Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/138

Այս էջը հաստատված է

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԿՏԱԿԸ ՌՈՍՏԵՎԱՆ ԹԱԳԱՎՈՐԻՆ՝ ՓԱԽՉԵԼՈԻ ՊԱՀԻՆ

779 Ու նա նստեց՝ կտակ գրի, խոսքեր հուզիչ ու խղճալու,
«Ո՛վ թագավոր, փախչում եմ ես՝ փնտրելուին իմ փնտրելու.
Պարտավոր եմ գտնել նրան, որն իմ սրտում կրակ վառեց.
Ներիր և տուր ինձ ուղեկից քո օրհնությո՛ւնն աստծու պես։

780 Գիտեմ,— վերջում վարմունքը իմ չես պարսավի, չես զայրանա —
Խելոք մարդը սիրեցյալին, բարեկամին չի մոռանա։
Կհանդգնեմ քեզ հիշեցնել խոսք ու խրատ Պլատոնի.
«Երկդիմությո՛ւն, կեղծի՛քն իրոք վնասում է հոգու, մարմնի»։

781 Որովհետև սուտն է հիմքը դժբախտության ու փորձանքի,
Ինչպե՞ս մերժեմ բարեկամիս, որ եղբորից էլ է հարգի,
Էլ ինչ օգուտ որ իմաստուն գիտունները մեզ ասացին.
Նրա համար ենք ուսանում, որ միանանք դասք-դասոցին։

782 Կարդացե՞լ ես, սիրո մասին առաքյալներն ինչ են ասում—
Օգտակար է լավ գիտենալ ինչպես սերը բարձր են դասում—
«Բարձրացնում է սերը մարդուն» — կոչնակում են նրանք միձայն.
Թե դու ժխտես՝ անգետ մարդիկ ինչպե՞ս լինեն ինձ համաձայն։

783 Ով ինձ երկնեց՝ նա ուժ տվեց և՛ թշնամուն կործանելու.
Նա, ով զո՛ր է աներևույթ՝ հողեղենին նպաստելու,
Սահմաննե՛րը ով սահմանեց, աստված անմահ աստվածաբար,
Մի ակնթարթ և նա կանի՝ հազարը՝ մեկ, մեկը հազար։