Այս էջը հաստատված է

փայտյա առաստաղը, ամենայն հավանականությամբ Բագրատունիներեն շատ հետո, 13-րդ դարուն, վերաշինվեր է նախկին չորս քարե սյուներու վրա՝ աղեղնակապ գմբեթավոր ծածկի փոխարեն։ Ջրամբարը մաքրվելու ժամանակ, երբ սրահի առերևույթ հատակեն վար շարունակվեցավ պեղումը, բավական խորեն երևան եկան չորս հատ համաչափ հեռավորության վրա հիմնավորված հաստատուն քարե սյունախարիսխներ՝ 10-11-րդ դարերու ճաշակով քանդակված, որոնց ավելի խոշորագույն օրինակներն են այժմ Կաթուղիկեի արևմտյան դռան կից շինված նախագավթի մնացորդ սյունախարիսխները։ Ուրեմն, այլևս ապացույցի կարոտ չէ, որ այս սրահը, ջրամբարով հանդերձ, Բագրատունիներու ժամանակ շինված էր։ Անիի վերջին տիրապետողներու ժամանակ, հայտնի կերևի, որ ջրամբարն ալ անպետքացած էր և ջուրն ալ մինչև ամրոց չէր բարձրանար, որուն հետևանքը եղեր է ջրամբարին հողով լեցվելով և հին հատակին վրա ալ ավելի քան կես մետր հող լեցվելով նոր հատակ կազմվելը։ Ճիշտ այդ ժամանակ է, որ խախտված կամ փլած գմբեթակապ ծածկույթի փոխարեն շինվեր է փայտյա նկարազարդ առաստաղը։ Առաստաղի ոսկեզօծ նկարազարդումը ցույց կուտա, որ այդ ժամանակ Անին դեռ բոլորովին անտերացած չէր և ապարանքին մեջ նստողը պարսիկ կամ թաթար խաներեն մեկն էր։ Եթե չեմ սխալվիր, այս սրահի վերաշինության ժամանակ նորոգություններ կատարվեր են հյուսիս-արևմտյան անկյունի դահլիճին կից մեծ սենյակի մը մեջ ալ, որովհետև զարդանկարներու միևնույն ոճը հիշեցնող նկարազարդերու բեկորներ գտնվեցան նաև նույն մասի պեղումներեն։ Պետք է շեշտեմ այստեղ մասնավորապես, որ այս դահլիճին մեջ մի քանի տեսակ փոփոխություններ կան կատարված, որոնց յուրաքանչյուրին ոճը և ճաշակը պարզ արտահայտություններ կներկայացներ որոշ դարաշրջաններու և վայելողներու քմաց։

Ջրամբարը փակվելեն և նոր սրահ վերաշինվելեն հետո, ինչպես կերևի՝ հեռվեն ջուր բերելու դժվարությունները մասամբ մեղմացնելու համար, ջրամբարի հատակեն սկսած մի արհեստական հոր շիներ են անձրևի ջրերը հավաքելու համար. այս հորը մինչև այսօր կմնա ջրամբարին հատակեն վեր ցցված, հորն ալ մեծ մասամբ շինված է ջրամբարեն քանդված աղյուսներով։

Այս մեծ սրահը անպայման կանանց հատուկ էր թե Բագրատունիներու և թե հետագա տիրապետողներու ժամանակ՝ ապարանքին խորը շքեղորեն շինված, դրսեն միանգամայն անտեսանելի։ Իսկ սրահին այժմյան տարածությունը ավելի փոքր է, քան նախկին Բագրատունիներու ժամանակինը։ Հյուսիսային և արևելյան կողմեն նոր պատեր շինված են հետնագույն նորոգությամբ փայտյա առաստաղ շինելու ժամանակ։ Բայց երեք պատով և սրահին կողմեն առանց պատի բաժանումը իր նախնական ժամանակի շինության ձևը անփոփոխ պահած կթվի ինձ, բահի հյուսիսային պատեն, որ գուցե սրահի նույն կողմի պատին հետ միաժամանակ փոփոխության ենթարկված է։ Անշուշտ, աննպատակ կամ պատահական չէր կարող լինել սենյակի այս ձևը անդուռն և առանց պատի, սրահին կողմեն։ Պետք էր որ որոշ պաշտոն կատարեր և իր կոչման համեմատ այդ ձևով շինվելը անհրաժեշտ լիներ։

Եթե իսկապես կանանց բաժնին կպատկաներ այս սրահը, և պետք էր որ այդպես ալ լիներ, այս պարագային ես բոլորովին հակված եմ հավատալու, որ այդ բաժանումը պետք է լիներ մեր բովանդակ մատենագրության մեջ հաճախ հիշված հարսանեկան առագաստի սենյակը։

Հարսանեկան ծիսակատարության մեջ մինչև այսօր պահված է նորահարսը վարագույրի մը ետևը պահելու սովորությունը։ Բայց նորերուն մեջ մոռացված է առանձին սենյակ պատրաստելու սովորությունը, վարագույրը կկախեն տան մեկ անկյունը։ Գուցե ի հնումն ալ աղքատ կամ միջակ դասի ընտանիքներու մեջ չի գտնվեր առանձին սենյակ, սակայն բարձրագույն դասի ապարանքներու մեջ անպայման առագաստի առանձին սենյակներ գտնվելը միանգամայն պարզ է։ Եվ որովհետև առագաստի ճակատը առանձին վարագույրով ծածկելու օրենքը անվիճելի է, հետևաբար, երեք կողմեն պատ և մեկ կողմեն բաց այս սենյակն է, որ հարմարություն կուտա դարուց ի դարս հայոց մեջ սրբագործված այս օրենքին։ Կարելի է որ առարկողներ գտնվին, թե գուցե չորս պատով սենյակներ էին առագաստի սենյակները և դուռը միայն կծածկվեր վարագույրով։ Եթե այդպես լիներ, այն ժամանակ կարիք չպիտի զգացվեր քանիցս մեր եկեղեցական ժողովներու մեջ, եկեղեցվո սեղանի վարագույրները հարսանեկան առագաստ տներու համար փոխադրվելուն դեմ խիստ օրենքներով արգելք դնելու։ Ուրեմն, քանի որ եկեղեցվո սեղանի վարագույրները կտարվեին առագաստը ծածկելու համար, կնշանակե թե ծածկվելու տեղը դուռ մը չէր, այլ լայն արձակ մի ճակատ, ինչպես եկեղեցվո սեղանի ճակատը։ Ըստ իս, պարզ է, որ Բագրատունյաց ապարանքի մեջ այս բաց ճակատով փոքր սրահը հարսանեկան առագաստի սենյակն էր և, ի հարկին, ճակատը կծածկվեր վարագույրով։ Նույնպես անհավանական կլինի, եթե կարծվի, որ վարագույրը անմիջապես անկողինը ծածկող ամպհովանին էր կամ անկողնի շուրջը կկախվեր։ Այս մասին որոշ տեղեկություն ունենք, որ բոլորովին տարբեր էր այդ վարագույրը կամ ամպհովանին, որուն պարզ սրահակ անունը մեզ կուտան պատմագիրները։

Կարդալով Փավստոսի մեջ Պապի պալատի մասնակի նկարագրությունը, կտեսնենք, որ դարերով անփոփոխ պահվեր է հայ թագավորական ապարանքներու ձևը։ Փավստոսը կպատմե, թե դավաճան Դղակը պալատ տարած ժամանակ մի նեղ փողի մեջ մտցուցին և վերևեն բացված լուսիջույցները ծածկելով, մթության մեջ տարին մինչև արքունի տաճարին դուռը։ Այս նկարագրությունը պարզ ցույց կուտա, որ Պապի ապարանքն ալ մի նեղ ու երկար անցքով փողով երկուքի բաժնված էր, վերևեն լուսավորված, ինչպես Բագրատունիներու ապարանքն է Անիի մեջ։ Անկասկած, Բագրատունիներու ապարանքին մեջ ալ շենքի ամբողջ երկայնությամբ ձգված նեղ ու երկար անցքը փող տանցն կանվանվեր, ինչպես Պապի պալատին