Այս էջը հաստատված է
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ[1]
Ա

Մարդկային պատմության հետ, գրեթե համահավասար, սկսվում է ճարտարապետության պատմությունը, և որչափ որ մարդկությունը քաղաքակրթական զարգացման և անկման շրջաններե անցել է, ճարտարապետական արվեստն ևս զուգահեռաբար ստեղծագործող ժողովուրդի ճշգրիտ պատկերն է արտացոլացրել իր ետևը թողած հուշարձանների վրա: Ահա այս իսկ պատճառով, ավանդությունների և մագաղաթների տված պատմությունը թերի է համարվում, եթե զուգահեռաբար չեն ուսումնասիրված հին ժողովուրդների ճարտարապետական կամ գեղարվեստական մնացորդները, որոնք ավելի ճշմարտապատում և հարազատ պատկեր են տալիս նույն ժողովրդի նկարագրին:

Բոլոր ճարտարապետական պատմաբաններն ընդունում են, որ որևէ մասնավոր երկրի մեջ ճարտարապետությունը բոլորովին ինքնուրույն կերպով չէ զարգացած. սահմանակից քաղաքակիրթ պետություններ մեծ ազդեցություն են ունեցել տնտեսական կամ քաղաքական հարաբերությունների միջոցով. բայց և այնպես տեղական համայնքներ ևս, օգտակարըև պիտանին փոխ առնելով հանդերձ, հետզհետե ստեղծել են իրենց սեփական արվեստը, փոխառյալները պատվաստելով իրենց սեփական ճաշակի համաձայն: Ահա այս պատճառով է, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունեցել է իր ինքնուրույն ճարտարապետությունը, ոճերը, գեղարվեստական ձևերը և շինելակերպերը, տեղական պայմանների պահանջների և տեղում արտադրված շինանյութերի համաձայն:

Շինանյութերի տեսակետով, մի տեղ քարը, մի ուրիշ տեղ փայտը ծառայել են իբրև շինանյութ, իսկ շինանյութերը չգտնված երկիրներում ստեղծել են քարին ու փայտին փոխարինող ուրիշ միջոցներ, հողն օգտագործել են իբրև շինանյութ, պատրաստելով նրանից թրծված կամ անթուրծ աղյուսներ և նրանցով կանգնել են հսկայական շինություններ:

Կիսավայրենի մարդկության իբրև բնակարան օգտագործած քարայրերից և խուղերից սկսած մինչև մեր օրերի ճարտարապետական հրաշալիքների հասնելը, բազմաթիվ դարեր տևեցին, փոփոխակի անկումներով, վերածնություններով և փոխանցումներով և այդ ժամանակի երկար տևողության մեջ անթիվ սերունդներ մաշվեցին՝ միշտ նորը, նպատակահարմարը և ժամանակի պահանջների համաձայն ձևեր ստեղծագործելու ճիգեր թափելով:

Եկել են ստեղծագործող ժողովուրդներ, որոնք անակնկալ կերպով անհետացել են կամ ձուլվել քաղաքականապես ավելի զորեղ ժողովուրդների մեջ: Սակայն երկրի նոր տերերը, որդեգրելով հանդերձ իրենց նախորդների ստեղծագործած ճարտարապետական ավանդական ձևերը և նպատակահարմար ու հանճարեղ շինելակերպերը, հինը անճանաչելի դառնալու չափ այլափոխել և նոր վայելչություններ տվել են՝ իրենց նորագույն ըմբռնումների համաձայն:

Ճարտարապետության մեջ միևնույն հեղաշրջումները հաճախ պատահել են նաև այնպիսի ժողովուրդների մեջ, որոնք թեև շարունակել են կյանքը, սակայն հանակնկալս փոխվել են նրանց պահանջները և քաղաքական պայմանները: Այս վերջինիս պատճառ եղել են պատերազմները, գաղթականությունները և քաղաքական նվաճումները: Այս հեղաշրջումները երբեմն ավելի բարձրության հասցրին ճարտարապետական արվեստը, իսկ երբեմն, փառասիրական ձգտումներով, ծանրաբեռնեցին շենքերը չափազանց ճոխ և աննպատակահարմար զարդարանքներով և հավելվածական մասերով, որով միանգամայն կորավ նախկին վսեմ պարզությունը և դատապարտվեց վերջին անկման:

Ահա այս բազմատեսակ ճարտարապետական արվեստների պարբերական զարգացման և անկման ենթարկված երկիրներով շրջապատված էր Հայաստանը,

  1. Այս աշխատությունը, որ անվերնագիր վիճակում գտնվեց հեղինակի ձեռագրերի մեջ, գրված է երեք տետրակում: Ըստ երևույթին հեղինակը գրել է վերջին տարիներում, իբրև «Նյութեր հայ ճարտարապետության պատմության» աշխատության ներածություն: ԿԱԶՄՈՂ