Ապարանքին ճարտարապետական և գեղարվեստական խոր հմտությամբ կառուցված լինելուն անժխտելի ապացույցներ բազմաթիվ էին այդ հսկա ավերակին մեջ, սակայն այլանդակված ու հոշոտված բեկորներ միայն, որոնց արժանավոր գնահատությունը լուրջ մասնագիտական հետազոտության կկարոտեր։ Գոնե հույս կար, որ պեղման շարունակությամբ կգտնվեր Բագրատունի թագավորության ժամանակի ճաշակով դասավորված պալատական դահլիճներու, սրահներու և սենյակներու անաղարտ հատակագիծ։ Դժբախտաբար այդ հույսն ալ իզուր անցավ։ Ամեն ինչ աղճատվածք փոփոխված կոշտ ու կոպիտ կարկատաններ՝ գեղեցիկ սրբատաշ պատերու կպցված. մեծ դահլիճներ ու սրահներ խղճուկ սենյակներու վերածված և մինչև իսկ մեջը թոնիրներ թաղված. տեղի-անտեղի դռներ փակված և անոնց տեղ նորեր բացված, զիրար հակասող պատերը խաչաձևված ամեն կողմի վրա՝ առանց որևէ ներդաշնակության, ահա Բագրատունյաց Անիի ապարանքի պեղմամբ կազմված պատկերը։ Ամեն շուք ու վայելչություն անհետացած և տեղը մնացած էր արքայական փառքի մի վշտալի դամբարան։
Եթե այս բոլոր ավերումներու և աղճատումներու մեջ կար մի մխիթարական երևույթ, այն էր, որ Բագրատունիների օրով կատարված շինության արվեստագործությունը և շինանյութերու ընտրությունը հստակ կերպով կորոշվեին հետագա անկման շրջանի կոշտ ու կոպիտ շինվածքներեն։ Այս հանգամանքը հնարավորություն պիտի տար ապարանքի քանի մը մասերուն վրա գեթ ճշտել Բագրատունիներու օրով շինված ստորաբաժանումներու պարզ չափն ու ձևը։ Այս չափ ու ձևերն ալ որոշ չափով լուսաբանություններ պիտի տային շինարարության նկատմամբ պատմագրական էջերու մեջ լույս տեսած անորոշ հատվածներու:
Ամրոց կամ ապարանք շինելու համար, ավանդական հին սովորության համեմատ, Անիի մեջ Բագրատունիներն ալ իրենց արքունիքի շինության համար բլուր մը պարսպեր են՝ մոտավորապես 40,000 քառակուսի մետր գետին շրջապատելով: Բլուրին ամենեն բարձր կետին վրա շիներ են բուն ապարանքը՝ առանձին պարսպով շրջապատված և պարիսպն ալ փոքր քառակուսի բուրգերով տեղ-տեղ ամրացված:
Արքունիքի ընդարձակ շրջապարիսպին մեջ, բացի բուն ապարանքեն, շինված են շատ մը փոքր ու չափավոր