Այս էջը հաստատված է

ապացուցում են, որ նախնադարյան շրջանի, անհիշատակ ժամանակի մեջ շինված են Ամբերդ ամրոցը և բերդաքաղաքը։ Ինչպես քանիցս կրկնել եմ ուրիշ նախնադարյան հին ամրոցների մասին, նույնպես այստեղ, որմնաշինական ոչ մի օրենք գոյություն չունի. հսկայական քարերի անկարգ կուտակումով կազմված արգելափակներ են, քան թե պարիսպ։ Բերդաքաղաքը շրջապատող այս հին քաղաքի պարիսպները տեղատեղ ընդհատված են և միմիայն պարիսպի հատակի շարքերը հազիվ երևում են: Դեպի արևելք և դեպի հարավ շարունակված ընդհատ պարիսպների մնացորդները բոլորովին նախնական ձևով չեն շինված, ինչպես որ նախնական են գետակների միացման մոտ եղած բարձունքների վրա։ Անշուշտ, հաճախակի նորոգության ենթարկված է այս բերդաքաղաքը ոչ միայն ուրարտական շրջանում, այլև մեր թվականի մինչև 14-15-րդ դարերը։ Հյուսիս-արևմտյան և հյուսիս-արևելյան մասերը ամբողջությամբ, քրիստոնեական շրջանում (հավանաբար 8-10-րդ դ.) բոլորովին նոր ձևով շինված են. մասնավորապես այս կողմերի նորոգ պարիսպների և հոյակապ դղյակի մասին պիտի գրենք հետագայում իրեն կարգին։

Շիրվանջուղ.− Նախաքրիստոնեական հին ամրոցների նկարագրության համար, մինչև այստեղ ես ընտրեցի այնպիսիները, որոնք անվրեպ նախնադարյան ամենահին նմուշներ էին։ Թեպետ բացի Հաջի-Խալիլ կիկլոպյան ամրոցից, նկարագրված մյուս վայրերում, ամենահին նմուշներին կից, հաջորդ շրջաններում ևս կառուցվածքներ կան իբրև ամրոց, ինչպես Արմավիրի, Հոռոմի, Ադյամանի, Կափըլիի մեջ, որոնց մասին միաժամանակ նաև խոսել եմ, որովհետև երկրորդ անգամ դժվար կլիներ անդրադառնալ միևնույն վայրերի վրա:

Իմ հետազոտած վայրերի մեջ, նախնադարյան և հետագա շրջանում երկու տեսակ կառուցվածքների վերջինն են Շիրվանջուղի մոտ գտնված մեծ հնությանց մնացորդները։ Ինչպես վերև ակնարկել եմ, տարակույս որ նախնական ամրոցների և բերդաքաղաքների մեջ կյանքը երկար դարեր շարունակված լինելով, հետագային թե շինարարական արվեստն է զարգացել և թե մարդիկ քաղաքակրթության մեջ մասամբ հառաջադիմել են, որով պետք են զգացել, հնագույն ամրոցների մոտիկ, ավելի պատշաճ և ավելի արվեստականորեն ամրոցներ կառուցանելու, թեև դարձյալ երկաթի դարեն առաջ: Այս շարքի մեջ Շիրվանջուղ գյուղն ունի փոքր ի շատե զարգացած նախաքրիստոնեական արվեստի նմուշներ և թե նախնադարյան ամենահին որմնաշինության և բերդաշինության մնացորդներ։ Այստեղ գլխավորաբար պիտի զբաղվիմ մի տարօրինակ, ամրոցանման մեծ և բարձր ձեռագործ մնացորդով, որը ոչ միայն տարբեր հատկություն է ցույց տալիս մինչև այժմ հետազոտածս բերդերից, այլև թերևս նաև ունի տարբեր կոչում։

Շիրվանջուղ գյուղը, Մահմուդջուդ գյուղից դեպի հարավ-արևելք, քարքարուտ և ապառաժուտ սարերի վրա մի հայաբնակ գյուղ է և Մահմուդջուղեն հազիվ երեք կիլոմետր հեռավորության վրա է: Թեև գյուղի անմիջական շրջակայքը հնագիտական մնացորդներից մաքրված են գյուղական բնակչության ձեռքով, սակայն անվրեպ կերպով երևում է, որ այնտեղ կյանքը շարունակվել է նաև քրիստոնեական շրջանում և կանգնվել է 5-րդ դարում մի քրիստոնեական եկեղեցի: Պահել են միայն եկեղեցին և մաքրելով՝ շինել են գյուղ։

Շիրվանջուղ գյուղի արևմտյան կողմը, մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա, երկու նախնադարյան մեծ մնացորդներ կան, որոնց տեղացիք Վերի բերդ և Վարի բերդ անունը կու տան։ Վերի և Վարի բերդերը դեմ դիմաց կգտնվին, միմյանցից մոտավորապես մեկ և կես կիլոմետր հեռավորության վրա։ Վարի բերդը գյուղի ուղիղ արևմտյան կողմն է, իսկ Վերի բերդը Վարի բերդից մոտ հարավ, գյուղից ևս մի քիչ հարավ-արևմուտք կգտնվի։

Գյուղի հարավ-արևմտյան կողմի Վերի բերդ անվանվածը բավական բարձր տեղի վրա է և տարածությունը ընդարձակ, բայց իբրև բերդ, անունը միայն մնացել է։ ^Բերդի կամ ամրոցի գլխավոր դուռը արևելյան կողմի վրա է եղած, որից դեպի հարավ, մի քանի մետր երկարությամբ մեծազանգված որձաքարե անշաղախ հին պատը և տեղի բարձրությունն են մնացել ապացույց այդ բերդի մասին ժողովրդական ավանդության։ Հակառակ բերդամիջի ընդարձակության, շրջապատի պարիսպը միանգամայն անհետացած է. գյուղացիներ, բերդամեջը շրջապատ պարիսպներով միասին բոլորովին մաքրելով, ընդարձակ հարթ տարածությունն արտի են վերածած։ Եվ որպեսզի ցանքի ժամանակ ճարակ որոնող թափառական անասուններից բերդամիջի ցանքն ապահովեն, մանր քարերով չոր պատով շրջապատել են ամբողջ գագաթը։ Ահա այսքանն է ամբողջ Վերի բերդի նկարագրությունը, ուրիշ ամեն մի հատկանշական բերդի ապացույցներ անհետացած են։

Այժմ խոսենք Վարի բերդ անվանվածի մասին, որ, ըստ ամենայնի, տարօրինակ է իմ տեսակետով և ես դժվարանում եմ բերդ անվանելու։ Համոզված եմ, որ այս բարձունքն իր շրջապատ մի քանի կարգ պարիսպներով ուրիշ նպատակի համար շինված է, քան բերդի, որովհետև բովանդակությունը և անմիջական շրջապատի երևույթները չեն համապատասխանում բերդի։

Վարի բերդը, որ գրեթե մեկ և կես կիլոմետր հեռի է դեպի հյուսիս Վերի բերդից, արևմտյան կողմից հենված է հարավից դեպի հյուսիս երկարող մի ցած լեռնաշղթայի, իսկ ինքը՝ բերդ անվանվածը, իբրև հրվանդան երկարած է դեպի արևելք, սկսած արևմտյան կողմի դեպի հյուսիս երկարող լեռնաշղթայից, որին հավասար բարձրություն ունի, միայն թե համեմատելով լայնության, երկարությունն ավելի է քան երեք անգամը։ Լեռնաբարձունքի հյուսիսային կողմը, գագաթից մինչև հատակ, այնքան թեք դարևանդ է, որ այդ կողմը գագաթի մի կարգ պարիսպը բավական եղած է, առանց ուրիշ հաջորդական օժանդակ պարիսպ շինելու։ Արևմտյան կողմից, ինչպես քիչ առաջ ակնարկեցի, հենված է գրեթե հավասար բարձրությամբ հարավից դեպի հյուսիս երկարող լեռնաշղթային։ Մնում են հարավային և արևելյան