Այս էջը հաստատված է

ապստամբիլ և բռնակալի լուծը թոթափել, գաղտնի դիմեցին վրաց Դավիթ թագավորին և խոստացան քաղաքն իրեն հանձնել անկասկած, առաջին անգամ կաթուղիկեին գլուխը ցցված անարգ մահիկը ոտքի տակ ջախջախելու մտադրությամբ, ինչպես որ Արփասլան վարվեր էր Սմբատի անգին ջահին և Կատրամիդե թագուհու մարդաչափ բարձրությամբ արծաթյա խաչին հետ։

Դավիթ թագավոր սիրով ընդունեց անեցիներու առաջարկը, անմիջապես եկավ և անեցիներու աջակցությամբ դուրս քշեց Շետտատյաններու տոհմը, և առաջին գործը եղավ հավաքել եպիսկոպոսներ, վարժապետներ ու վերստին օծմամբ կաթուղիկեն նորից վերածել քրիստոնեական եկեղեցու։ Շատ չանցավ՝ Դավիթ մեռավ և անոր տեղը անցավ իր Դիմետր որդին։ Ասոր օրով Շետտատյաններ վերստին ձգտեցան Անիին տիրանալու, բայց Դիմետր, իր քաղաքական աննպաստ կացության պատճառավ, ակամա հանձն առավ Անին հանձնել Շետտատյաններու, սակայն անեցիք անձնատուր եղան այն պայմանով, որ անոնք հարգեն խղճի ազատությունը և անգամ մ'ալ չփորձեն կաթուղիկեին ձեռք տալ։

Ի բնե վատությամբ խմորված ցեղի մը հարազատը, Անիի նոր տեր ուխտագրուժ Փատլուն, հակառակ իր երդմամբ տված խոստումին, արհամարհելով անեցիներու խիղճն ու զգացումը, հրապուրված կաթուղիկեի ոսկեղեն, արծաթեղեն մեծ հարստութենեն, փորձեց ձեռք մեկնել և տիրանալ անոր։ Սակայն շուտով զգաց իր վտանգավոր ձեռնարկի աղետաբեր հետևանքը և անմիջապես ետ կեցավ իր մտադրութենեն ու առասպելական երազով մը քողարկեց իր անարգ պարտությունը։ Վրացոց կարճատև հովանավորութենեն շունչ առած անեցիք այնպիսի սպառնական դիրք բռնեցին, ուրկեց սարսափեցավ Փատլուն։

Անտարակույս, այս անգամ անեցիք պատրաստ էին կամ մինչև կոտորվել կաթուղիկեի դռան առջև և Փատլունը մոխրի վրա նստեցնել և կամ հավիտենապես քշել զինքը, մի ուրիշին անձնատուր լինելով։

Այս բնորոշ դեպքեն հետո մնացած 60-70 տարիներ, մինչև Զաքարե սպասալարի տիրապետությունը, Անին տասը տարի հաջորդաբար խաղաղության երես չտեսավ թե ներքին բռնակալներե և թե արտաքին թշնամիներե։ Ստիպված էին դարձյալ պարբերաբար դիմել վրաց թագավորներուն և անոնց պաշտպանությամբ փոքր ինչ չեզոքացնել ներքին ու արտաքին չարիքները։ Այս շրջանին պատկանող հիշատակարաններու, արձանագրություններու և պատմագրական էջերը լեցուն են դառն ժամանակ, չար ժամանակ տխուր բացականչություններով։ Սպանություններ, թալաններ, բռնի մահմեդականացումներ պակաս չէին երկրին ամեն կողմը, և տուրքերու ծանրության տակ ճնշված կհեծեր ժողովուրդը։ Կարող դասը մեծ մասամբ գաղթականության մեջ փնտրեց իր խաղաղությունը, իսկ մնացորդներուն համար օր ըստ օրե կենաց և մահու խնդիր դարձավ այնտեղ մնալը։ Հույներու դավաճանութենեն զզված, մահմեդականի բռնակալութենեն սարսափած դժբախտ անեցիք վերջին փորձ մը ևս կատարեցին հաճախ իրենց բարյացակամությունը ցույց