Այս էջը հաստատված է

անոնց մազերու զարդարանքները։ Ոսկեձույլ կամար ունեին մեջքերին, ակնակուռ օղեր՝ ականջներին, նույնպես ապարանջաններ՝ թևերին։ Եթե հավատանք մի ավանդության, մինչև իսկ արծաթյա գամերով գամված էին անոնց ոտքի կոշիկները։

Մազերնին խնամքով սանրված և քաղցրաբույր յուղերով օծված էին. անուշահոտ օճառներով կլվացվեին. յուրաքանչյուր տիկին իր առանձին սպասուհին կամ աղախինը ուներ, որն որ իր տիրուհիին ձեռքին ջուր կլցներ լվացվելու ժամանակ և անձեռնոցիկ կմատուցաներ սրբվելու։ Ոսկեզօծ շքեղ պատգարակներու մեջ բազմած դուրս կելլեին զբոսական պտույտներու ժամանակ։

Բեհեզյա, փետրալից փափուկ անկողիններու մեջ կհանգստանային և հաճախ մեկե ավելի անկողիններ մեկզմեկու վրա կփռվեին։ Անկողինները տարածված էին ոսկեզարդ և նկարազարդ մահճակալներու վրա և մահճակալներն ալ ծածկված էին ամպհովանիներով և ոսկեթել բանված վարագույրներով։ Թագուհու մը անկողինեն ոչ նվազ զարդարուն էր հարսանեկան առագաստի սենյակը։ Ոչ միայն անկողինը զարդարված էր թանգագին ամպհովանիով և վարագույրներով, այլև առագաստի սենյակին ամբողջ ճակատը ծածկված էր շքեղազարդ վարագույրով։

Սնունդը ընդհանրապես նույնն էր երկու սեռի համար։ Բարակ նաշիհով պատրաստված էր հացի խմորը. ընտիր որսական երեներե զատ, մատաղ հորթուկներու ուղեղով կպատրաստվեին փափկաճաշակ խորտիկներ անոնց ընտանեկան սեղանի համար. ոսկեղեն պատառաքաղով և դդգալով ճաշ ալ շատերուն համար արքունի շնորհ էր։ Նույնպես ոսկեղեն և արծաթեղեն բաժակներով ու բաժակակալներով կմատռվակեին գինին սեղանի վրա և արծաթեղեն սպասներով՝ կերակուրը։ Ունեին իրենց ընտանեկան ճաշասրահը, անկախ այն տաճարներեն, որոնք հատուկ էին տոնական օրերու կամ պաշտոնական պատվո խնջույքներու խրախճանությանց:

Սկսած 4-րդ և 5-րդ դարերու պատմիչներեն մինչև 14-րդ և 15-րդ դարերու պատմիչներ, առավել կամ նվազ չափով, այս ճոխ ու փարթամ կենցաղի նկարագրական հատվածներ ունին, որոնք գրեթե համանման են իրարու։ Առնվազն տասն և հինգ դար գրեթե նույնությամբ շարունակվեր է հայոց մեջ՝ շատ քիչ փոփոխություններով։

* * *

Այսպես պերճորեն պճնազարդվիլ և բնության առատ պարգևներեն օգտվելով կյանքը վայելել գիտցող իշխող դասը անպայման պետք էր որ ունենար թե ներքինով և թե արտաքինով շքեղաշուք ապարանքներ՝ համապատասխան իր տարազին և ապրելակերպին։

Այս մասին պատմական տվյալներու մեջ հազիվ թե չափազանցություններ նկատելի լինին, բավական է մասնագիտորեն ըմբռնել գրվածները և ներդաշնակորեն դասավորել ակնարկված յուրաքանչյուր հարամասունքը։

Ամփոփելով ապարանքներու մասին հատուկտոր պարբերությունները, կունենանք հետևյալ մոտավոր նկարագիրը Հայաստանի իշխանական և նախարարական ապարանքներուն։

Ընդհանրապես մեծ բլուրներու գագաթներ կամ լանջեր կընտրվեին ապարանքներու շինության համար։ Ապարանքի շուրջը բավական ընդարձակ հողամաս կհատկացվեր՝ բազմատեսակ մեծ ու փոքր շինություններ, ընդարձակ այգիներ, պարտեզներ, պուրակներ և ուրիշ զբոսավայրեր շինելու համար։ Որովհետև ի հնումն ապարանքները շատ անգամ իբրև ամրոց ալ կծառայեին, այդ պատճառով թե ապարանքը և թե անոր հատկացված ընդարձակ հողամասը առանձին առանձին ամուր պարիսպներով կշրջապատվեին։

Բուն ապարանքին հատկացված պարիսպի մեջ կհարդարեին քաղցրաբույր ծաղկանոցներ, մրգաստաններ և զանազան տեսակ պուրակներ, որոնց մեջ ճյուղավորված էին փողոցներ կամ ճանապարհներ։

Գրեթե նույն բաները կային նաև արտաքին ընդարձակ պարիսպին մեջ, և երբեմն այս պարիսպը այնքան մեծ հողամաս կշրջապատեր, և ներսի ծառաստանը անտառանման ընդարձակություն կունենար, որ այդ արվեստական անտառին մեջ վայրի անասուններ և գազաններ կլեցնեին որսորդական զբոսանքներ և պատերազմական վարժություններ կատարելու համար։

Եթե պատահաբար ապարանք կառուցանելու համար ընտրված բլուրն իր մեջ ջուր չունենար պահանջված չափով, այն ժամանակ ոչ մի դժվարության առջև կանգ չառնելով, հեռավոր լեռներու և ձորերու ջրերը քարե և թրծուն կավե խողովակներով կբարձրացնեին նորակառույց ապարանքեն մինչև գագաթը և ասկե կբաժնեին ամեն կողմի վրա։ Բացի այդ վազուն ջրերեն, առանձնապես կշինվեին շտեմարաններ և ձյունահորեր։

Արդյոք որչա՜փ զմայլելի և հրապուրիչ տեսիլ կստանար ծաղկանոցներով ու ծառաստաններով դրախտանման զարդարված այս կանաչագեղ բլուրը իր բարձրաշեն ապարանքով և շուրջը ծառաստաններու մեջ ցրված մեծ ու փոքր գեղեցիկ շենքերով։

Ահավասիկ այս դղյականման ապարանքներու մեջ հավաքաբար կամ անջատ շինված ստորաբաժանումներու և հարմասունքներու անունները.

Տաճար, դահլիճ, սրահ, հրապարակ, տուն, սենյակ, խորան, հովանոց, տուն դիվանի, տուն գանձուց, տուն զինուց, տուն ասպազինաց, տուն պատմուճանաց, տուն պատրուճակաց, տուն պահնորդաց, համբարանոց, փող, փողոց և այլն և այլն։

Մի ապարանքի աոավել կամ նվազ չափով այս հարամուսունքներու գոյությունն անվիճելի է։ Բայց ի՞նչ առանձնահատուկ կերպով կդասավորեին այս հարամասունքները, ո՞ր մասին վրա էր ընտանեկան հարաբաժինը, ի՞նչ հեռավորության, ի՞նչ դիրքերու վրա կշինվեին պիտոյից հատուկ տները։ Ապարանքը և այս հարամասունքները միահա՞րկ էին, թե՞ բազմահարկ, այս հարցերուն պատասխան հետզհետե պիտի տեսնենք հետագա քննություններուս մեջ, հնարավոր եղած չափով։

Բոլոր հարամասունքներու մեջ ամենեն կարևոր և ամենեն ավելի շքեղ բաժանումը տաճարն էր։

Տաճար բառի աշխարհիկ մտքով նշանակության