Այս էջը հաստատված է

իրարու ծխնիներով և ի հարկին կծալվեին։ Սեղանը կդրվեր առանձին փայտաշեն պատվանդաններու վրա՝ հատկապես նույն սեղանին համար գնված։ Սեղանին հավասար մեծությամբ մաքուր սփռոց փռվելե հետո, դարձյալ սեղանին ամբողջ շրջապատի երկարությամբ միակտուր շինված մի երկար անձեռոցով կշրջապատեին սեղանին շրթունքը, որը բազմականները իրենց ծունկերուն վրա պիտի առնեին՝ ձեռքերը և բերանները սրբելու համար բաժանված անձեռոցիկներեն անկախ: Նախագավթին մեջ կանգնող սպասավորներն այլևս դադար չունեին ժամեր տևող այս ճաշին համար շարունակ լեցուն ամաններ բերելով և դատարկները տանելով: Որչափ բազմատեսակ լինեին կերակուրները, այնքան մեծ կհամարվեր պատիվը:

Ճաշի ամբողջ տևողության միջոցին, ինչպես նաև առաջ և հետո, անդադար կնվագեին նվագածուները իրենց բարձրավանդակին վրա: Ճաշը վերջանալեն հետո, երբ սեղանը կվերցվեր, դարձյալ կկրկնվեր ձեռք լվանալու արարողությունը։ Վերջին անգամ կմնար բաժանել անխտիր բոլոր հանդիսականներու քաղցր ըմպելիքներ և սուրճ, որմե հետո ցանկացողներ ազատ էին մեկնելու, եթե տաճարին նախագահող նահապետին ցանկության հակառակ չէր:

Տաճար բառը ընդգծեցի նկարագրածս սրահին հատկացնելով, որովհետև, ի նկատի ունենալով, իբրև ականատես, այս սրահներու մեջ խնջույքներու ժամանակ տիրող կանոնավորությունը, պարտադիր օրենք դարձած արարողությունները, հյուրերուն կողմանե ցույց տրված պատկառելի դիրքը և հարգական վերաբերմունքները դեպի տան նահապետը և սպասավորաց ծայրահեղ աստիճանի ակնածանոք կատարած ծառայությունները, համոզված եմ, որ այս ձևով սրահները իրենց հատուկ կոչումով, զարդարանքներով, շքեղ կահավորությունով ճիշտ մեր նախնիքներու տաճարներուն ավանդական շարունակություններն են։ Ես այստեղ ավելորդ համարեցի նկարագրել սպասներու բազմազանությունները և անոնց նյութերու որչափ մեծարժեք լինելը, նաև այդ բազմազան թանգարժեք սպասներուն ինչպես ըստ պատվո և աստիճանի հյուրերուն առջև դրվելու առանձին ձևերն ու կանոնները, որոնք շատ հին դարերու սովորությունները լինելուն կասկած չեն թողուր։ Ես վստահ եմ, որ շատերն անձամբ տեսած և հետաքրքրված լինելով այս հնագույն սովորություններով՝ ինձ հետ համաձայն պիտի լինեն, թե այս բոլորը հին տաճարական խրախճանությանց ժամանակ կատարված արարողություններն էին և թե այդ սրահն էր իսկապես մեր պատմիչներու տաճար կոչածը։

ԱՆՎՈ ՄԻՋՆԱԲԵՐԴԻ ՊԵՂՈՒՄՆԵՐԸ[1]

Գագկաշեն ս. Գրիգորի բացվելեն հետո անհրաժեշտ էր Բագրատունյաց պալատի պեղումը:

Ս. Գրիգորի միջոցով գաղափար կազմեցինք Բագրատունի թագավորաց բարեպաշտության ու երկյուղածության վրա. սակայն, նույնչափ, թերևս ավելի կարևոր էր, հնար եղածին չափ մոտիկ ծանոթանալ նաև անոնց տնտեսական և ընտանեկան ներքին կյանքին:

Այս հետաքրքրական տեղեկությունները մեզի պիտի տային միմիայն պալատի պեղումները, որ բարեբախտաբար չուշացան. 1907 թ. հունիսի սկիզբը պրոֆ. Մառը ձեռնարկեց այդ պեղման:

Նախընթաց տարիներու բեղմնավոր ու հիացուցիչ արդյունքները տեսնելե հետո, այս տարի ամեն ոք իրավամբ կսպասեր արքայական բնակության վայել գեղարվեստական մեծամեծ հրաշալիքներ, սակայն քանի պեղումները առաջ կերթային, այնքան ճնշող տպավորության տակ կմնային հետաքրքիր դիտողները։ Փոխանակ փառքի և մեծության նշմարներու՝ աղքատության, թշվառության, տխուր անցքերու վկաներ միայն դուրս կուգային։ Արդյունքը ոչ միայն չէր համապատասխաներ նախապես մեր ունեցած համոզումներուն և ակնկալություններուն, այլև մեկ տարիե ի վեր, գիտնական ճանապարհորդներու փայլուն նկարագրությանը ևս կհակասեր։

Բոլորովին սխալ չէին ճանապարհորդներու տված տեղեկությունները, անոնք ճշտիվ նկարագրեր էին

  1. Արտատպվում է «Հուշարար»-ի 1908 թվի № 6−7-ից: ԿԱԶՄՈՂ