Այս էջը հաստատված է

ապացույց է նախկին հին ոճի որմնաշինության մեջ մի զգալի հեղաշրջում առաջ գալուն։

Թե գագաթը շրջապատող պարիսպները և թե լանջերի վրա եղող հաջորդական պարիսպները քննելով, երևում է, որ այս բերդը շատ հին ծագում ունեցել է, բայց պարբերարար նորոգվել է ըստ ժամանակակից արվեստի զարգացման, ինչպես գագաթը շրջապատող պարսպամասեր և ուրիշ երկրորդական պարսպամասեր։ Ամեն կողմից կրկնակի պաշտպանված այս բերդը, իր բարձր և թեք դիրքի պատճառով, բնականաբար, նույն ժամանակվա ռազմական արվեստի համաձայն, անմատչելի դարձած էր, հարավ-արևելյան կողմը, որ միակ մատչելի կողմն էր, կրկնակի պարիսպներով զրահավորված էր, մյուսների համեմատությամբ ավելի բարձր պատերով։ Արտաքին պարիսպների դռները քանդված էին, որով ճիշտ տեղը որոշելն անհնար էր, սակայն ներքին բուն ամրոցի մուտքը տակավին կանգուն էր և չորս ու կես մետր լայնություն ուներ։ Լեռան երկու կողմի պարիսպների թանձրությունը 2,80 մետր էր։ Ներքին պարիսպից ներս մտնելով, մեր առջև կպարզվի գրեթե ամբողջ բերդամիջի տարածությունը, որը շատ հին բերդերից ավելի ընդարձակ է: Բերդամիջի տարածությունը գրեթե 400 մետր երկարություն ունի և մի քիչ պակաս լայնություն։ Ներքին ընդարձակ տարածությունը ծածկված է վաղեմի բնակարանների մնացորդներով, որոնք բոլորը շինված են առանց կրաշաղախի, սևագույն որձաքարերով։ Ներքին տարածության կեսի վրա, մի քիչ դեպի արևելք, կա մի մեծ շենքի ավերակ՝ բազմաթիվ բաժանումներով։ Անկասկած, այս էր իշխանի կամ տոհմապետի հատուկ բնակարանը, որը համեմատաբար ավելի խնամքով շինված էր, քան բերդում գտնված ուրիշ մնացորդներ։ Այս շենքի մնացորդից դեպի արևմուտք, մի քանի քայլի վրա, կա մի ստորերկրյա շենք կամ քարայր, որի մուտքն այժմ խափանված է փլուզումով։ Գյուղացիների նկարագրումից երևում է, որ, դեռ չփլված, մտել են այս ստորերկրյա շենքի մեջ և, բացի երկու կամ երեք սենյակից, ավելի բան չեն տեսել։ Նախապես ամենևին փլված չի եղել, գրբացներ գանձ են երևակայել և բացել են այդ ստորերկրյա շենքի մուտքը, սակայն մի ժամանակ հետո փլվել է։ Ինչպես երևում է, այս ստորերկրյա շենքը պատկանում էր տոհմապետի ընդարձակ բնակարանին և թերևս ծառայել է իբրև պահեստատուն և մառան, սակայն հետզհետե ավերման է ենթարկվել, մանավանդ այն ժամանակից հետո, որ գանձակրկիտներ խուզարկել են և հուսախաբ դուրս են եկել։ Իսկ փոխանակ գանձի թեև իրենց համար անարժեք, սակայն գիտության համար արժեքավոր առարկաներ հանել են և հանողներ իրենց մեջ բաժանել են առողջ մնացած իրեղենները։ Քննությունը ցույց է տալիս, որ երկար ժամանակ այս ամրոցի մեջ բնակություն եղել է և նորոգություններ կատարվել են ոչ միայն բերդի, այլև բերդի ստորոտում տարածվող քաղաքի մեջ։

Բավական ընդարձակ եղած է բերդաքաղաքը, արևելյան կողմից հետզհետե քարերը մաքրելով և արտի վեր ածելով: Հազիվ կեսը թողել են, բայց մնացած կեսը դարձյալ կես քառակուսի կիլոմետրից ավելի է:

Բերդի հարավ-արևելյան կողմը, բարձունքի վրա կգտնվի վաղեմի արհեստական ջրամբարներից մեկը, որ շուրջանակի շինված է անշաղախ, մեծամեծ քարերով, և մինչև այսօր կմնա։ Թեև այժմ հոսող ջուր չկա, սակայն երբեմն հորդ անձրևների ժամանակ ջրերը լեցվում են այս արհեստական լճի մեջ, և երկար ժամանակ օգտվում են սարերում արածող անասուններ։ Ավելի ցածը, գրեթե գյուղի ուղիղ արևելյան կողմը, կգտնվի մյուս արհեստական լիճը, որի ջուրը գալիս է մի մասնավոր առվով և ամբողջ տարին մեջը ջուր կա գյուղի անասունների օգտվելու համար։ Պետք է ըսել, որ գյուղացիք ևս հոգածու են այս արհեստական լճի պահպանման, որովհետև միշտ նորոգում ու կարկատում են հարկ եղած մասերը։

Այս երկու արհեստական լճերի ջուրը գալիս էր Արագածի բարձունքներից և գրեթե մի մասն էր գյուղի արևմտյան կողմից հոսող վտակի։ Սակայն այժմ ոչ միայն խանգարվել են արհեստական լճի ճանապարհները, այլև բոլորովին դադարել է բերդի ստորոտում, հին քաղաքատեղիի մեջեն անցնող մեծ առվի վազելը, որի համար ավանդությունը կըսե, թե այս ջուրը քառասուն ջրաղաց կդարձներ, ուրկեց ստացեր է Կոխդայիրման (քառասուն ջրաղաց) անունը։ Գյուղացիների համար պարզ են բոլոր ջաղացատեղերը և ցույց են տալիս մի շատ ջաղացատեղեր և քարեղեն նավեր:

Բերդից ցած, այժմյան գյուղի սահմաններում ևս քրիստոնեական խիտ բնակչություն եղել է. մեկ խոսքով՝ այս շրջանում, նախաքրիստոնեական ամենահին ժամանակներից մինչև այսօր կյանքը չի դադարել, շատ դարաշրջանների ապացույցներ կան թափված այս գյուղի շրջակայքում։ Գյուղի ծայրը մի նոր եկեղեցի են շինել, որի արևմտյան դռան մի բարավորը 5-7-րդ դարու քանդակազարդ կոթողից է շինված, բնականաբար իբրև արժեքից զուրկ այս հնամենի մեծարժեք քարը, դռան կողքին իբրև բարավոր զետեղել են։ Եկեղեցիի արևմտյան կողմը մի գերեզմանատուն կա, որի մեջ 5-րդ և 7-րդ դարերի կամարաքարեր, խոյակներ, խարիսխներ և ուրիշ հնադարյան ճարտարապետական բեկորներ կգտնվին իբրև տապանաքար գործածված։ Բացի գյուղական եկեղեցին, գյուղի հարավային մոտակա բարձունքի վրա շինել են մատռանման մի շենք, որի մեջ դրված են, իբր պաշտաման առարկա, չորս ճակատի վրա քանդակված 7-րդ դարու քառակուսի մի կոթող և մի՝ 10-րդ և 11-րդ դարերին պատկանող, վերին աստիճանի գեղարվեստորեն նկարված և քանդակված խաչքար։

Աղթամուր.— Օշականի հյուսիս-արևմտյան կողմը կգտնվի Կզըլթամուր գյուղը, որը մեծ ուշադրության արժանի է թե գյուղի և թե այգիների մեջ, 5-10-րդ դարերի ճարտարապետական մնացորդներով։ Սակայն այժմ չեմ խոսելու անոնց մասին, մինչև որ կարգը կու գա։ Այժմ պիտի խոսեմ այգիների վերջավորության կից Աղթամուր ըսված տեղի վրա գտնված մի նախաքրիստոնեական հին բերդի մասին, որ նշանավոր տեղ է բռնում նախնադարյան և նախաքրիստոնեական բերդերի շարքի մեջ։

Աղթամուրի բերդը շինված է Քասաղ գետի աջ ափին,