Այս էջը հաստատված է

գտնել ջանացած են ոմանք, որոնց մեջ ամենեն հառաջադեմ եղավ Դյուբուա: Այս գիտնականը չէ թե միայն մյուս ճարտարապետաց պես հանձն առած է հիմնական որմունքն այն հնագույնները կարծելու, այլև հնագույն եկեղեցին վերակազմելու ջանացած է, որ բոլորովին կամայական է. ինչպես նաև այն հետևությունը, թե որովհետև ի բովանդակ հայս միայն ասոր վրա հունական ազդեցություն կկարծե տեսնել, այս շենքը Տրդատա ժամանակի շինությունը ըլլա, որ Հռոմ սնած ըլլալով, հռոմեական շինության ձևեր մուծանելու ջանացած է կըսե...։

Եվ այսպես, բովանդակ հատակագիծը, ի բաց առյալ հյուսիսակողման, հարավակողման և արևմտյան կողակաց բնիկ հայկական ձևը, բոլորովին համեմատ է բյուզանդական գմբեթավոր եկեղեցյաց առաջին կաղապարին, որ Հուստիանու ժամանակ սկսավ գործածվիլ։

Բայց այս հատակագծին, որ հավանականագույնս հնագույն շինվածքե մնացած է, չի վերաբերիր արևմտյան կողմի կարմիր պորփյուրանման քարե շինված զանգակատունը, որ 1654-ին շինված ավելցված է։ Նաև եկեղեցվույն հիմեն վեր եղած շինվածքը նոր է բոլորովին, վասնզի Շահաբաս 1604-ին եկեղեցին ու վանքը կործանեց և փլատակները Սպահանու մերձակա Ջուղա գյուղը տարավ, որ նոր եկեղեցի մը շինվի: Մովսես վարդապետ, որ ետքեն կաթողիկոս եղավ, նորոգեց 1627-ին ավերակները։ Իր հաջորդը Փիլիպպոս շարունակեց գործը, զոր 1682-ին լրացուց Եղիազար կաթողիկոս։ Այս ժամանակեն ետքը դույզն փոփոխությունք եղած են միայն»։

(Հով. Ստրչիգովսկի. Էջմիածնի ավետարանը։ — Ուսումնասիրություն հայկական, ռավեննական և ասորա-եգիպտական գեղարվեստի։ Թարգմ. հ. Բառնաբաս վարդ. Պիլեզիկճյան։ Վիեննա, 1892, երես 3-4):

Էջմիածնի վերջին անցքերու տեղեկությանց աղբյուրներն են Առաքել վարդապետ Դավրիժեցվո Պատմությունը և Հովհ. եպ. Շահխաթունյանի «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի» անուն գիրքը, բայց ասոնց մեջ այնպես չեն պատմված իրողությունները, ինչպես որ լսեր է Ստրչիգովսկին։

Ստրչիգովսկիի համար ներելի են այդ խեղաթյուրումները՝ քանի որ ինքը հայերեն չգիտեր վերոհիշյալ երկու աղբյուրները անձամբ ուսումնասիրելու համար. այս պարագան դատապարտությունը կմնա տեղեկատուին, որ տգիտարար մոլորության մեջ է ձգեր գիտնականը։ Թեև Ստրչիգովսկի ինքն ալ բոլորովին մեղադրանքե ազատ չէ կարող ըլլա, որ հիմնվելով իր տեղեկատուին տված մանրամասնություններուն վրա, չէ հետաքրքրվել Էջմիածնի տաճարը արվեստագիտորեն քննելու և բոլորովին իզուր մեղադրել է Դյուբուայի նման բարեխիղճ գիտնականին, կամայական համարելով անոր կատարած հին ձևի վերակազմությունը։ Եթե լուրջ ուշադրությամբ քննած ըլլար, անպայման պիտի տեսներ և համոզվեր, որ ոչ միայն Շահաբաս հիմնահատակ չէ ըրած, այլ մինչև 5-րդ դարու շինութենեն ալ մասեր մնացած են պատերուն մեջ։

(Այս մասին ավելի ընդարձակ բացատրություն տեսնել իմ «Էջմիածնի տաճարը» աշխատությանս մեջ։ Տպագր. Թիֆլիս, 1910, երես 3-5) [Ներկա ժողովածուի 3-րդ մաս]։

Թեև Շահաբաս մտածեր է պահ մը Էջմիածինը ամբողջովին քանդել և անոր քարերով նոր Էջմիածին շինել Պարսկաստանի Ջուղա քաղաքին մեջ, որպեսզի հայոց սերը Հայաստանեն կտրելով՝ Պարսկաստանի հետ կապե, սակայն որևէ պատճառներով այդ նպատակը անիրագործելի մնացած է։ Ես այդ պատճառներուն վրա առանց կանգնելու կքաղեմ Առաքել պատմագրի տաճարին քանդվելուն և վերաշինություններուն վերաբերյալ հատվածները.

«Իսկ Թահմազ Ղուլի խանն՝ յետ Լուսաւորչի աջոյն առաքելոյ, բազում ջանիւ հոգայր զքարինսն առաքել, վասն որոյ ինքն յոլովուք զօրականօք գնաց ի սուրբ Էջմիածին և զնշանաւոր քարինսն Էջմիածնի քակեալ հանին ի տեղւոյն, որք են այսոքիք. սուրբ սեղանն յորոյ վերայ պատարագն սուրբ մատչէր, և այս սեղանոյս սիւնն. Քրիստոսի իջման տեղեաց քարն, աւազանն. մէկ քարի կողման հարաւային աստիճանի բեմին, մէկ քար ի կողման հիւսիսայնոյ աստիճանէ բեմին վասն զի աւագ բեմի աստիճանքն յերկուց կողմանց են՝ ի հիւսիսոյ և ի հարաւոյ. չորս քար ի չորից անկեանց եկեղեցւոյն, ի դրուց կողմանէ. երկու քարէ մոմդան [աշտանակ] որ մեծ իւղաբերից մոմ դնեն ի մէջն և վառեն, երեք այլ ուրիշ քարինք ի սալայատակ քարանց բեմին, ընդ ամեն տասն և հինգ քար»։

(Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ։ Վաղարշապատ, 1896, գլ. ԺԵ. երես 212)։

Ինչպես կտեսնվի Առաքել պատմագրի այս հատվածեն, Շահաբաս բավականացեր է տասն և հինգ քար միայն քանդել տալով։ Իսկ ինչ կվերաբերի Մովսես վարդապետի նորոգության, դարձյալ կարելի է տեսնել նույն Պատմության ԻԴ գլուխին մեջ, որ Շահաբասի արշավանքեն հետո ալ կանգուն էին եկեղեցվո պատերը, անվնաս էին պատուհանները՝ միայն առանց վանդակի, դրսի կողմեն քանդված էր տանիքի սալահատակը, պատերեն քարեր էին թափած, գմբեթին գլուխը վնասված էր։

«Եւ մեծամեծ լուսամուտքն զոր ունի, ամենն ի բաց կայր առանց վանդակի... իսկ յարտաքուստ կուսէ գլուխ կաթողիկէին և տանիքն ամենայն և երեսք որմոցն քանդքանդեալք և քարինքն թափեալք և որմոց յատակաց վէմքն փշրեալ և ծակոտեալ»։
Հետո առանձնապես ցույց կուտա եկեղեցվո նորոգված մասերը։
«Յետ այսորիկ եկեղեցւոյ գմբէթի տանիքն նորոգեցին, քանզի սալերն քանդեալ և ի տեղւոյն ի բաց ոստեալք էին»։
Եկեղեցվո այս կանգուն դրությունը Շահաբասի արշավանքեն հետո, տեսավ նաև Տիկտանդեր գերմանացի ուղևորը 1604 թվականին, որուն մասին հ. Ղ. վ. Ալիշան կգրե իր «Այրարատ» երկասիրության մեջ.
Եւ խնդրեալ [Տիկտանդեր] հրաման ի շահէն՝ եկն ի քննին Էջմիածնի, զոր և ասէ ի Թուրքաց կոչիլ