Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/123

Այս էջը հաստատված է

692 Եվ երբ լսեց պատմությունը՝ իղձը նրա եղավ կատար,
Պայծառացավ դեմքը լուսնի, որպես լույսով պսակատար,
Ասաց. «Արդյոք ի՞նչ խորհուրդ տամ՝ ուրախալի և ցանկալի.
Ի՞նչ է, արդյոք բուժիչ դարմանն այդ հեգացող վիրավորի»։

693 Կտրիճը թե. «Ով է նեցուկ՝ ի կործանում փութող մարդուն,
Իրեն այրեց նա ինձ համար, թեկուզ այրած ինքը ի բուն։
ժամ տուր, որ ես վերադառնամ՝ խոստացել եմ օգնել նրան,
Երդո՛ւմ տվի իր արևով, արևի է ինքը նման։

694 Պետք է ընկերն իր ընկերոջ հոգսը ուսել չվարանի,
Սրտի դիմաց իր սիրտը տա, սերը՝ ճամփա, կամուրջ անի,
Ինչպես սիրողն է սիրածի վիշտը անում իր սեփական,
Ուստի և ինձ, առանց նրան, խինդը լաց է, ի՛նքս՝ անկամ»։

695 Արևն ասաց. «Սրտիս բոլոր իղձերն արդեն կատարվեցին.
Նախ՝ դու եկար բարեհաջող, ինքդ գտած այն կորածին,
Զորացել է սերդ ապա՝ որ ի՛նքս էի ցանել քո մեջ.
Գտա նաև ճարն իմ սրտի, ինչ մաշում էր, այրում անշեջ։

696 Բախտը մարդուս դեմ է գալիս եղանակի նման տարբեր.
Արև է մերթ, մերթ էլ պայթում՝ երկնից ժայթող գոռ ամպրոպներ.
Վիշտ ունեի թե մինչ հիմա, խինդն է հիմա ինձ համակում,
Թե որ կյանքում բերկրանքը կա՝ ինչո՞ւ ոմանք վիշտ են ապրում։

697 Ու ինչ լավ է՝ քեզ չէ հատուկ՝ դու չես լինում երդումնազանց.
Բարեկամին՝ սերն իր ամուր, թող կատարե ամեն մի անձ։
Պետք է փնտրել նրան դարման, ի հայտ անել՝ անհայտ է ինչ,
Դու ի՛մն ասա, խավարածի՛ս՝ ինչպե՞ս փարվեմ արփուն ես ջինջ»։

698 Կտրիճը թե. «Կշտիդ թեկուզ, բայց ութացան վշտերն իմ յոթ.
Ցրտահարին տաքացնելու՝ ջուր սրսկե՛լն է ավելորդ.
Զուր է սիրել, երկրպագել՝ զուր է արեգն արևմուտի —
Թե քեզ մոտ եմ՝ տեր մեկ վշտի, թե հեռանամ՝ հազարոտի։

699 Վայ թե գնամ՝ ո՛վ գիտե ուր, բոցը երիս խեղճիս խանձի
Սիրտս դառնա թիրախ նետի, նետը մեկի ինձ հարվածի
Այսօրվանից ինձ ապրելու կյանքից մնաց երրորդ միայն
Թե թաքցնել ես կամեցա՝ տանջանք նորեն ավելացան։