Այս էջը հաստատված է

կնկարագրենք թե ի՛նչ ձևով կփլցնեին ահագին պարիսպներ և շենքերու պատեր ու հետո վրայեն քարերը անվնաս կհանեին։ Երբ բոլորակ ս. Գրիգորի սյան խոյակը մինչև Կարս հասել է, կնշանակե, թե նմանապես հատուկ պատվերով շատ են տարեր հայկական ապարանքներու և սրբավայրերու գեղարվեստական քարեր ամեն կողմ։

Ապարանքի պեղումներու ժամանակ հյուսիսային մասին մեջ դահլիճի մոտ գտնվեցավ մի պսակի (corniche) կտոր, գերազանցորեն գեղեցիկ և ճաշակավոր քանդակված, որուն նմանը ունեցեր է նաև Կաթուղիկեի հարավ-արևելյան կողմը գտնված մի անհայտ շինություն։ Այս շենքին այժմ հազիվ հիմերը և մի քանի գեղեցիկ խոյակներ ու խարիսխները մնացեր են, այնուամենայնիվ հայտնի է, որ 10-11-րդ դարերում գոյություն ունեցող մի կարևոր շենք էր:

Դահլիճի փլատակներուն մեջ գտնված գեղաքանդակ պսակի կտորը ինքնին պերճախոս ապացույց է, որ երբեմն դահլիճի կատարը շուրջանակի պսակված էր նույն գեղեցիկ պսակով։ Եթե բնական մի արկածով դահլիճը կործանված լիներ, անտարակույս, այդ գեղաքանդակ պսակի ուրիշ բեկորներ ալ շատ պիտի գտնվեին այնտեղ, բայց որովհետև խնամքով քանդեր ու տարեր են, ինչպես ուրիշ քարեր, պատահական մոռացության պետք է վերագրել այդ մի հատ պսակի բեկորի այնտեղ գտնվելը։

Հատկապես Բագրատունի շրջանին մեջ, ապարանքի ներքին և արտաքին ճարտարապետական շքեղության ապացույց հատուկտոր բեկորներ թեև քիչ գտնված են, այնուամենայնիվ եղածները գեղարվեստասեր բնակչության և տաղանդավոր արվեստագետներու գոյությունը կապացուցանեն։ Անիի թանգարանին մեջ մանվածո զարդաքանդակներ փորագրված երկու հատ փայտյա առաստաղի գերաններ կան, որոնք վերջին բարբարոս տիրապետողներու ժամանակ ապարանքի մոտակա շինություններեն մեկուն քարե պատին մեջ հյուսեր էին իբրև որմակապ գերան (խաթիլ):

Շատ երկար կլինի այստեղ մի առ մի թվել այն ամեն մանրամասնությունները, որոնք պիտի ապացուցանեն երբեմնի արքայական փառաց արժանի ապարանքի մը գոյությունը Անիի միջնաբերդի բարձունքներուն վրա։ Բավական է, որ մեկը մասնագիտորեն ուսումնասիրե այսօրվան ջախջախված ու այլանդակված մեծության ու գեղեցկության մնացորդները և համեմատե պատմության հակիրճ, բայց բնորոշ տվյալներու հետ, պարզ պիտի տեսնե, թե Անիի արքունի ապարանքն իր բարձր դիրքով, մեծությամբ և շքեղ գեղարվեստականությամբ պատկառելի վեհությամբ երբեմն կիշխեր թե քաղաքի և թե շրջակա արվարձաններուն վրա։

Բացի հյուսիսային ճակատի զառիվայր դիրքի պատճառավ միմյանց վրա շինված կրկնահարկ և եռահարկ մասերե, ընդհանրապես ամբողջ ապարանքը շինված էր միահարկ. այնուամենայնիվ այս հատկությունը չի կարող ստվեր ձգել Բագրատունիներու ապարանքի գեղարվեստական արժանավորության վրա։ Պարզապես ժամանակի ճաշակի արդյունք է, և այս միահարկ շինություններու ոճը շատ հին ժամանակներե ի վեր շարունակված է մինչև 10-12-րդ դարերը Հայաստանի դրացի ասորա-քաղդեական, սասանական և նույնիսկ բյուզանդական ապարանքներու մեջ ալ հազվադեպ էին բազմահարկ մասեր։ Թեև ի սկզբանե անտի հայ պատմագիրներ արքունական և իշխանական ապարանքները կդրվատեն բարձրաշեն, բարձրաբերդ, բարձրաձեղուն, գեղեցկահարմար և այլ ածականներով, սակայն ոչ մի տեղ չեն հիշած բազմահարկ շինություն՝ լինի տուն կամ ապարանք։ Բայց վկայությանց բացակայութենեն չենք կարող հետևցնել, թե ի հնումն հայոց մեջ բոլորովին անծանոթ էր մեկե ավելի հարկերով շենքեր շինելու ոճը։ Անիի հյուսիս-արևմտյան քարաժայռին ծայրը դեռ մեծ մասամբ կանգնած է ավանդաբար Բագրատունյաց պալատ անվանված մեծ շենքը, որը թեև Բագրատունիներեն շատ հետո, 13-րդ դարու շենք է, սակայն ընդհանրապես երկհարկանի լինելեն զատ, մի քանի մասեր ալ ունի եռահարկ։ Քաղաքի կեդրոնին վրա բացված միմյանց կից երկու մեծ վաճառատունները, նույնպես 13-րդ դարու գործ, կրկնահարկ են։ Ուստի, անկասկած, կարելի է հետևցնել, որ ավելի հին ժամանակի մեջ գործածված ոճի շարունակություն են այս բազմահարկ շինությունները (նկ. նկ. 259, 265)։

* * *

Մինչև այստեղ կատարած հետազոտութենես երևաց արդեն, որ մեր պատմագիրներ կամավորապես անտեսեր են հայ ճարտարապետության և գեղարվեստի մասին գրելը։ Պեղումները և ուրիշ գիտական, գործնական խուզարկություններ բազմապատիկ ավելին տվին այդ մասին, ինչ որ պատմագիրներ ավելորդ համարեր էին։ Այսօր ամեն կասկածե հեռու մի մեծ ճշմարտություն է, որ ի հնումն Հայաստանի մեջ գերազանցորեն զարգացած էր շինարարական արվեստը և իշխանն ու ազնվականը ունեին կիրթ և նրբացած ճաշակ գեղարվեստորեն պճնելու իրենց փառաց արժանի սեփական ապարանքները։

Սակայն, հայ ազնվական դասի ներքին կենցաղի մասին պատմագրական հատուկտոր շողշողուն նկարագրությունները դեռ լիովին չեն ապացուցված գործնականապես։ Թեև ես չեմ կասկածեր տրված տեղեկություններու ճշմարտության վրա, սակայն այսօրվան քննադատական ուղղությունը իրական փաստեր կպահանջե պատմության տված ամեն մի տեղեկության համար։

Անիի պեղումներով հույս կար, որ գեթ Բագրատունի թագավորներու և ազնվական տոհմերու 10-11-րդ դարերուն ներքին կենցաղի ճոխության և փարթամության մասին լուսաբանություններ ընծայող ապացույցներ գտնվեին։ Բայց պեղումները մեզի բոլորովին տարբեր մի պատկեր պարզեցին։ Եթե չապացուցվեցան այնտեղ ներքին կենցաղի համար սպասված մանրամասնությունները, այնուամենայնիվ ընդհանուր գծերով ապացուցվեցավ, թե իսկապես հեռավոր մեծ անցյալ մը ունեցեր էր այդ քաղաքը։

Առողջ դատողությամբ ալ պետք չէր, որ մենք մեծ արդյունք սպասեինք այդ քաղաքեն հայ իշխանական կամ ազնվական ներքին փառավոր կենցաղի