Այս էջը հաստատված է

մը, այլև շինարարական ոճի (construction) մեջ այնպիսի հետաքրքրական մասեր, որոնցմե մենք այսօր իսկ կարող ենք օգտվել քարահատության, տարողության և խնայողության տեսակետով։

Չենք կարող մոռանալ այս շրջանին պատկանող Այրիվանքի [Գեղարդ] քարափոր եկեղեցիներն ու ժամատունները, որոնք մեծագործություն համարվելու չափ զմայլելի կերտվածքներ են։ Անիի մեջ շատ կան քարափոր եկեղեցիներ, մատուռներ և ժամատուններ, սակայն անոնցմե ոչ մեկը չի կարող վավասարիլ Այրիվանքի քարափորներուն․ այս վերջինս ամենեն ավելի փորձված արվեստագետներուն անգամ անհավատալի պատրանք թվելու չափ նրբությամբ, համաչափությամբ և վայելչությամբ կերտված է ընդհանրապես․ պետք է շատ ուշադրությամբ քննել տեսնելու և համոզվելու համար, թե գեղեցիկ սյուներ, խոյակներ, խարիսխներ և ասոնք իրարու միացնող աղեղներ ու կամարներ միակտուր զանգվածներ են՝ կոշտ ապառաժին մեջ նրբին հաշիվներով կերտված։

Գալով մասնավորապես Անիին, Զաքարյան շրջանի ճարտարապետական նմուշներ բազմաթիվ են։ Ճարտարապետական գլուխ-գործոց է Անիի Առաքելոց եկեղեցվո գավիթը՝ ամենայն հավանականությամբ 13-րդ դարու կեսին մոտ շինված՝ Պահլավունի տոհմին պատկանող կղերականներու նախաձեռնությամբ, որն որ, իրենց սեփական աթոռը լինելե զատ, նաև այդ տոհմի հոգևորականներու դամբարանն էր։ Այս գավիթին մեջ ցանկացողը կարող է այսօր իսկ տեսնել՝ թե անեցի վարպետներ որ աստիճան ճարտարությամբ կարող էին գույնզգույն մեծ ու փոքր քարերով մոդայիկ առաստաղներ շինել, շրջապատված գեղեցիկ շրջանակներով։ Զիրար խաչաձևող կամարներու և աղեղներու ու անոնց խաչաձևումեն գոյացող միջոցներ ստալակտիտ գմբեթավորելու կամ մոզայիկ առաստաղով ծածկելու ոճը գաղափարող ճարտարապետին տաղանդը իսպառ անպտուղ պիտի անցներ, եթե Անիի մեջ չգտնվեին կիրթ ու մշակված ճարտարապետներու գաղափարները իրականացնելու կարող արհեստավորներ։ Շինարար արհեստավորներ Անիի շրջանին մեջ անմրցելի առավելություններ ունեցեր են, անոնց ճարտարապետության և կարողության ապացույցներ քանի մը դարեր անցնելեն հետո մեզ հասած շինվածքներուն փլատակ վիճակի մեջ անգամ զմայլեցուցիչ նրբությամբ փայլելը (նկ․ 38)։

Մանվածո զարդաքանդակներու նոր վերածնության, ինչպես նաև կենդանյաց ու թռչնոց քանդակագործությանց 13-րդ դարու ոճին ներկայացուցիչներն են Անիի մեջ ս. Գրիգոր Լուսավորիչ (Նախշլի) եկեղեցին, Կզկալայի եկեղեցին, 1892 թվականին պ․ Ն. Մառի պեղած ս. Գրիգորը, Ծաղկոցաձորի գլխին պալատ կարծված շենքին դուռը և նոր պեղված վաճառատանց դռները, Կուսանաց վանքը և ուրիշ բազմաթիվ հատուկտոր մնացորդներ, որոնք ձևերու անսահման այլազանություն մը կներկայացնեն։ 13-րդ և 14-րդ դարերուն