Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/116

Այս էջը հաստատված է

643 Արդ գնացե՛ք ու ինձ թողեք, դուք ձեր գլխի տերը եղեք,
Էլ մ՛ի տեսեք արցունքն իմ հորդ, արտասուքից մի՛ սրտնեղեք»։
Երը լսեցին սրանք այսպես՝ խոսքերը իմ՝ խիստ դառնագին,
«Հե՜յ,— ասացին,— ի՞նչ հրաման, էլ չհասնի՛ մեր ականջին։

644 Մենք չենք ուզում տեսնել ուրիշ տեր ու պարոն բացի քեզնից,
Աստված թող մեզ չհեռացնի ձեր նժույգի թողած հետքից.
Ու ձեզ նայենք, տեսքին ձեր այդ՝ և գեղեցիկ, և՛ սիրելի»—
Դու մի ասա՝ կյանքը մարդուն՝ թե ծույլ իսկ չէ՝ ծույլ կդարձնի։

645 «Չուղարկեցի, եղա հլու՝ ծառաներիս ասած խոսքին,
Սակայն թողի ու հեռու անցա մարդաբնակ վայրերն անդին
Ու եղնիկի, այծյամի հետ ապրելն ինձ տուն համարեցի,
Ցածում՝ ձորեր, բարձրում՝ սարեր՝ ես իմ ոտքով տրորեցի։

646 Գտա այրերն այս անբնակ ու դևերի ձեռքով տաշած,
Հարձակվեցին՝ կոտորեցի, ես նրանցից չեղա խաբված,
Սպանեցին իմ ծառայոց — նրանց հագին զրահն էր վատ։
Ինձ հորձա՛նքը կպավ կյանքի, նա՛ ինձ արեց կնճռաճակատ։

647 Ահա, եղբա՛յր, այդ օրվանից այստեղ եմ ես, այստեղ մեռնում.
Խելակորույս դաշտեր վազում, մերթ լալիս եմ, ուշաթափվում,
Այս կինն ինձնից չի հեռանում, սա էլ՝ այրվո՛ղ նրա համար,—
Ես չեմ ձգտում ուրիշ ելքի՝ մահ եմ միայն փնտրում համառ։

648 Որովհետև ինձը սիրուն դե՛մքն է նրա ինձ հիշեցնում՝
Սիրում եմ ես նրա մորթին ու մորթեկար հագուստ հագնում,
Այս կինն է իմ շորը կարում, մերթ հառաչում, անում մերթ ախ,
Թուրս, սակայն, զուր եմ սրել՝ չեմ սպանել ես ինձ, ավա՜ղ։

649 Իմ կորածին հիշե՛լն է լոկ ինձ այս կյանքի հետ շաղկապում,
Ա՜խ, անկարող է ներբողել նրան երգիչն էլ իմաստուն.
Վայրենացած ես այնուհետ, համակյաց եմ նրանց ապրում,
Ու երկնքից ոչ ուրիշ բան, մահ եմ միայն ես աղերսում»։

650 Խփեց դեմքին, այտերն անգին՝ պատառոտեց—վարդը պոկեց.
Լալը փոխեց դեղին սաթի ու ողջ բյուրեղն իր փշրոտեց։
Ու վայր հոսեց շիթն արցունքի Ավթանդիլի թարթիչներից,
Եվ սփոփեց կինը նրան՝ աղաչանոք պաղատալից։