կան, որոնց մին՝ արևելյանը կգնա ուղիղ դեպի Կոշ, իսկ արևմտյան կողմի ճանապարհը, որոշ չափով շեղվելով դեպի արևմուտք, կգնա Շամիրան գյուղը և հետո դեպի Թալիշ (հին՝ Արուճ): Այս երկու ճանապարհներն ընդգրկում են մի ընդարձակ միջավայր, որ ծածկված է նախապատմական գերեզմաններով և նույն իսկ գետի մյուս ափին, Հաջիղարա գյուղի մոտ եղող հին նախապատմական գերեզմանատան մի մասը կկազմե։ Կոշ գնացող ճանապարհի վրա է գրեթե «Օյուղ» ըսված բոլորշի աշտարականման նախապատմական մնացորդը։ Իսկ Կոշի ճանապարհի արևմտյան կողմը, մի ընդարձակ միջավայրի վրա, տարածված է նախաքրիստոնեական հին գերեզմանատունը մինչև Շամիրան և Թալիշ գնացող ճանապարհը։ Այս ճանապարհից դեպի արևմուտք և գերեզմանատնից դեպի հյուսիս գոյություն ունին տարբեր մեծության քարադամբաններ, որոնցից ավելի նվազ մեծություն ունին Սարդարապատից Թալին գնացող ճանապարհի վրա, Փոքր Թալինի ստորոտը գտնված 40-50 քարադամբանները: Սակայն միևնույն տիպն ունին։
Շամիրանը և Թալիշը մեկ մեկուց բաժանող ձորը դեռ չհասած, ճանապարհը ճյուղավորվելով, մեկ գիծը կծռվի դեպի արևմուտք և կհասնի Շամիրան գյուղը։ Այս գյուղին կից կա ընդարձակ նախաքրիստոնեական գերեզմանատուն։ Այս գերեզմանատան մեջ մեծ մասամբ գերեզմանները բավականին լավ տաշված և լավ ձևակերպված բոլորակ կրոմլեխներ են, որոնց յուրաքանչյուրի անմիջապես մոտը կամ մեջ տեղը կանգնված են մենաքարեր, անտաշ վիճակի մեջ:
Բովանդակ իմ պտտած շրջաններում հազիվ են պատահում այսչափ խնամքով տաշված և կանոնավոր բոլորակ ձևակերպված կրոմլեխներ, ինչպիսիք գոյություն ունին մեծ մասամբ Շամիրանի գերեզմանատան մեջ։ Հայտնի բան է, որ այս գերեզմանատունը ևս երկար գոյություն է ունեցել, ուր թե բոլորովին հին և հետնագույն որոշ չափով մշակված քարերով կրոմլեխներ կգտնվին։ Շամիրանի գերեզմանատան մեջ ինձ համար ուշագրավ եթե մի հանգամանք կա, այն ևս մենաքարերի շատությունն է, թեև զանազան տեղերի վրա հատ-հատ կգտնվին տնկված կամ ընկած մենաքարեր, իսկ Շամիրանի գերեզմանատան նման մենաքարերով առատ ոչ մի տեղ չեմ տեսել։
Գերեզմանատան մեկ կողմի վրա, որուն ներքևը մի ընդարձակ ձորահովիտ է, քաշված է բավական երկար մի պատ, հսկայական քարերով, առանց շաղախի շարված։ Այս պատն ամրոցի կամ բերդի պատի երբեք նման չէ, ինչպես երևում է, գերեզմանատան շուրջն իբրև արգելափակ քաշված է, ապականություեներե և սրբապղծություններե ազատ պահելու համար։
Շատ թռուցիկ եղած է այս գյուղի հնագիտական արշավանքը. պետք է անպայման ընդարձակ հետազոտություն և ուսումնասիրություն կատարել այս գյուղում։
Աղց (Հախս).— Պատմական տեղ է Աղց գյուղը և հնագիտական մնացորդներ կան ոչ միայն ամբողջ քրիստոնեական շրջանի, այլև քրիստոնեական հին դարերիի: Քրիստոնեական շրջանի 5-րդ դարու հուշարձաններից զատ, կա նաև քանդակազարդ ծածկույթավոր դամբարան, որը նախաքրիստոնեական լինելու ամեն հավանականություն ունի, բացի արևելյան կողմի փոքրիկ կիսաբոլորակ խորանը, որն ավելի ուշ ժամանակ քրիստոնեականի վերածելու նշաններ ունի: Սակայն, բացի ուրիշ շատ մնացորդներից, գյուղի սահմանի մեջ կա մի հուշարձան, որի նախաքրիստոնեական հին դարերի պաշտաման հատուկ վայր լինելն անկասկած է: Այս հուշարձանն այժմ մի ժայռ է, որուն երեք կողմը բաց է, թերևս անցյալում փակ ուներ, սակայն ներկայիս անհետացած է։ Ժայռը, որ բավականին բարձր է և լայն, ճակատը զանազան մեծությամբ բոլորակ փոսիկներով ծածկված է: Ուրիշ վայրերի վրա ստուգված է, որ այս բոլորակ փոսիկները նախաքրիստոնեական դարերում ժողովուրդի պաշտաման հատուկ, նվիրական նշաններն էին։ Հավանական է, որ սա ևս մի ուխտատեղի էր հին Աղցի մեջ։
Դարբանդ. — Լենինականի հյուսիս-արևելյան կողմը, գրեթե տասը կիլոմետր հեռավորության վրա, կգտնվի Դարբանդ գյուղը։ Այցելությանս միջոցին տեսա գյուղի մոտ նախաքրիստոնեական բերդի ավերակները և լուսանկարեցի չորս կողմից քանդակված քառակուսի կոթողաձև գերեզմանաքարեր, որոնք գյուղացիք բերել են իրենց ննջեցյալների վրա իբրև տապանաքար դնելու։ Այս ձևի գերեզմանաքարեր հատուկ էին նախահայկական շրջանում Փոքր Ասիային տիրապետող հեթիթներին, որոնց ուղղակի ներգործությունն է Հայաստանի վրա, դեռ հայեր քրիստոնյա չեղած։ Քրիստոնեությունից հետո ևս այդ ոճը գերեզմանաքարերի համար տևել է մինչև 7-րդ դարու վերջը։ Այս կոթողներից մի քանիսն այժմ գտնվում են Երևանի Պատմական թանգարանում:
Հարամլու.— Աղավնատուն գյուղին սահմանակից է Հարամլու գյուղը։ Այս գյուղում ի միջի այլոց կան հին քրիստոնեական մնացորդներ, սակայն, որովհետև աշխատությանս այս բաժնի մեջ միմիայն նախաքրիստոնեական մնացորդներն եմ արձանագրում, հետևաբար հետագա բաժիններում տեղ պիտի տամ քրիստոնեական հուշարձաններին։
Ավերակ գյուղից դուրս կա մի երկար բարձրություն։ Այս բարձրության վրա գոյություն ունի մի ավերակ, որի հատակագիծը միանգամայն հեռու է քրիստոնեական լինելուց։ Բայց ինձ թվում է, որ նախաքրիստոնեական վերջին ժամանակի գործ է, որովհետև քարերը միջակ մեծությամբ են և քառակուսելու համար եղած ջանքն ակներև է, նիստերը տաշված ու կոկված են, ինչպես Խզնավուզի՝ Պուլեյ Լըկուզի նկարած բերդը կամ դդյակը։ Այս ավերակը ոչ բերդի և ոչ ամրոցի նմանություն չունի։ Համոզված եմ, որ այստեղ ևս կար տոհմապետական մի դղյակ, Խղնավուզի դղյակի նման։ Այս դղյակն այնքան է քանդված, որ հազիվ հիմերն են մնացել։