Այս էջը հաստատված է

որ մասն է Հաջիղարայի ընդարձակ նախաքրիստոնեական շրջանի գերեզմանատան՝ բաժանված միայն Քասաղ գետով, հետաքրքրական է իր զանազան բովանդակությամբ։

Երկու տեսակ կրոմլեխներ կան այս ընդարձակ գերեզմանատան մեջ։ Մի տեսակը շատ նման է Հաջիղարայի գերեզմանատան արևմտյան մասին, նույնպես անտաշ սև քարերով շրջագծված է, բայց բոլորակի մեջտեղ, հողի ներքև, հատկապես տաշված քարով, հանգուցյալի դիրը արկղաձև շինված է, իսկ վրան ծածկված է մի մեծ սալաքարով։ Երբեմն կան փոքր ի շատե կանոնավոր տաշված մաքուր քարերով արկղաձև զույգ դիր ունեցողներ՝ ծածկված մեծ զույգ սալաքարերով։ Այս տեսակի գերեզմաններ ևս ունին անպայման բոլորակ շրջագիծ (թեև մեծ մասամբ տարված են, բայց հանված տեղերը որոշ են)։ Շրջագծեր կազմող սև քարերն ուրիշ տեղերից ավելի բարձր են և մոտավորապես նման են Աղավնատան ու Հարամլվի սահմանի վրա գտնվածներին, բայց Աղավնատան հողի վրա գտնված կրոմլեխներին ավելի նման։ Շրջագծի քարերն ավելի մոտ են միմյանց, միայն թե քարերի գլուխները, փոխանակ միաչափ ուղիղ հորիզոնական կտրված լինելու, անհավասար բարձրությամբ և երբեմն մեկ կողմի վրա շեղ կտրված և դեպի ցած հակված են։ Չեմ գիտեր, թե սկզբից ևս այդպես եղած են շրջագծի քարերը, թե հետագային զանազան դիպվածներով փոփոխություններ կրելով, այսօրվան ձևն ստացել են։

Աղավնատան և Հարամլվի սահմանի վրա եղող կրոմլեխի սև քարե շրջագիծը, բացառությամբ 3-4 քարերի, գրեթե անաղարտ մնացած է։ Փոքր ի շատե անաղարտ և մաքուր տաշված բարձր շրջագծով շինված լինելն ինձ պարտավորացուց, որ նաև չափեմ այս բոլորակ շրջագծի տրամագիծը, որովհետև անաղարտ մնացած լինելը նաև գրավական էր ճիշտ չափվելուն: Պարզ աչքով թեև բոլորակ կերևա շրջագիծը, բայց չափերը ցույց են տալիս, որ փոքր ինչ ձվաձև է, որովհետև մեկ կողմեն չափելով կգտնենք 8,10, իսկ մյուս կողմից չափելով կգտնենք 9,10 մ.։ Հայտնի բան է, որ բոլորակը կազմել են աչքի չափով, որով փոխանակ բոլորակի ձվաձև է դուրս եկել։ Այս շրջագծի մեջ երկու մեծ տապանաքարեր են ձգված, երկուքն ալ անտաշ սալաքարեր, և իրենց լայնության կրկինը երկայնություն ունին։

Աղավնատան սահմանում կրոմլեխները բազմաթիվ են, սակայն գյուղացիք, արտի և այգիի վերածելու համար, քարերը հետզհետե մաքրում և վարում են հողը, նույնիսկ վարելու ժամանակ գտնվում են զանազան չափի խեցեղեն ամաններ՝ հազիվ երևացող շրջանակի մեջ, բայց տակավին մետաղյա իրեր չեն երևցած։ Այս գերեզմանատան մեջ ընդհանրապես կրոմլեխների չափերը գրեթե միօրինակ են, միջին հաշվով 4-5 մետր տրամագիծ ունին։ Մոտականերում կան ընդհանրապես շրջագծեր, որոնք 8-10 մետրի կհասնեն, ինչպես Հոռոմ գյուղում։ Իսկ Աղավնատան շատ մոտ, Աղջակալա գյուղում, թեև 8-12 մետր տրամագծով բոլորակ շրջագծեր կան, սակայն գտնվում են նույն գյուղում նաև անկանոն բոլորակներ, որոնք 45-ից մինչև 65 մետր տրամագիծ ունին. այս ընդարձակ գերեզմանատներն են, որ գյուղացիք փորում և հողը տանում են իրենց արտերը պարարտացնելու համար. նաև այս փորումների ժամանակ հաճախ գտնում են մեծ ու փոքր խեցեղեն ամաններ, նույնիսկ կարասներ։

Տարբեր շրջանի արհեստագործություն են երևում Շամիրան գյուղի կողքի հնագույն գերեզմանատան կրոմլեխները։ Այս գերեզմանատան մեջ, թեև նախնական ձևով, կրոմլեխներ շատ կան, բայց գոյություն ունին նաև մաքուր տաշված քարե բոլորակ գերեզմանաշրջանակներ. բոլորակ շրջագծի քարերը թեև ցած ու երկար են, սակայն շատ ավելի կանոնավոր կերպով միմյանց միացված են և բոլորակը կազմած։

Կրոմլեխների մեծ մասին կընկերանա (անշուշտ հնագույններին) մի մենհիր (մենաքար), որոնցմե ոմանք շրջագծի շարքին զետեղված են, իսկ ոմանք շրջագծի կենտրոնին վրա։ Այս գերեզմանատան կրոմլեխների ոմանց շրջագծերից երևում է, որ քարի արհեստագործությունը մի քիչ ավելի առաջ գնացած է, թերևս գործիքներնին ևս ունեցել են կատարելագործումներ, որովհետև ոչ միայն քարերը (շրջագծերի) որոշ չափով կանոնավոր տաշված և միացած են, այլև շրջագծերու բոլորակները ևս ավելի կանոնավոր են. իմ կարծիքով՝ Շամիրան գյուղի գերեզմանատունը ևս երկար դարեր ծառայել է իբրև գերեզմանոց, որովհետև