Այս էջը հաստատված է

է Զաքարե սպասալարը իր մոր՝ Սահակադուխտի անունով այնտեղ եկեղեցին շինած ժամանակ։

Հնագույն շինության մը երևույթն ունի միջնաբերդի բարձունքին վրա պալատի արևելյան կողմին կից սագաշեն փոքր եկեղեցին, որուն վրայի արձանագրության թվականը, ըստ պ․ Ն․ Մառի ընթերցանության, 7-րդ դարուն կպատկանի (622), թեև հետնագույն նորոգություններով ավելի ուշ ժամանակի ոճեր մտեր են անոր մեջ։ Մասնավորապես հարավարևելյան անկյունի կիսաբոլորակ խորշին ճակատը պսակող քանդակագործությունը 10-րդ դարու արվեստի հատկանիշն ունի։

Ուշադրության արժանի այս փոքր եկեղեցվո հյուսիսային պատին կից երկհարկանի դամբարան-մատուռին որմնասյուները, որոնք կետ առ կետ իրենց ոճով նման են Զվարթնոց եկեղեցվո դռներու fronton-ները կրող որմնասյուներուն, չգիտեմ՝ այս միակ նմանությո՞ւնը պետք է Զվարթնոցի դարու հարազատ մնացորդ համարել, թե՞ պատահական նմանություն է․ այդ մասին կդժվարանամ վճռական կարծիք հայտնելու, բայց եթե հաստատվի, որ իսկապես 7-րդ դարուն կպատկանին թե՛ եկեղեցին և թե՛ այս հարակից դամբարանը, այն ատեն հաստատապես կգիտնանք նաև, որ հայոց մեջ երկհարկանի դամբարանները շինելու սովորությունը մինչև 7-րդ դար կհասնի՝ հակառակ 10-11-րդ դարերեն սկսած լինելու կարծիքին։

Այս թվածներես դուրս՝ առայժմ չենք կարող գտնել որևէ մնացորդ Անիի մեջ, որ կարելի լինի Կամսարականներու ժամանակին վերագրել, և այս ամենը, բացի պալատին կից եկեղեցիեն, այնպես ողորմելի, քարուքանդ վիճակի մեջ մեզ հասած են, որ անոնց վրա Կամսարականաց շրջանի Անիի մեջ շատ դժվար է արվեստից զարգացման աստիճանի մասին վճռական կարծիք հայտնել։ Բայց միևնույն ատեն դատելով 5-րդ և 7-րդ դարերեն մեզ հասած հայ հիշատակարաններու գեղարվեստական և շինարարական գերագույն կատարելութենեն, բնականաբար, Անին, իբրև Հայաստանի մաս, միևնույն ատեն իրենց գեղարվեստասիրությամբ հռչակավոր տոհմի մը սեփականություն՝ չէր կարող ետ մնացած լինել Հայաստանի ուրիշ մասերեն, այդ պիտի ապացուցանե նաև պալատին կից եկեղեցվո շինությունն ու ոճը՝ եթե հաստատ է անոր 7-րդ դարուն պատկանելը։

4․ Բագրատունիների շրջան։ Ինչպես ընդհանուր Հայաստանի մեջ 4-րդեն մինչև 7-րդ դարու վերջը, այնպես ալ Շիրակի մեջ Բագրատունյաց ժամանակը շինարարական արվեստի մեծագործության շրջան է։ Թեև Շիրակի հետագա շրջաններն ալ գեղարվեստի զարգացման տեսակետով ետ չմնացին, նույնիսկ մի քանի ճյուղերու մեջ ավելի գերազանցեցին, սակայն Բագրատունիներու նման մեծամեծ հիշատակարաններ չթողուցին։ Հետիններուն մեջ ավելի զարգացավ նկարչությունը և մասնավորապես մանրանկարչական արվեստը։

Բագրատունիք, բաղդատմամբ իրենց անձուկ երկրին և փոքրաթիվ ժողովրդյան, մեծագործություն ըսվելու արժանի հիշատակներ շատ թողեր են, որոնց մեկ քանին այստեղ հիշատակելով պիտի բավականանամ։

Աշոտ Ողորմածին վերագրելի մնացորդներ Անիի մեջ գտնել շատ դժվար է, բացի մզկիթի մոտեն դեպի Ծաղկոցաձոր ձգվող պարիսպը և քանի մը հատուկտոր մասեր արքունիքի մեջ (միջնաբերդ), որոնցմե մեկը, ինչպես վերև խոսեցա, արքունիքը քաղաքեն բաժնող հաստ պատն է, որ մասամբ պալատի հյուսիսային ճակատն էր։ Աշոտին կարելի է վերագրել պալատի արևմտյան դուռն իր հնադարյան ոճի քանդակագործությամբ և ջրամբարը։ Եթե իսկապես ջրամբարը Աշոտի գործ լինելը կհաստատվի, այն ատեն ջրամբարեն ավելի հիշատակության արժանի գործ է ջրմուղը, որուն միջոցավ Ալաջա լեռան ստորոտներեն ջուրը կհասներ մինչև Անի և կբարձրանար պալատի բարձունքներուն