Այս էջը հաստատված է

չէր կարող բավարարել հին ամրոցը։ Արդ, հետագային ավելի բարձր տեղ, անմատչելի դիրքով, բերդաքաղաքի վրա անմիջապես իշխող մի սարի կատարին շինել են ավելի ընդարձակ մի ամրոց՝ միմյանց վրա անշաղախ դրված մեծազանգված քարերով կառուցված շրջապարիսպով, որի երեք կողմերը սաստիկ թեք զառիվար էին, իսկ մի կողմը, արևելահարավը, որ որոշ չափով մատչելի է, պարիսպը շինել են քառակուսի խիտ բուրգերով ամրացած։ Արտաքին գլխավոր դուռը այս հարավ-արևելյան կողմի վրա է, թեև այժմ փլատակներով խափանված է մուտքը։ Արևելյան կողմի վրա ևս ունեցել է դուռ, սակայն հայտնի չէ, թե այս դռնից դուրս ի՞նչ ճանապարհներ կային թեք զառիվայրը ցած իջնելու, որովհետև ներկայիս այս թեք դարևանդի վրա վայրէջքի ոչ մի հնար գոյություն չունի։

Ամրոցի ներքին կողմը թեև շատ ընդարձակ է, սակայն տարօրինակ կերպով խտացած են անշաղախ շինությանը փլատակներ, կրոմլեխներ, մենհիրների (մենաքար) բեկորներ, այնպես որ առանց կուտակվածքը մաքրելու և մի քանի տեղ փորձնական պեղումներ կատարելու, կարելի չեղավ հասկանալ, թե ո՞ր մասի վրա եղած էր տոհմապետի բնակարանը և որտե՞ղ՝ տոհմապետը մոտիկից շրջապատող բարձրագույն պաշտոնեից բնակարանները։ Ամրոցը բարձրանալու ճանապարհը թեև խիստ զառիվեր է, այժմ քարքարուտ՝ փլուզումների պատճառով, սակայն, նախապես ևս այնքան հեշտ ճանապարհ չէր. թեև կառքով մինչև ամրոցի դուռը կարելի էր բարձրանալ, բայց պետք է գիտնալ, որ վերելքի մատչելի միակ ճանապարհն էր, որով հնարավոր էր թե ամրոց բարձրանալ և թե մոտակա մի շարք կցված բնական բարձրություններ։

Ամրոցի դուռը բարձրանալով՝ չէր վերջանում նախկին քաղաքատեղիի սարերով և բարձր բլուրներով շրջապատումը, սարերը երկարում են դեպի արևմուտք և թեքվում են դեպի հյուս+իս, և այս մասի վրա պակաս չեն հին, նախնադարյան ժամանակների խորհրդանշաններ, ինչպես մեծամեծ հաստատուն ժայռերի վրա՝ խորհրդավոր բոլորակ փոսիկներ, 7 սանտիմետրից մինչև 25 սանտիմետր տրամագիծ ունեցող զանազան մեծությամբ կրոմլեխներ և ուշադրության արժանի ուրիշ մնացորդներ։ Կա նաև մի հին դոլմեն, Օշականի դոլմենների նման, որի վրայի ծածկույթը թեև այժմ գոյություն չունի, բայց, ինչպես երևում է, քրիստոնեական շրջանում այս դոլմենը մի կրոնական նվիրական հիմնարկություն նկատելով, մատուռի են վերածել։ Չափազանց մեծ դժվարություններով բերել են այնտեղ խաչքարեր և ուրիշ եկեղեցական շինությանց բեկորներ՝ կատարյալ մատուռի կերպարանք տալու համար. թեև այժմ ևս լքված է և մնում է անծածկույթ։

Հյուսիսային լանջերեն կոր գծով շրջապատող բլուրների և փոքր սարերի ստորոտներից սկսած, հին բերդաքաղաքը տարածված է դեպի հարավ և մասամբ դեպի հյուսիս-արևմուտք։ Բերդաքաղաքը մեծ մասամբ ավերված է և շենքերի քարերը տարված են ու հետզհետե տանում են գյուղացիներ թե՛ իրենց պետքերուն գործ ածելու համար և թե՛ գետինը թափթփված փլատակներից և բեկորներից ազատվելու համար, որպեսզի մաքրված գետիններ վարելահողի վերածեն։

Այս պատկերի մեջ երևցած պատերը թեև փոքր ի շատե լարաձիգ ուղղություն ունին, սակայն շարվածքի մեջ դարձյալ երևում է նախնականություն, համենայն դեպս պատկերում երևցող պատերը, ըստ իս, ավելի վաղ շինված են, քան երկաթի դարը։ Իսկ քաղաքատեղիի մասին մի վերջնական կարծիք հայտնել շատ դժվար է, միայն թե հաստատ կարելի է ըսել, թե ոչ միայն նախաքրիստոնեական շրջանում, այլև քրիստոնեական թվականների մինչև 15-16-րդ դարերը բնակչություն միշտ եղել է այստեղ, եթե ոչ քաղաք, գոնե իբրև գյուղ։ Հին քաղաքատեղիի սահմանի մեջ, նախնադարյան հնագույն բերդի հիմերի վրա շինված է 13-14-րդ դարում մի բերդ՝ կանոնավորապես քառակուսված սրբատաշ տուֆի քարերով։ Նմանապես կա մի փոքր եկեղեցիի ավերակ՝ հին քաղաքի մեջ, որի աստ-անդ թափթփված քանդակազարդված քարերի ոճը ցույց է տալիս, որ այդտեղ, երկու նախնադարյան բերդերի մեջտեղ, կյանքը շարունակվել է մինչև հետին դարերը։ Ոչ միայն տեղը նկատվել է իբրև ռազմական կարևոր կետ և կանգնվել է մի ամրոց կամ բերդ 13-14-րդ դարերու մեջ, այլև մի եկեղեցի միևնույն դարերում, միայն խուզարկության կարոտ է, թե այս եկեղեցին իբրև քաղաքի կամ գյուղի եկեղեցի՞ շինված է, թե՞ իբրև վանք։

Քրիստոնեական վերջին շրջանի մեջ, այս գյուղի մոտավոր անցյալը ստույգ չենք կարող գիտնալ. բայց քրիստոնեական հին դարերում, մանավանդ նախաքրիստոնեական շրջանում, հետաքրքիր խուզարկուն եռ ու զեռ կյանքի ապացույցներ շատ կգտնե։ Բազմաթիվ և միևնույն ժամանակ բազմատեսակ նախաքրիստոնեական գերեզմաններ գոյություն ունեն այս գյուղի շրջանում, որ ապացույց է տարբեր դավանությամբ ժողովրդի հոծ բազմության։ Այս գյուղում գտնված գերեզմանների մեջ առաջին տեղ կբռնեն կրոմլեխները և հետո մեծ քանակությամբ քարափոր դագաղներ՝ վրաները միակտուր կափարիչով ծածկված։ Այս քարափոր դագաղներեն այնքան շատ են գտնված, որ ոչ միայն շատերի տների առջև դրված են իբրև