Այս էջը հաստատված է

երկու խոսքով ամփոփել, թե՝ «հայ ճարտարապետությունը կույր հետևողություն է Հայաստանը շրջապատող մեծ ազգերու ճարտարապետական արվեստներուն»։

Բայց այժմ սկսեր է անցնիլ այդ շրջանը. նորագույն հետազոտողներ ավելի մոտ են քննելով, կամաց կամաց կհամոզվին, թե հայ ճարտարապետությունը կույր հետևողության մեծ փաստեր չտալեն զատ, նաև տեղ-տեղ մրցող և քան իր մեծ դրացիները գերակշռող դառնալ կսպառնա։

Ինչո՞ւ և ինչպե՞ս սկսեցին հին կարծիքներու փոփոխությունը, այդ շատ պարզ է, որովհետև վերջին տարիներու մեջ ուսումնասիրող գիտնականներ ավելի առատ և նպատակահարմար նյութեր ունեցան իրենց սեղանին վրա։

Բայց առատ և նպատակահարմար ըսելով, չի կարծվի, որ Հայաստանի մեջ ուսումնսիրելի ինչ նյութեր որ կային, անոնց մեծ մասը գրքերու մեջ մտան, երբեք: Միայն վերջին տարիներու մեջ կատարված մասնավոր պեղումներ, իսկական հիշատակարաններե առնված լուսանկարներու որոշ քանակություն մը և խնամքով կատարված քանի մը նորագույն չափագրություններ եկան հին, աղավաղված պատկերներու տեղը բռնելու։ Մեկ քանի բարեխիղճ գիտնականներ ալ վերջին քանի մը տարիներու մեջ կարճ և սահմանափակ ճանապարհորդություններ կատարեր են պեղումները և հիշատակարանները անձամբ տեսնելու համար։

Ահա այսքանը բավական եղավ հայ ճարտարապետության համար նոր դարագլուխ մը բանալու։ Հայ ճարտարապետության ուսումնասիրության այս նորագույն շրջանը սպառնական է նաև հանդեպ շատ մը հայ և ևրոպացի քննադատներու, որոնք մեծամեծ հատորներ գրեցին հայ պատմագրաց շուրջը՝ զանոնք մեծ մասամբ անվավեր և չափազանցված տեղեկատուներ համարելով:

Ճիշտ է, որ հայոց պատմությունը իր մեջ ունի դյուցազներգական, առասպելական և կրոնական տարրերով տիրապետող բաժին մը, որ եթե պետք եղածին պես զտենք, շատ քիչ բան կմնա անցյալի մեջ հայուն քաղաքական և տնտեսական վիճակը բացատրող։ Ուստի շատ բնական էր, որ հառաջ պիտի գար այն ողորմելի գիտակցությունը, ինչ որ քննադատներ կազմեցին լոկ պատմագրաց վրա հիմնվելով առանց զուգընթացաբար ուսումնասիրելու Հայաստանի բազմադարյան անթիվ հուշարձանները։

Այս երևույթի մեջ ինչո՞ւ միայն հայը մեղադրել. ուրիշ ազգերու ալ հին պատմությունները ոչ նվազ առասպելներով և կամայական խեղաթյուրումներով հյուսվածքներ էին գրեթե դար մը առաջ: Սակայն անոնք գիտնականներու ձեռքով մաղվեցան, զտվեցան պեղումներով և անդադար խուզարկություններով։ Այսօր ալ հիներուն տեղ, բոլորովին նոր պատմություններ գրվեցան ավելի ճիշտ, ավելի ընդարձակ և ավելի պատվաբեր այն երբեմնի մեծ քաղաքակրթությունը ստեղծող մեռած կամ կենդանի ազգերուն։

Մեր հին պատմագիրներ կարծվածին չափ անպետք չեն. անոնք շատ օգտակար կըլլան մեզի, եթե դարավոր հիշատակարաններուն հետ զուգընթացաբար մասնագիտորեն ուսումնասիրվին։ Ահա այն ժամանակ շատ մը առեղծվածներ կլուծվին և շատ մը առասպել ու չափազանցություն կարծված հատվածներ ճշմարտության կփոխվին:

Ասկեց քանի մը տարի առաջ ո՞վ կարող էր երևակայել, որ ամենեն շատ քննադատված Մովսես Խորենացիի Վիշապազուններու և Վիշապներու պալատի առասպելը իրականության փոխվեր: Բայց Խորենացիի առաջին հաղթանակը չէ ասիկա, ուրիշ շատ հաղթանակներ ալ տարավ. վերջերս Գառնիի լեռանց անմատչելի բարձունքներուն վրա մինչև 7 կանգուն բարձրությամբ բազմաթիվ կոփածո վիշապներու գյուտը ավելի ևս խոնարհեցնելու կոչված է պատմահոր քննադատները։ Պր. Ն. Մառ այս տարվան հուլիսի վերջերուն կատարած արշավանքի ժամանակ այդ հսկա վիշապներեն շատերը լուսանկարեց, և հուսալի է, որ շուտով անոնք լույս կտեսնեն։

Համաշխարհային հռչակ ստացած Անիի մասին մեր 10-14-րդ դարերու պատմագիրներ հակիրճ տեղեկություններ միայն տված էին. սակայն այդ տեղեկությունները կատարյալ առասպելի գույն ստացեր էին քննադատներու գրչին տակ մինչև այսօրվան բազմակողմանի լուրջ հետազոտություններ կատարվիլը, ուրկե երևաց, որ սակավախոս հայ պատմագիրներու գրածները ոչ միայն առասպել չէին, այլև, համեմատելով իրականին հետ, գրեթե ոչինչ էին գրած անոր մասին:

Մեր օրերուն հայ և օտար ճանապարհորդներու կողմանե ամբողջական հայոց պատմութենեն ավելի ընդարձակ գրականություն մը ստեղծվեցավ միայն Անիի անունով. այնուամենայնիվ այդ ամենը դեռ սկիզբն է 10-11-րդ դարերուն Շիրակի մեջ զարգացող բարձրագույն քաղաքակրթության պատկերը ցույց տալու համար։ Ասիկա մեզի սքանչելի դաս մըն է սորվելու համար. թե՝ առանց մնացորդ հիշատակարաններով ուսումնասիրության, ոչ միայն անկարելի է հայ ազգի դարավոր անցյալը ճանչնալ, այլև անկարելի է նույնիսկ մեր ձեռքը եղած աղքատիկ պատմագրություններն ալ լիովին հասկնալ։

* * *

Հայոց պատմությունը աշխարհական և քաղաքականե ավելի եկեղեցական ըլլալուն բնական պատճառներ շատ կան։ Ուրիշ տեսակ ալ չէր կրնար ըլլալ, քանի որ քրիստոնեությունը Հայաստանի մեջ ընդհանրական կրոն հռչակված օրեն ավելի միահեծան տիրապետողներ եղան կրոնական գլուխները, քան աշխարհական վարչապետները։ Եթե Տրդատ պահ մը ինքնակամ հաճությամբ, Գրիգոր Լուսավորիչը բացարձակ տեր դարձուց արքունի գանձին և զինվորական զորության, անկեց հետո եկող հայրապետներուն համար անդիմադրելի պահանջ դարձավ վարչական և տնտեսական գործերու մեջ ալ գերիշխան դիրք ձեոք բերելը։ Հոգևոր և մարմնավոր պետերու գերակշռության մրցումը տևեց մինչև հայուն կատարյալ քաղաքական անկումը, որ եթե չըսեմ ավելի, գեթ հավասար չափով նպաստեց