Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/129

Այս էջը հաստատված է

724 Առել է ինձ կրակն ահա այն կտրիճի, իր սիրածի,
Սպանում է բաղձանքը ինձ, չտեսնելս ցանկացածի.
Նա ինձ հոգին չի խնայի՝ հատուցում պիտ հատուցումին
Պետք է սիրել իրոք շռայլ ու անխնա բարեկամին։

725 Նրան տեսնել ցանկանալը սրտիս համար ուռկան դարձավ.
Սիրտս մնաց այն ուռկանում, այնտեղ մնալ նա ցանկացավ։
Այրում է նա մերձավորին — նրան աստված արև՛ ծնեց,
Ասմաթն ապա ինձ քույր իբրև՝ քրոջից էլ նա վեր դասվեց։

726 Բաժանվելիս երդում տվի, երդում ամուր ու սաստկագին
«Բաց ճակատով, ո՛չ սևերես, քեզ տեսնելու կգամ կրկին.
Պիտի փնտրեմ լույսին ես քո, քեզ չթողնեմ էլ խավարում»,—
Ժամ է արդեն իմ գնալու՝ մարմանդ հուրն է հոգիս այրում։

727 Ճշմարիտ եմ ասում ամեն և ոչ իբրև խոսք-պարծեցում,
Չեմ գնացել՝ դառել կրակ, նա՝ անհամբեր ինձ սպասում։
Ես չեմ դրժի երդումը իմ, խենթս խենթին չեմ ուրանա.
Ուխտադրուժի գործը երբեք հաջողությամբ չի վերջանա։

728 Գնա պալատ և զեկուցիր իմ փոխարեն մեծ արքային.
Երդումս ահա նրա գլխով քեզ՝ վեզիրին՝ Ոստասրային,
Ինձ չպահի, չեմ մնալու, թե որ պահի՝ ի՞նչ պիտ անի,
Լեր օգնական՝ չայրի հուրը, պալատ գնա՝ ես կա՛մ քանի։

729 Ասա նրան. «Գովում է քեզ ամեն միտող մարդ-արարած,
Ինչ երկյուղ ես թե ինձ ազդում՝ հայտնի անե թող քեզ աստված.
Բայց այն կտրիճն հալվեակազմ այրել է ինձ ու խորովել,
Սիրտս տարավ ակնթարթում, ես՝ անկարող սիրտս պահել։

730 Այժմ, արքա, առանց նրան այստեղ ապրել ես չեմ կարող.
Սիրտս թողած, առանց սրտի, ի՞նչ եմ խենթս, ինչի կարող,
Թե ես նրան օգուտ տվի՝ ձեր անունը կպանծանա.
Թե չտվի, սիրտս կտամ, ուխտս կոտրած ես չեմ մնա։

731 Ու գնալուս՝ թող սիրտը ձեր չնեղանա, չվշտանա.
Թող կատարվի գլխին իմ այն, ինչ որ աստվա՛ծ կցանկանա.
Թող տա աստված՝ հաղթանակենք, ձերը ձեզ մոտ վերադառնա,
Թե չդառնամ՝ դու՛ք հաղթ կացեք, ձեր թշնամի՛ն թող թուլանա»։