Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/106

Այս էջը հաստատված է

ՆՈՒՐԱԴԻՆ - ՖՐԻԴՈՆԻ ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԲ ՀԱՆԴԻՊԵՑ ՏԱՐԻԵԼԻՆ

583 Ծովի ափին մի գիշերով այգիների ես մոտեցա.
Մի կողմ ժայռեր էին ցցվում, թվաց՝ քաղաք ես մի հասա։
Ես մարդ տեսնել չէի ուզում, բացվում էին վերքերն իմ խոր.
Անցա այնտեղ՝ հանգստանամ, տեսա ծառեր սաղարթավոր։

584 Ես քնեցի ծառերի տակ, իսկ իմ մարդիկ հացի նստան,
Ելա ապա ես վշտահար, մրմռումից սրտիս հուրյան.
Չէի լսել նրա մասին վաղուց մի լուր՝ սուտ, իրավուն,
Ու ոռոգում էի դաշտերն՝ արցունքներս անվերջ, անհուն։

585 Ճիչ լսեցի՝ տեսնեմ հեռվում՝ կանչում էր մեկն ինչ–որ ահվոր
Վազում էր նա ափով ծովի, վերքը՝ ցավով, նա՝ վիրավոր,
Իսկ վերքի մեջ սրի ջարդոն, արյուն էր հորդ այնուստ թափվում,
Սպառնում էր նա թշնամուն, և հայհոյում, և գանգատվում։

586 Հեծած էր նա մի սև նժույգ, ինձ է որը արդ պատկանում.
Արշավում էր նա զայրացած, խռով՝ նման սաստիկ քամուն։
Ես ծառայիս ուղարկեցի, ուզում էի նրան տեսնել,
Ասի. «Կանգնի՛ր, ցո՛ւյց տուր, առյուծ, ո՞վ է նեղել, վշտացրել»։

587 Նա խոսք անգամ չուզեց լսել և ծառայիս ոչինչ չասաց.
Իսկույն հեծա և սլացա, հասա նրան ես ընդառաջ,
Եվ կանչեցի. «Կանգ առ, պատմիր, ինչ է եղել՝ լսեմ արդար»,
Նա ինձ նայեց՝ ես դուր եկա, և արշավին տվեց դադար.