Այս էջը հաստատված է

հանձնելով, առանց վայրկյան մը իսկ օգտվել գիտենալու ժողովրդի ըստ ամենայնի թարմացած և ապահով հաղթանակի համար մինչև վերջին շունչը դյուցազնաբար կռվելու պատրաստ տրամադրություններեն:

Թաթարաց արշավանքը նույնքան համատարած եղավ, որչափ Արփասլանի արշավանքը, սակայն նույնքան դեպի արագ կործանում չտարավ հայ ժողովուրդը, որչափ Արփասլանի արշավանքը: Թաթարները նյութական հարստութենե շատ՝ գրեթե ուրիշ ակնկալություններ չունեցան, թեև շատ ծանր հարկեր դրին հայ ժողովրդի վրա, սակայն վարչական ներքին կազմակերպության ձեռք չտվին. նախկին վարչապետներ և կառավարիչներ իրենց պաշտոններու մեջ վերահաստատվեցան լայն իրավունքներով: Ինչ որ ավելի նշանակալի իրողություն է, ամենևին չունեցան մեհմեդականներու կրոնական մոլեռանդությունը և չհալածեցին քրիստոնեությունը: Իսկ պարբերաբար քանի մը թաթար կառավարիչներու քրիստոնեություն ընդունելն ավելի նպաստեց հայերուն ավելի խաղաղ և բարգավաճ կյանք ունենալու, որով նաև ծաղկեցան ճարտարապետությունը և գեղարվեստը: Որչափ որ տուրքերու ծանրության տակ ճնշված էին թաթարաց տիրապետության տակ գտնվող հայաբնակ գավառները, սակայն այս տնտեսական տագնապը, ապագայի մեծ հույսերով, սիրով տանելու տրամադիր էին խղճի ու եկեղեցվո անսահման ազատությամբ մխիթարված և ժամանակավոր աստվածային պատուհասներ համարված էին իրենց կրած անձնական վշտերը: Հավատացած էին, որ պիտի անցնեին դառն օրերը, դարձյալ պիտի վերականգներ երկիրը, և իրենք մշտնջենապես պիտի ապրեին իրենց բնիկ հայրենիքին մեջ, այդ պատճառավ ալ անընդհատ շիներ են մեծ ու փոքր գեղարվեստական շենքեր մինչև այն դժբախտ օրերը, երբ անեցիք և շրջակա հայաբնակ գավառները իրենց փրկությունը փնտրեցին գաղթականության մեջ:

Վերջին անգամ հայոց գաղթականության մեծ հոսանքի շարժառիթը Շետտատյան շրջանի վերանորոգման իրական երկյուղն էր: Մահմեդականներ սկսեր էին մուտ գտնել թաթարաց արքունիքը և անոնցմե հարկահան ոստիկաններ նշանակվել էին հայաբնակ գավառներու վրա. անոնք, հակառակ թաթար խաներու բայրացակամ տրամադրության, անլուր հարստահարություններ սկսեր էին գործ դնել և կամաց-կամաց, մոլեռանդությամբ բորբոքված, եկեղեցիներ ու վանքեր կողոպտել ու ավերել: Շատ չանցած՝ թաթարներու մեջ ալ մահմեդականության մեծ ծավալ ստանալը վերջին հարվածը տվավ հայաբնակ գավառներու բնակչության տածած հույսերուն: Բազմաթիվ օրինակներ տեսնվեցան անլուր խժդժություններու, սպանություններու