորավ և երբեմնի փառաշուք պերճությամբ աշխարհ հրապուրող մեծ Անին փոխվեցավ այսօրվան նահատակ քաղաքակրթության մը վսեմ դամբարանի։

Շիրակի ու անոր մայրաքաղաք Անիի բնակչության նյութական և բարոյական բոլոր առավելությունները վերհանելու համար հատորներ պետք են, նույնպես հետզհետե այլասերվող, ստրկացող և ժրաջան ու բարեպաշտ ժողովրդին արյունը տզրուկի նման ծծող իշխաններու և վարչապետներու շահատակությունները, եթե այս վերջիններս լինեին հեռատես, խոհեմ ու քաղաքագետ վարիչներ, Անին օր մը Արևելքի Աթենքը կամ Հռոմը պիտի լիներ Հայաստանի սրտին վրա։

Աշոտի թագավորութենեն մինչև Չարմազանի աղեխարշ կոտորածը, բացի Շետտատյաններու շրջանեն, երբ շատ անբնական էր կացությունը, այնուամենայնիվ վերականգնման հուսով կշարունակեր կենդանի ու գործունյա կյանքը Շիրակի մեջ: Չամբաղանի հարվածը ավելի խոր ազդեցություն գործեց Անիի վրա ոչ միայն կոտորածով և ավարով, այլև Զաքարե զորավարի հաջորդները այլևս չունին անոր քաջությունը և աշխարհաշեն վարչագիտական հազվագյուտ տաղանդը, որով, թեև մեկ դար ևս կյանքը շարունակվեց, սակայն, հետըզհետե երկիրը քայքայման ճանապարհին վրա էր: Անեցիք, պատուհաս Շետտատյաններու վտարվելեն հետո մեծն Զաքարե սպասալարի և մասամբ անոր Շահնշահ որդվույն օրերուն, Բագրատունի շրջանեն ոչ նվազ զարգացած էին ամեն տեսակ արվեստներու մեջ և նույնչափ ապահով կզգային ինքզինքնին։ Ահա այս վստահության հետևանքն էր, որ անեցիք մասսայական ցույցերով սպանեցին Չարմաղանի դեսպանները. սակայն սխալված էին. նույնիսկ հույս դրած քաղաքի իշխաններն էին, որ ձեռնտու պիտի գտնվեին Չարմաղանի հաղթությունն ապահովելու։ Բայց և այնպես թաթարաց արշավանքեն հետո, անոնց տիրապետության տակ եթե հայերը ճնշված էին նյութապես, սակայն համեմատաբար Շետտատյան շրջանեն ավելի ազատ էին իրենց կրոնական սրբությունները և խղճի ազատությունը։ Այս պատճառավ ալ մինչև շիրակեցու և անեցու համայնական գաղթը՝ անընդհատ կգտնենք

  1. Պահլավունիներ թեև բացարձակ իշխանություն չեն ունեցեր Շիրակի վրա, սակայն թե թագավորներու օրով և թե անիշխանության շրջաններու մեջ իբրև վարչական մարդիկ մեծ դեր ունեցեր են: Մասնավորապես կղերական դասը ունեցեր է առանձին աթոռ Անիի մեջ և երկրին վարչության հետ զուգահեռաբար գործել է երկար ժամանակ:
  2. Վասպուրականի մեջ, Արծրունի թագավորության ժամանակ, ոչ նվազ ծաղկեր էին ճարտարապետություն և գեղարվեստ. և կարելի ըսել, որ շատ մը մասերու մեջ գերազանցած էր քան Անին և հայրենիք եղած էր Հայաստանի մեջ 10-րդ դարեն սկսյալ ծաղկող զանազան ոճերու: Շիրակի մեջ ճարտարապետական որոշ ոճերու նախատիպերը Վասպուրականի մեջ են և անկեց փոխադրված կերևին Արարատյան աշխարհը: Այս մասին կանդրադառնամ ուրիշ հոդվածի մը: