Էջ:The Knight in the Panther's Skin, Shota Rustaveli.djvu/141

Այս էջը հաստատված է

ԱՎԹԱՆԴԻԼԻ ԱՂՈԹՔԸ

800 Աղոթում էր և շշնջում. «Ո՛վ արարիչ երկնի, երկրի,
Պատիժներ ես մերթ ինձ տալիս, մերթ էլ՝ շնորհ արեգակի,
Ո՛վ անիմաց, անասելի, ո՞վ գերիմաստ տեր տերերի,
Իմ տենչերին ուժ տուր հաղթել, իշխո՞ղ սրտի, ձգտումների։

801 Աղերսում եմ աստվա՛ծ, աստվա՛ծ, իշխո՛ղդ ողջ տիեզերքի,
Դու որ սերը և նրա ո՛ղջ օրենքներն ես կոչել կյանքի,–
Հեռու վանեց բախտս, ա՜խ, ինձ արեգակից իմ աննման,
Նրա ցանած սերն իմ սրտից դու մի՛ անի արմատահան։

802 Տեր ողորմած, բացի քեզնից չունեմ ոչ ոք, դու ես միակ,
Այս իմ երկար ճանապարհին, տեր իմ, եղիր ինձ օժանդակ.
Որ ես հաղթեմ իմ թշնամուն, ծովին հուզված, ոգուն չարի,
Ապա անձն իմ քեզ զոհ բերեմ, թե չմեռնեմ ճանապարհին»։

803 Երբ աղոթեց՝ հեծավ իր ձին ու դռներից ծածուկ ելավ,
Շերմաղինին ետ ուղարկեց, խեղճը արյուն-արցունք դառավ։
Ծառան իրեն կուրծքն էր ծեծում և հեծեծում էր խղճալի —
Երբ չի տեսնում տիրոջը իր՝ ծառան ինչպե՞ս ուրախ լինի։