Այս էջը հաստատված է

առանձին-առանձին Անիի մեջ զանազան կետերու վրա գոյություն ունեցող քանի մը պալատներ և ապարանքներ, սակայն հայտնի չէ, թե ինչ թյուրիմացությամբ այդ առանձին նկարագրությունները ամփոփվեր էին միայն մեր պալատի վրա (Հ. Ղ. Ալիշան, «Շիրակ», երես 47-48)։

Հ. Ալիշանի նկարագրության երկու տողը միայն՝ «Յերկուս տրոհեալ երեւի Արքունիքդ, ի հիւսիսային և յարևմտեան մասունս» կվերաբերի ճշտիվ Բագրատունյաց պալատին, բայց ոչ անոր ցույց տված տեղին վրա, այլ միջնաբերդի գագաթը, ուր այս տարի կատարվեցավ պեղումը։ Մնացյալ արտակարգ ճոխությանց նկարագրությունները կվերաբերին ուրիշ տեղերու, որոնք գրեթե կետ առ կետ գոյություն ունին, որոնցմե մեկը, Անիի կեդրոնին վրա, կվերաբերի Զաքարե սպասալարի և յուր ժառանգորդաց։ Ասոր ստուգության անվրեպ ապացույցներ ինծի հաջողվեցավ գտնել 1907 թ. աշնան վերջին։ Այս այն պալատն է, որ Կեր-Բորդը հիացմամբ նկարագրած է 1817-ին. սակայն անկեց հետո երկար կանգուն չէ մնացած, որով իրեն հետևեն եկող խուզարկուները կամ հազիվ բեկորներն են տեսած և կամ բնավ չեն տեսած։

Ո՞ւր էին, ուրեմն, Բագրատունի թագավորներու ոսկեձեղուն դահլիճները, գեղաքանդակ սյունազարդ սրահները. ոչինչ չէր մնացած այդ փառքի օրերեն, ամեն բան քանդվեր ու անհետացեր էր և տեղը մնացեր էին կուլտուրայի բացարձակ թշնամի ցեղի մը հոգեկան նկարագրին իսկական տիպար ծուռ ու մուռ սենյակներ, ցեխաշաղախ պատեր, վերջապես ամեն ինչ գծուծ, ամեն ինչ ստորին։ Եթե կես դար ևս տևած ըլլար Անիի մարդաբնակությունը, մենք ապահովաբար չպիտի գտնեինք այն սակավաթիվ նմուշներն ալ, որոնք հրաշքով պահված էին իբր ապացույց Բագրատունիներու մեծության և գեղարվեստասեր ոգույն, թեև այս վերջիններն ալ սաստիկ եղծված ու անհայտանալու նախօրյակին մեջ հազիվ հասան մեզի։

Մոտավորապես 3500 քառ. մետր գետին մը գրավող, բազմաթիվ սենյակներով լեցուն պալատի մը մեջ հազիվ մնացած էին երկու դահլիճի, մեկ սրահի, մեկ ջրամբարի և մեկ մտից դռան հետքեր, որոնք ավելի կամ նվազ չափով 10-րդ և 11-րդ դարերու գեղարվեստի դրոշմը կկրեին։

Մնացյալ մասերը, հոշոտված դիակի մը նման այլանդակվելե հետո, 40,000 քառ. մետր տարածությամբ ամբողջ արքունիքի մեջ (միջնաբերդ) հազիվ մնացել են 6-7 կիսակործան կամ ավերակ եկեղեցիներ։

Հին պալատը Աշոտի ժամանակ ուղղանկյուն քառակուսի դիրք մը գրաված էր միջնաբերդի ամենաբարձր կետին վրա և բաժանված էր հյուսիսային և հարավային մասերու արևելքեն արևմուտք ձգվող հինգ մետր լայնությամբ ապառաժով մը, որուն երկու ծայրերուն վրա կբացվեին երկու մտից դռներ։

Հյուսիսային մասին մեջ են երկու մեծ դահլիճ, մի սրահ և մի բաղնիք։

Առաջին դահլիճը, պալատի հյուսիս-արևմտյան կողմը, բարձր կետի մը վրա շինված է 21 մետր երկայնությամբ և 10½ մետր լայնությամբ։ Զուտ 10-րդ և 11-րդ դարերու հայ ճարտարապետական ոճով թանձր ու շքեղ ութ որմնասյուներ, որոնք ներքին կողմեն կզարդարեն անոր հյուսիսային և հարավային պատերը, միմյանց կապված են գեղեցիկ աղեղներով և կամարներով, որոնցմե գոյացած առաստաղի կեդրոնական մասը ծածկված էր անշուշտ նույն դարերու ոճով կառուցված գմբեթով մը։

Հյուսիսային պատի վրա, յուրաքանչյուր որմնասյունի մեջտեղ տակավին կմնան 2½ մետր լայնությամբ հսկա պատուհաններու հետքերը՝ ուրկեց կպարզվեր Շիրակա դաշոի ամբողջ տարածությունը։ Այս դահլիճին մեջ էր, որ Սաքսոնիո իշխանը, քարի մը վրա նստած, շրջապատող գեղեցիկ բնությունը երկար ատեն մտահույզ դիտելեն հետո, հայերեն լեզվով բացականչեց.

«Աւա՜ղ փառացս անցաւորի»։

Աշոտի շինած կրաշաղախ թանձր արտաքին պատի վրա կիսով չափ հավելված մը կկազմե այս դահլիճը, որ անպատճառ շինված էր Աշոտի ժառանգներեն մեկուն օրով, բայց հայտնի չէ, թե որուն։

Երկրորդ սրահը, ճակատը դեպի հյուսիս, առաջին դահլիճին ճիշտ հանդիպակաց արևմտյան կողմը կգտնվի և համեմատաբար ավելի փոքր է։ Ինչպես բեկորները ցույց տվին, այս սրահին ամբողջ առաստաղը ծածկված էր գաճե ձուլված գեղեցիկ զարդարանքներով, որոնց ոճը, Բագրատունյաց շրջանին բոլորովին անծանոթ, Զաքարյան շրջանի զարգացած արվեստագործության հատուկ էր։ Հինգ սանտիմ. լայնությամբ զարդաքանդակ ժապավեններ կհյուսվեին արաբական ճաշակի զանազան ձևերով, որոնց հյուսվածքին մեջ գոյացած բազմանկյունի կամ աստղաձև դատարկություններու մեջ դիզված էին վերին աստիճանի նուրբ և բնական գծերով բարձրաքանդակ կենդանիներ և թռչուններ։

Այս միակ սրահն է, որ մահմեդական վերջին տիրապետողներեն մեկուն (նույնիսկ կարելի է ըսել Զաքարեեն շատ հետո) վայելչասիրության և կիրթ ճաշակի մի բացառիկ արդյունքն է. եթե նախորդներն ալ ունեցած ըլլային այս ճաշակն ու զարգացումը, մենք Բագրատունյաց պալատը այսօրվան ողբալի վիճակին մեջ չէինք գտներ։

Այս սրահը ամբողջական հավելված մը կկազմե պալատին սկզբնական արտաքին պատին կից։ Ասոր անմիջապես քովի սենյակին մեջ, որուն իսկական ձևը կորսված է, պատի ծեփերու թափած կտորներու վրա կային շարք մը արաբերեն գրեր՝ կարմիր ներկով գրված։

Երրորդ դահլիճը, որ ավելի մեծ ու ընդարձակ է քան առաջինը, կգտնվի հյուսիս-արևելյան կողմը, ճակատը դեպի արևելք, և իսկական հին շինության սահմանին մեջ։ Գետին թափած որմնասյուները թե տաշվածքով և թե քարերու տեսակով, նմանություն կբերեն առաջին դահլիճի որմնասյուներուն։ Ընդարձակ տարածության պատճառավ, այս դահլիճը, բացի որմնասյուներե, ունեցած է նաև համաչափորեն դասավորված չորս կեդրոնական անջատ սյուներ, որոնցմե աղեղներ և կամարներ կձգվեին դեպի հանդիպակաց որմնասյուները։