Եվ չի սիրի նա ուրիշին, մտքով անգամ չի հանդգնի.
Բախտ համարի տանջվել սիրուց, յարի համար կրակն ընկնի։
29
Ո՞ր խելացին կվստահի՝ բանալ անունն իր սիրածի,
Նա շահ չունի ինքն այդ բանից՝ իրեն, յարին կվնասի.
Թեկուզ գովե ինչքան կուզե, խոսքով ինչու կոտրե անուն,
էհ, ի՛նչ դարձավ սիրտս մարդու՝ թե չցավի յարի սիրուն։
30
Զարմանում եմ՝ մա՛րդս ինչպես է իր սիրածի նայում սերին.
Եթե սիրեց՝ ինչպե՜ս է նա վարկաբեկում սիրած յարին.
Թե չի սիրում, թո՛ղ որ ատի, ինչո՞ւ է նա վատախոսում.
Բայց վատորդին վատախոսելն հոգուց, սրտից վեր է դասում։
31
Եթե սիրողն յարի համար հառաչում է և միշտ լալիս.—
Առանձնանալ, սարերն ընկնել՝ շատ է նրան այդ սազ գալիս,
Բայց մտքի մեջ իր սիրածից միշտ անբաժան պիտի մնա,
Եվ չհանի իր սերն ի ցույց, եթե մարդու հանդիպի նա։