Այս էջը հաստատված է

է երկու գլխավոր մասեր՝ մի նեղ ու երկար անցքով կամ, ըստ նախնյաց՝ մի փողոցով։ Շենքը երկարած է արևելքեն արևմուտք և հետո ծռված է դեպի հյուսիս։ Արևելյան մասի վրա եղած բաժանումները հատուկ են կաթողիկոսական տան զանազտն ներքին պիտույքներու, ինչպես՝ պաշտոնեից և միաբանաց հատուկ սենյակներ, հյուրատուն, շտեմարաններ, մառաններ, հնձաններ, ի միջի այլոց, մի հնագույն եկեղեցվո խորանի մասը, ամենայն հավանականությամբ, Ներսեսի օրով իբրև մատուռ գործածված։

Արևմտյան մասը, անկասկած, կպատկաներ կաթողիկոսին իբրև պաշտոնական հարկաբաժին։ Այս մասին մեջ է կաթողիկոսական տաճարը, որուն երկու կողմին բաժանված են որոշ մեծ ու փոքր սրահներ և սենյակներ։

Արևելյան և արևմտյան այս երկու անջատ հարկաբաժինները (appartement) միացած էին հյուսիսեն հարավ ձգված կամարով անջատ երկու հարկաբաժինները անջատող փողոցների վրա կամարը մեկ կողմեն հանգչաց էր արևելյան մասի սենյակներու պատին վրա, մյուս կողմեն արևմտյան մասի մի բացօթյա սրահի ճակատը զարդարող աղեղնակապ սյուներու վրա։

Անկասկած, այս կամարակապ անցքն է, որուն ի հնուցն կամարակապ փողոց անունը տվեր են։ Արևելյան բաժնի հյուսիսային ճակատին վրա, եկեղեցվո հետ դեմ առ դեմ, եղեր է նույնպես աղեղնակապ սյունաշարի վրա կամարակապ մի ծածկույթ, որուն մեկ ծայրը միացած է կամարակապ փողոցի հյուսիսային ծայրին: Անպայման՝ հին մատենագրաց ճեմելիք անվանածն է այս նեղ ու երկար սյունազարդ մասը, որուն հարևանցի մի նկարագիրը կուտա Թովմա Արծրունին իր ժամանակի պալատներու նկարագրությանց մեջ։

Կամարակապ փողոցի արևմտյան կողմի կամարակիր սյունաշարը ընդարձակ մի սրահի ճակատը կզարդարե, որու մեջ գտնված սյունախարիսխներու համաչափ դասավորութենեն կերևի, որ կամարակապ ծածկված էր սրահի վրա։ Նշաններ կան ապացուցանող, որ այս բաժանումը ունեցեր է մի սյունաշար նաև հարավային ճակատի վրա։ Այս բաժանումը ճշտիվ կներկայացնե նախնի մատենագրաց սրահ անվանած ստորաբաժանման մի պատկերը, որուն համապատասխան վերև նշանակեցի parvis բառը։ Այս սրահի արևմայան կողմից կան երկու փոքր սենյակներ և մի լվացարան։