Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/136

Այս էջը հաստատված է

770 Արդ՝ ծառայել թագավորաց՝ իսկույն սրան դու պատրաստվիր,
Եղիր բարի ու կատարյալ՝ գործո՛վ ամբողջ արտահայտիր.
Տունն իմ պահիր ու պահպանիր, իշխանացիր ու իմ զորաց,
Ծառայեցիր ցայսօր ինչպես՝ կրկին դարձիր դու անձնուրաց։

771 Պահիր սահմանն իմ թշնամուց, ուժդ զորեղ, հաստատ պահի,
Մի խնայիր հավատարմին, դավաճանին՝ տուր դու մահի։
Երբ որ դառնամ, ես պարտքը քո՝ կհատուցեմ լավը-լավին,
Տիրոջ համար գործելը զուր չի՛ կորչելու ամենևին»։

772 Լսեց, աչքից Շերմադինի արցունքը ջերմ հոսեց ի վար,
Ասաց. «Երբեք մենությունից ես չեմ եղել սարսափահար,
Բայց առանց քեզ սրտիս պիտի խավար պատի, ինչպե՞ս անեմ,
Տար ինձ քեզ հետ, ես քեզ կօգնեմ, երբ հարկ լինի՝ կծառայեմ։

773 Ո՞վ է լսել մենակ գնալ այսքան երկար պանդխտության.
Ո՞վ է լսել տիրոջ ցավին չմասնակցի տիրոջ ծառան.
Քեզ՝ կորածիդ հեռվի՞ց հիշեմ, դառնամ մեկը անպիտանի՞»:
Կտրիճն ասաց. «Ինչքան կուզես արցունք թափիր, քեզ չեմ տանի։

774 Կարծում ես դու՝ չեմ հավատում, որ ինձ սիրում ես սրտալի,
Բայց գործն ուրիշ ընթացք ունի, հանգամանքը չի թույլ տալիս.
Ես իմ տունը ո՞ւմ հավատամ, ո՞վ է հարմար ուրիշ քեզ պես,
Հանգստացիր և հավատա, որ չե՛մ կարող, չե՛մ տանի քեզ։

775 Սիրահարված եմ ես եթե, պետք է մենակ տափեր չափեմ,
Ոչ թե մեկին ընկեր արած՝ արյունաներկ արցունք թափեմ.
Փախչել՝ բաժինն է սիրողի, ինչո՞ւ նստի տանը հանց ծեր.
Կյա՛նքն է այդպես, հավատա ինձ, ու դրանով՝ ինքդ գոհ լեր։

776 Երբ հեռանամ, ինձ միշտ հիշիր, շարունակիր սիրել միշտ ինձ.
Ես ինձ ի՛նքս կծառայեմ ու չեմ սարսի ոսոխներից.
Արին պետք է սրտոտ լինի, նա նեղության պետք չէ զիջի,
Ատում եմ, երբ ամոթալի գործից մարդը չի ամաչի։

777 Այն մարդն եմ ես, որ չի քաղում պառավ վարունգ այս աշխարհում,
Բարեկամի համար մեռնել՝ ինձ համար խա՛ղ, ե՛րգ է թվում,
Իմ արեգակն ինձ արձակեց, ինչո՞ւ պետք է ես կանգ առնեմ.
Եթե նրա՛ն թողնում եմ ես, ի՞նչ է տունը, որ չթողնեմ։