Այս էջը հաստատված է

գեղարվեստական հիշատակարաններ՝ կանգնված բովանդակ Շիրակի մեջ։

Քանի դեռ Անին և շրջակայքը ամբողջապես ուսումնասիրված չեն, և ամբողջական ուսումնասիրության համար ալ երկար տարիներ են հարկավոր և, որ ավելին է, առանց շրջակա գավառներու ուսումնասիրության, առանձնապես Շիրակի և Անիի ուսումնասիրությունը գոհացուցիչ արդյունք չի կարող տալ, հետևաբար այժմեն շատ դժվար է այնտեղ զարգացող արվեստներուն իսկական նկարագիրը տալ ինքնուրույնության և զուտ անեցիներու վերագրելի ստեղծագործությանց տեսակետով։ Սակայն հնարավոր է գեթ խոշոր գծերով ուրվագծել նշանակելի արդյունք մը, որն որ այդ երկրին հատուկ ժողովրդի բացառիկ աշխատությամբ հավերժացած է։

Անիի կենդանի շրջանը կարելի է չորս մասի բաճանել. 1. Կամսարականներու շրջան, 2. Բագրատունի շրջան, 3. Շետտատյան շրջան, 4. Զաքարյան շրջան։ Այս յուրաքանչյուր շրջանը որոշ դրոշմ դրեց Անիի ու շրջակայից մեջ ծաղկող գեղարվեստին վրա և յուրաքանչյուր շրջանեն ալ առավել կամ նվազ չափով մեզ հասած են հիշատակարաններ, որոնք պատմագրական տեղեկություններե ավելի ճշմարտապատում կներկայացնեն ժամանակի ոգին և քաղաքական ու տնտեսական կացությունը։

3. Կամսարականներու շրջան: Անին 4-րդ դարուն Կամսարականներու սեփականություն եղավ, սակայն նույն դարուն այնտեղ բնակչություն գտնվելուն վրա շատ քիչ բան հայտնի է մեզի, բայց որ հետագա դարերուն մեջ Անին և մոտակա շրջակայքը շարունակ բնակելի էին, այդ մասին բավական տեղեկություններ ունինք։

Դժվար է փորձել Անիի նախակամսարական շրջանի մասին վճռական կերպով ստույգ տեղեկություններ գտնել. այնուամհնայնիվ, նախքան Կամսարականաց շրջանի մասին գրելս, ավելորդ չեմ համարիր ավելի հին շրջանի մասին ևս քանի մի խոսք ըսել հիմնվելով աստանդական ցրված մասնավոր մնացորդներու վրա, որոնք հեթանոսական դարերեն մնացած լինելու կասկածը կուտան։

Անի թրքաբնակ գյուղի մեջ նախընթաց տարիներ հայտնվեցան հին հեթանոսական գերեզմաններ, որոնց պեղումներով մեծանուն գիտնական պ. Ն. Մառ, փոքրիկ, բայց խիստ բնորոշ բաժին մը կազմեց Անիի հնագիտական թանգարանին մեջ։ Անշուշտ այդ գերեզմանները անմիջապես իրենց մոտերը բնակող հասարակության մը կպատկանեին։ Այն ժամանակներում, երբ ռազմագիտական անհրաժեշտ պահանջ էր սեպաձև ժայռերու վրա պաշտպանողական բերդեր կառուցանելը, անտարակույս, չէր կարող աչքե վրիպած լինել այժմյան Կզկալա կոչված անմատչելի ժայռը, բերդի համար իր բոլոր հարմարություններով։ Պատմական հատուկտոր տեղեկություններ ալ կան, որ 4-5-րդ դարերուն այնտեղ բերդ մը գոյություն ուներ Անի ամրոց անունով, բայց սկիզբը ե՞րբ շինված էր և ո՞վ շինած էր, անհայտ է (նկ. 235)։

Զաքարե սպասալար 13-րդ դարու սկզբին Կզկալայի բարձունքին վրա յուր մոր՝ Սահակադուխտի անունով մի եկեղեցի շիներ է և եկեղեցվո հարավային պատի ընդարձակ արձանագրության մեջ հայտներ է, որ ինքն այդ եկեղեցին շիներ է վաղեմի լուսավորչաշեն եկեղեցիի մը մոտը։ Հետևաբար, նախքան Զաքարեի շինելը այնտեղ մի եկեղեցի գտնվելն անկասկած է, և այնքան հին էր, որ ոչ ոքի հայտնի չէր անոր շինողը և ավանդաբար Լուսավորչին կվերագրեին։ Ուրեմն, այդքան հին ժամանակ Կզկալայի բարձունքին վրա եկեղեցվո մը գոյությունը ապացույց պետք է լինի մոտակա բնակչության մը գոյության։ Անիի ձորերուն մեջ և անմիջապես շրջակայքը շատ կան մանր-մունր մնացորդներ, որոնք հեթանոսական շրջանի պատկանելու կասկածը կուտան, սակայն անոնց մասին ենթադրություն կամ վճիռ կանխահաս համարելով, առայժմ ավելորդ չեմ համարեր հիշատակել անոնցմե մեկ հատը միայն, որ ավելի քան մյուսները հավանականություն կներկայացնե նախաքրիստոնեական շրջանի պատկանելուն։

Անիի արևմտյան կողմը, 5-6 կիլոմետր հեռավորության վրա, Ղոզլիճա գյուղեն (ի հնումն Բագնայր) դեպի հարավ-արևելք, Ալաջա լեռան ստորին գագաթներեն մեկուն վրա, մեծածավալ որձաքարով շինված հետաքրքրական շենքի մը մնացորդը կա։ Մոտակա քուրդ գյուղացիներուն այս տեղը ծանոթ է Ղալա (բերդ) անունով։ Երեք բոլորակ պատեր են շինված մեջ մեջի, յուրաքանչյուր պատերու միջոցը դատարկություն կա մոտավորապես 7-8 մետր[1]: Կրաշաղախ բնավ գործածված չէ, միջին բոլորակը, որուն տրամագիծը հազիվ 5-6 մետրի հասնի, համեմատաբար ավելի փոքր քարերով շինված է եղեր։ Բլուրը այժմ ալ անմերձենալի է գրեթե, բացի արևմտյան կողմեն, ուր շինված է եղեր մտից դուռը հանդիպակաց մեծ բլուրը իրեն միացնող թևին վրա։

Ի՞նչ շենք էր այս և, մասնավորապես, ի՞նչ բանի կծառայեր միջին փոքր բոլորակը, իհարկե, վճռական բան չէ կարելի ըսել, ընդհանրապես մեզի ծանոթ բերդերու հետ բնավ չի համեմատվիր իր օտարոտի ձևով։ Համենայն դեպս իր շինարարական ոճով ալ քրիստոնեական շենքերեն շատ կտարբերի։

Հսկա որձաքարերով բերդեր, պարիսպներ և ուրիշ զանազան շենքեր շինելու սովորությունը շատ հին է հայոց մեջ, գոնե առնվազն 5-րդ դարեն անդին պետք է փնտրել առանց կրաշաղախի որձաքարով շենքեր կառուցելու սովորությունը։ 5-րդ դարեն մեզի հասած հրաբխային սրբատաշ քարերով կրաշաղախ շինվածքներու օրինակներ քիչ չեն։ Նույնիսկ 3-րդ և 4-րդ դարերուն ալ գտնվելուն մեծ հավանականություն կա, այս պատճառով ալ ինծի հավանական կթվի, որ Տեկորի, Բագարանի և Երվանդակերտի առանց շաղախի հսկա որձաքարերով շինված բերդերը նախաքրիստոնեական դարերուն կպատկանին։ Ալեքսանդրոպոլեն [Լենինական] դեպի հարավ-արևելք, 10-12 կիլոմետր հեռու, Կափըլի գյուղին մեջ

  1. Բոլորովին հոգին հավասարված են հիմերը և թափված մեծամեծ քարերը արգելք են ճշտիվ չափելու ոչ միայն պատերու մեջ եղող դատարկությունները, այլև պատերուն թանձրությունները: