Այս էջը հաստատված է

Օշականում, բացի երկարավուն դոլմեններից, եղել են նաև բոլորշի ձև ունեցողներ, որոնց մեծ մասը կամ հողին հավասար են կամ քարուքանդ արված և քարերը դարսված են, միայն թե ծածկույթների բոլորշի քարերը կմնան տեղին վրա։ Օշականում, գյուղի կողմի փոքր ինչ զառիվայր տեղի վրա, դոլմենների թմբի սահմանին մեջ, ի միջի այլոց կա մի բոլորշի, վիթխարի դոլմենի ծածկույթի քար, ընկած հորիզոնական ձևով, որուն տրամագիծն է 2,40 մ.։ Այս քարի շուրջը և ներքևը պետք է փորել, գուցե ներքևը դոլմենը անաղարտ մնացած է. եթե ծածկույթի այս մեծ քարը ինքնին սահած ընկած չէ, որովհետև այնպիսի անհեթեթ մեծություն ունի. որ մարդկային ուժը բավարար չէր ուրիշ տեղից այդ մեծ քարը տեղափոխելու և այժմյան տեղը բերելու։ Իր կարգին կհիշեմ Կափըլի բարձունքների վրա գտնված բոլորշի մեծ դոլմենը, որուն ծածկույթն անհայտացած է, իսկ մեջը քրիստոնեական մատուռի են վերածած հին ժամանակ։

Փերսիում, տակավին գյուղ չմտած, մի քանի բոլորովին ավերված դոլմեններ կան, սակայն անոնցմե երկու հատը, որ չափով ու ձևով որոշ են, միայն մեկ հատը չափագրեցի, որուն մոտավոր չափերը հետևյալներն են.

Արտաքուստ լայնությունն է 2,20 մ.
Ներքուստ լայնությունն է 1,40 մ.
Արտաքուստ երկարությունն է 6,26 մ.
Ներքուստ երկարությունն է (հողով լեցված չափելն անկարելի է):

Վրան ծածկված է չորս քարով. Ա քարը 161x117 սմ., Բ քարը՝ 161x137 սմ։

Հյուսիսային Կովկասի մեջ մի ավանդություն ընդհանրացած է այն կողմերը գտնված դոլմենների մասին, որը Dubios արձանագրել է իր աշխատության մեջ։ Ինչպես երևում է, միևնույն ավանդությունը եղել է նաև Հայաստանում և հետզհետե մոռացվելով ավանդության մանրամասնությունը, Հայաստանում մնացել է միայն «Օղուզի տներ» առասպելական անունը[1]:

Թեև ոմանք պեղումներ են կատարած դոլմենների մեջ և երկաթյա բեկորներ են գտել այնտեղ, սակայն Chantre ժամանակակից չի համարում այս բեկորները դոլմենի հետ, կարևոր է համարում լուրջ պեղումներ անել անոնց ժամանակը որոշելու համար։ Ես կարծում եմ, որ Ֆիլիմանովը շատ մեծ սխալ չի անում կովկասյան դոլմեններն երկաթի դարուն վերագրելով, քանի որ մենք գիտենք փաստացի, թե դոլմեններ շինելը շատ երկար դարեր է տևել և, նայելով կովկասյան դոլմենների շինարարական փոքր ինչ ավելի առաջադիմության, կարելի է կարծել, որ անոնք երկաթի դարուն պատկանեն։ Անհուն տարբերություն կա Հյուսիսային Կովկասի և Հայաստանի դոլմենների շինարարական արհեստին մեջ. հետևաբար, Հայաստանի մի քանի դոլմենների շինություններն այնքան նախնական են, որ չի կարելի քարի դարից այս կողմ բերել։

Զանազան կարծիքներ հրատարակված են այս ինքնուրույն գերեզմանական ճարտարապետության սկզբնական ծագման մասին։ Ենթադրում են, որ մեռելոց բնակարան կանգնելու գաղափարը, մահվանից հետո կյանքի շարունակության հավատացող ժողովրդի մեջ կարող էր ծագում առնել։


Բ
ՀՈՂԱԴԱՄԲԱՆՆԵՐ ԵՎ ՔԱՐԱԴԱՄԲԱՆՆԵՐ

Դոլմենների դարավոր տևողության զուգընթաց պետք է համարել մեծամեծ հողադամբանները և քարադամբանները։ Գերեզմանական ճարտարապետության սկզբին կազմակերպվում էին մեծամեծ հողադամբանները և քարադամբանները, քան հասարակ դոլմեններն ու կրոմլեխները։

Իմ տեսած հողադամբաններից ամենից մեծը և ուշադրության արժանին, գեթ Հայաստանի համար, պետք է համարվի Օշականի Գյուլլե-կոնդ անվանված մեծ հողադամբանը, որը կգտնվի Օշական գյուղի հարավ-արևելյան կողմը, Դիտի-կոնդ անվանված բնական մեծ բլուրին հարավակողմը։ Այս Դիտի-կոնդ անվանվածը մի փոքր լեռ համարվելու չափ մեծ բլուր է և նախաքրիստոնեական շրջանում ևս գագաթին եղել է ամրոց և շենքեր, պարիսպով փակված։ Քրիստոնեական սկզբնական շրջանին ևս նույնպես շեն եղած է թե գագաթը և թե լանջերը. լանջերուն վրա են զանազան դարերի շենքեր, որոնց մասին պիտի գրեմ իրենց կարգին։

Գյուլլե-կոնդը բավական մեծ հողադամբան է։ Տեղի վրա, կոնդի երևույթը ցույց է տալիս, որ արհեստական

  1. Օշականցիք իրենց գյուղի շրջակայքում գտնված այս հուշարձաններին «Օղուզի (հսկայի) տներ» անունն են տալիս, որ մեծ նմանություն է բերում Հյուսիսային Կովկասի մեջ տարածված ավանդության, որ հետևյալն է.
    Այս հուշարձանները, իբրև թե, նույն երկրում բնակվող թզուկ ժողովրդի բնակարաններն են, որոնց հարևան հսկա (օղուզ) ժողովուրդը, գթալով անոնց փոքրության և տկարության վրա, կառուցել է այդ հաստատուն բնակարանները թզուկ ժողովրդի համար: Սալաքարերի մեկին վրա բացված ծակը բնակարանի մուտքն էր (թեև այս մասին ևս զանազան կարծիքներ կան)։ Ըստ ավանդության՝ այս հսկաներն այնպիսի մեծ ուժով օժտված էին, որ այս հուշարձանների կառուցման յուրաքանչյուր քարը կարող էին իրենց ուսերի վրա փոխադրել: Տարակույս չկա, որ այս ավանդությունը մի ժամանակ տարածված էր Հայաստանի մեջ ևս, որուն հետևանքով մնացել է դոլմեններին «օղուզի (հսկայի)» տներ անունը։