740
Այժմ վեզիր, այս ամենին ո՞ր սիրտը քար կդիմանա.
Իմ տեղ եթե երկաթ լինի — մոմ կդառնա, չի կարծրանա.
Ա՜խ, արտասվաց չեմ հատուցի՝ Գեհոնն աչքես իսկ անպակաս,
Օգնիր դու ինձ, գուցե մի օր՝ ի՛նքդ օգնության կարիքն զգաս։
741
Թե չարձակի—ես կփախչեմ, կերթամ ծածուկ, իմաց չեմ տա.
Կկատարեմ կամքը սրտիս, թող իմ կրակն ավելանա։
Քեզ մի առիթ չի վնասի, թե առիթի չէ՛ մտադիր,
Ասա, թեկուզ նա բարկանա, զոհողության անձը քո դիր»։
742
Վեզիրն ասաց. «Կրակը քո ինձ էլ գցեց հրի քուրան,
Արցունքիդ չե՛մ կարող նայել՝ չքանում է աշխարհն անգամ.
Մերթ չասելուց՝ ասելն է լավ, մերթ էլ՝ ասելն է հանցալի.
Պիտի ասեմ, թեկուզ մեռնեմ, կյանքս թող քեզ մատա՛ղ լինի»։
743
Երբ այս ասաց՝ վեզիրն ապա ուղևորվեց դեպի պալատ։
Հագնված էր արդեն արքան՛, նայեց՝ երեսն արևապատ,
Եվ վախեցավ, չարտասանեց զեկույցը իր վիշտ պատճառող
Կանգնեց տխուր ու խորհում էր՝ միջոց գտնել, թայց ոչ վիճող։
744
Արքան տեսավ իր վեզիրին՝ մռայլադեմ ու լուռ կանգնած.
Ասաց. «Ի՞նչ կա, այդ ի՞նչ գիտես, ինչո՞ւ եկար այդպես նեղված»։
Պատասխանեց. «Բան չգիտեմ, բայց իմ գլխին վայ եմ տալիս,
Իրավ եք, թե ինձ սպանեք, պիտի ասեմ բան սոսկալի։
745
Իմ տրտմությամբ ցավս, ավազ, չի՛ մեծանա, չի՛ մեղմանա.
Երկնչում եմ, թեպետ հայտ է՝ դեսպանն ահից չի՛ վախենա.
Ավթանդիլը ձեզնից խնդրում, աղերսում է, չի պահանջում,—
Առանց պատմած այն կտրիճի՝ կյանք ու աշխարհ փուչ է կարծում»։
746
Ինչ որ գիտեր նա զեկուցեց ամեն մի բան՝ վախվխելով,
Ասաց նաև. «Արդ իմացար՝ նրա մասին իմ պատմելով,
Ինչ վիճակում նրան տեսա, ինչպես էր նա արցունք հեղում,
Արդար եք դուք, թե իսկ անգամ՝ բարկությունն եք գլխիս թափում»։
747
Թագավորը երբ այս լսեց, խիստ վրդովեց ու զայրացավ,
Գույնը նետեց ու ահավոր—տեսնողներին սարսու դարձավ.
Բացականչեց. «Ի՞նչ ասացիր, դու դիվահա՛ր, ո՞վ սիրտ կաներ.
Վատթար մարդն է գերադասում միշտ վատ լուրը առաջ լսել։