560
Երբ այս մարդկանց ճամփա դրի, սիրտս ինչ-որ կասկած ընկավ—
Ես նրանից չունեի լուր՝ տանջումը իմ սաստիկ դառավ,
Պարիսպներից դուրս գնալով, դաշտերի կողմ ոտս դրի,—
Եվ սոսկալի բան լսեցի, գլուխս հազիվ չկորցրի։
561
Տեսա երկու մարդ հետևակ, ես նրանց կողմ շտապեցի.
Մի կին էր այն և իր ծառան, ով էր՝ իսկույն ճանաչեցի.
Ասմաթն էր այն՝ մազը գզած, երեսն արյունն էր հեղեղում,
էլ չէր կանչում ինձ ժպտալով, ոչ երեսիս էլ ծիծաղում։
562
Նրան տեսա՝ ես ապշեցի, կասկած ընկավ՝ միտքս դիվել,
Ու ձայն տվի. «Ի՞նչ պատահեց, ի՞նչ կրակ է այդ մեզ այրել»։
Մղկտում էր, նա հեկեկում՝ հազիվ բառերն այս շշնջեց.
«Աստված կամարն, ա՜խ, երկնքի ցասումով մեր գլխին շրջեց»։
563
Մոտ գնացի՝ «Ի՞նչ է եղել, ասա ճշտիվ»,— հարցում կրկին,
Նորից լացեց նա խղճահար, նորից խփեց բոցն իր սրտին։
Երկար խոսել նա չէր կարող՝ տասնապատիկ իր վշտերից,
Ու ներկում էր կուրծքը կարմիր՝ արյան կաթիլն իր այտերից։
564
Ասաց ապա. «Ինչո՞ւ ծածկեմ, ամեն ինչ քեզ հիմա կասեմ,
Բայց ողորմա՛ծ եղիր այնպես, ինչպես ես քեզ կուրախացնեմ-
Ինձ մի թողնիր դու կենդանի, մի ապրեցնի, խղճա դու ինձ.
Քո աստուծո սիրո համար՝ ազատ արա ինձ աշխարհից։