այս շենքը տեսած ժամանակ ամբո՞ղջ էր մինչև կտուրը և ամբողջությունը նկարեց իր տեսածի նմա՞ն, ինչպես կա Ալիշանի «Այրարատի» մեջ, թե՞ մասամբ քայքայված էր և վերակազմեց։ Իհարկե, այդ մասին այժմ ստուգում կատարել անհնար է, սակայն մի բան պարզ է, որ ֆրանսիացիի տեսած ժամանակ եթե բոլորովին անաղարտ չէր, այնուամենայնիվ հիմակվան նման կիսավեր չէր կարող լինել։ Այժմ հազիվ ստորին հարկը մնացել է՝ արտաքուստ 3 մետր բարձրությամբ, և ներքին բաժանումների հատակագիծը՝ նույն բարձրության վրա։ Բայց որովհետև շենքը գետնահարկ չունի, բնական երեք մետր բարձրությամբ ապառաժի վրա է շինված և միմիայն արտաքին պատերն են, որ ցածից շինել են և հարթ ճակատ ստեղծել։ Հետևաբար, ներքին բաժանումների ստորին շարքերը մնացել են թեև տեղ-տեղ նույնիսկ ապառաժ, այնուամենայնիվ այժմ պարզ տեսնում ենք, թե ի՞նչ բաժանում ունեցել է շենքը։ Այս հարկի ներքին բաժանումները հնար եղածին չափ չափագրված և հատակագծված է: Նկարված պատկերը ցույց է տալիս, որ շենքը երկու հարկանի էր, բայց այժմ մենք չենք կարող գիտնալ, թե ի՞նչ ներքին բաժանումներ ուներ վերևի հարկը: Հարավային պատը, որ շենքի երկար կողմն է, ինչպես հյուսիսային հանդիպակաց պատը, հենորմերով է շինված, որոնց լայնությունը 3,80 մետր է և յուրաքանչյուր հենորմ պատից դուրս է ցցված 50 սանտիմետր: Այս հենորմերը, անշուշտ, շենքի հաստատության և ամրության համար շինված են: Շենքի չորս անկյուններուն վրա չորս մեծ քառակուսի բուրգեր են շինված մայր պատից դուրս և երևում է, որ այս բրգանման ցրված անկյունները շարունակված են դեպի վեր մինչև տանիքը (ինչպես երևում է № 28 պատկերի մեջ):
Հին ժամանակ, անշուշտ, այս շենքը եղել է իշխանական կամ տոհմապետական ամրոց. բացի շենքի ամուր կառուցվածքից, արտաքուստ հեռվից ևս շրջապատված է եղել կիկլոպյան պարիսպներով։ Շենքի հյուսիսային և հարավային կողմի պարիսպները մինչև այսօր մեծ մասամբ կան, իսկ արևելյան և արևմտյան կողմի պարիսպները միանգամայն մաքրել են գյուղացիներ և տեղերն այգի և մրգաստան են տնկել: Շենքը հեռվից շրջապատող պարիսպների հյուսիսային կողմինը հինգ մետր հեռավորության վրա է, իսկ հարավային կողմի պատը քսան և մեկ մետր հեռավորություն ունի։
Նայելով շենքի ներքին բաժանումների շատության և ընտանեկան բնակության հարմարություններին, այս շենքը ոչ միայն ամրոց էր, այլև իշխանական կամ տոհմապետական դղյակ։ Թեև ներքին բաժանումների ճաշակը մեր այսօրվա ընտանեկան պահանջների և հասկացողության անհամապատասխան է, այնուամենայնիվ մեզ համար հետաքրքրական է այն ժամանակվա մարդկանց ճաշակը, որուն պարզ արտահայտությունն է այս շենքի հատակագծային բաժանումները։
Գոնե մեզ և մեր գրականության համար անգնահատելի է Պուլեյ Լըկուզի նկարած պատկերը և հ. Ալիշանի ընդօրինակելը, որովհետև առաջին և վերջին օրինակն է թերևս, որ ունինք նախաքրիստոնեական շրջանից մնացած մի շենքի ներքին և արտաքին շինության ձևը կամ պատկերը: Այլևս կասկած չի մնում, որ Պուլեյ Լըկուզի նկարած և հ. Ալիշանի արտանկարած պատկերն այս շենքինն է: Պատկերի մեջ չորս անկյունի բրգանման դուրս ցցվածքները մինչև այժմ գոյություն ունին տեղին վրա՝ մոտ երեք մետր բարձրությունով. իսկ ինչ կվերաբերի պատկերի մեջ երևցող կամարակապ դռան, ամենայն հավանականությամբ նկարված է արևմտյան կողմից, որ այժմ գրեթե ամբողջովին փլատակ է: Ինչպես երևում է, այս կամարակապ դռան մասերը արևմտակողման փլատակների ներքև է և առանց պեղումների կարելի չէ տեսնել: Բայց որովհետև շենքի առաջին հարկի հատակն ամբողջությամբ ժայռ է, հետևաբար շենքի արևմտյան կողմը մի մասի տակ գետնահարկ ուներ, և այդ կամարակապ դուռը կպատկաներ փոքրիկ գետնահարկին և չի երևում որևէ կապ վերևի հարկի հետ:
Դրսից վերի հարկը բարձրանալու համար առանձին ճանապարհ և մուտք շինված է հարավային ճակատի արևելյան կողմին կից: Շենքի առաջին հարկի հատակը մոտավորապես երեք մեսրր բարձր էր, ուստի արտաքուստ, չորս մետր հեռվից, աստիճանաբար դեպի դուռը բարձրացող մի լայն ճանապարհ կա։ Շեղակի դեպի դուռը բարձրացող ճանապարհի լայնությունն եղել է չորս մետր, այս չորս մետր լայնությունից անկախ, դեպի վերև շեղակի բարձրացող ճանապարհի ամրության և հաստատության համար շինել են 2,10 մետր հաստությամբ պատեր՝ երկու կողմից, նույնպես շեղակի աստիճանաբար մինչև շենքը բարձրացող։ Այս ճանապարհն